
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Էմին Արիստակէսեան. վստահ եմ՝ քչերին է ծանօթ այս յօրինողի անունը: Հիմնականում Արիստակէսեանը ճանաչուեց «Պրոմեթեւս» պալեթով եւ ձայնի, դաշնամուրի համար մշակուած «Սահակ Պարթեւի Հինգ Շարականները» ստեղծագործութեամբ:
Ես եւ Էմին Արիստակէսեանը համատեղ աշխատել ենք Հայաստանի ձայնասփիւռի կայանի երաժշտական խմբագրութիւնում: Էմինը եկաւ փոխարինելու «անփոխարինելի» Արմէն Յովհաննիսեանին: Տարիներ շարունակ տարաբնոյթ խօսակցութիւններ էին շրջում երաժշտահանների եւ յայտնի երաժիշտների շրջանում, թէ ինչո՞ւ երաժշտական հաղորդումների գլխաւոր խմբագրութիւնը պիտի ղեկավարի մասնագիտութեամբ ոչ երաժիշտ Արմէն Յովհաննիսեանը, երբ, ըստ իրենց, երաժիշտների մէջ կան շատ աւելի բանիմաց եւ երաժշտութեան բնագաւառում որոշակի ներդրում ունեցած երաժիշտներ:
Սակայն ես, որ երկար տարիներ աշխատել եմ Արմէն Յովհաննիսեանի հետ, կարող եմ վկայել, որ նա բազմակողմանի զարգացած մտաւորական էր, հոյակապ թարգմանիչ ու լրագրող: Եւ երաժշտութիւնից էլ շատ աւելի լաւ էր հասկանում, քան թէ երաժշտանոց աւարտած բազմաթիւ երաժիշտներ…
Ինչեւէ, գանք մեր Էմին Արիստակէսեանին:
1975ի մօտերքը Արիստակէսեանը նշանակուեց երաժշտական հաղորդումների խմբագրութեան գլխաւոր խմբագիր: Խմբագրութեան բոլոր աշխատողների համար շատ շուտ պարզ դարձաւ, որ Էմինը, թէեւ՝ չափազանց բարի, ազնիւ ու պատրաստակամ անձնաւորութիւն, բնաւ այն մարդը չէր, որ լիարժէք ձեւով կարողանար փոխարինել Արմէն Յովհաննիսեանի նման փորձառու, գիտակ ու վարչական կարողութիւններով օժտուած մտաւորականին: Արիստակէսեանին ժամանակ էր հարկաւոր, որպէսզի յարմարուէր միջավայրին, ճանաչէր մարդկանց ու գործի բնոյթին:
Երկու-երեք խմբագիր գրական-երաժշտական հաղորդումներ էինք պատրաստում, որոնց համար յաւելավճար էինք ստանում: Որպէս օրէնք՝ գլխաւոր խմբագիրը պարտաւորուած էր կարդալ այդ հաղորդումների գրական նիւթը, սակայն Էմինը առանց կարդալու ստորագրում էր նիւթը՝ ոչ յաճախ հարցնելով, թէ ինչի՛ մասին է նիւթը:
Նման «բացթողում» հազուադէպ երեւոյթ էր Արմէն Յովհաննիսեանի հետ, սակայն, եթէ լինում էլ էր, պատճառը փորձուած վստահութիւնն էր ենթակայի նկատմամբ:
Այդ կարգի «թերութիւնները» չխանգարեցին, որպէսզի մենք լաւ ընկերներ դառնանք: Մեր ամէնօրեայ հանդիպումների ընթացքին զգում էի, որ Էմինը շատ անգամ տուն չէր ուզում գնալ, եւ նախընտրում էր իմ մեքենայով գնալ գարեջրատուն: Եւ որովհետեւ ես էլ էի սիրում գարեջուր, մանաւանդ՝ Լենինականի արտադրութեան, հաճոյքով ընկերանում էի նրան: Շատ անգամ էլ մի քանի շիշ գարեջուր գրկած, Էմինի գնած ապխտած ձուկը վերցրած՝ յայտնւում էինք մեր տանը:
Շատ լաւ եմ յիշում այդ օրը՝ 1975ի Ապրիլի 22ը: Ես եւ Էմինը կէսօրուայ մօտերքը եկանք մեր տուն: Ընկերոջս եգիպիական գարեջուր էի հիւրասիրելու: Նրա՝ է՜ն ամենալաւ, «կատարը տաքացած» պահին, խօսակցութիւն գնաց Ապրիլի 24ին եթերով տրուելիք երաժշտական հաղորդումների մասին:
– Ախր, էմի՛ն ջան,- ասում եմ նրան,- մի նոր երգ, երաժշտութիւն է անհրաժեշտ եթեր սփռել մեր ժողովրդի համար, ի վերջոյ Մեծ եղեռնի 60ամեակն է, ոգեշունչ մի բան է հարկաւոր, հասկանո՞ւմ ես, թէ չէ՝ անընդհատ տխուր, սգոյ երաժշտութիւն, էն էլ՝ հիմնականում օտար՝ Կրիկ, Շոփեն, Չայքովսքի, որքա՞ն կարելի է: Հերիք չի՞ սգանք, բա պահանջատիրութիւնն ո՞ւր մնաց:
– Լաւ, խելացի բան ես ասում, բայց ինչո՞ւ ես այսքան ուշ գլխի ընկել, եթէ ժամանակին մտածէիր այդ մասին մի խելամիտ որոշում կը կայացնէինք, օր չի մնացել, երկու օրից Ապրիլի 24ն է:
– Ուշ չէ, Էմի՛ն, ես արդէն մտածել եմ, եւ վաղո՜ւց… եթէ թոյլ տաս, երկու օրուայ ընթացքում կ՛իրականացնեմ այն, ինչի մասին վաղուց եմ երազել:
– Ասա՜, ասա՛ տեսնեմ, թէ դա ի՞նչ մտայղացում է, որ երկու օրուայ ընթացքում կարող ես իրականացնել: Եթէ խելքի մօտ բան է՝ ինչո՞ւ չէ:
– Դու, վստահ եմ, գիտես «Զարթի՛ր Լաօ» ժողովրդական երգը:
– Ի հարկէ գիտեմ, ո՞վ չգիտի…
– Այդ երգը դեռ իր իսկական գնահատականին չի արժանացել: Դա այնպէս պարզ, օրօրոցի երգ չէ: Այդ երգին պիտի մօտենալ այլ տեսանկիւնից, ինչպիսին արել է երաժիշտ Էդուարդ Բաղդասարեանը՝ Հենրիկ Մալեանի «Եռանկիւն» ժապաւէնի երաժշտութիւնը գրելու ժամանակ: Վստահ եմ՝ նայել ես այդ սքանչելի ժապաւէնը, որի աւարտին, որպէս մարտակոչ հնչում է «Զարթի՛ր, Լաօ» երգը տաղանդաւոր երգիչ Ռուբէն Մաթեւոսեանի կատարմամբ:
– Լա՜ւ, ասենք, թէ յիշում եմ, յետո՞յ ինչ… ասելիքդ ասա:
– Յետոյ այն, որ ես այդ երգի կատարումը պատկերացնում եմ տղամարդկանց երգչախմբով եւ սիմֆոնիք մեծ նուագախմբով: Եւ ճիշդ կը լինի, եթէ այն հնչի հէնց Ապրիլ 24ի օրը եւ այն էլ՝ օրուայ ընթացքին մի քանի անգամ, իսկ գիշերն էլ՝ Սփիւռքի մեր հայրենակիցների համար:
– Է՜, հասկացայ, խօսք չկայ, լաւ գաղափար է, ժամանակին անէիր, ո՞վ էր քեզ խանգարում: Ամէն միջոց կայ ձեռքիդ տակ, երգչախումբն էլ կը վարձէինք: Հիմա եկել, հասել ենք վերջին վայրկեանին, նո՞ր միտքդ ընկաւ, ո՞ւր է ժամանակը, բարեկամս:
– Էմի՛ն, եթէ դու ինձ թոյլ տաս, ես երկու օրուայ մէջ կ՛իրականացնեմ այդ երգի ձայնագրութիւնը:
– Էդ ո՞նց կը հասցնես, Հենրի՛կ, դու ինչպէ՞ս կարող ես մէկ օրուայ ընթացքում թէ՞ գործիքաւորել, թէ՛ նուագախմբի նոթաները գրել.. երգչախո՜ւմբ, «պարտիտո՜ւր» (երգի նոթաշար), դու գժուե՞լ ես, ի՛նչ է…
– Չէ՛, ո՛չ, չեմ գժուել, միայն թէ թոյլ տուր, որպէսզի իրականացնեմ վաղուցուայ երազս: Միայն բանաւոր համաձայնութիւն եմ ուզում, ուրիշ ոչինչ: Պարտիտուր չի լինելու, որը գրելու համար երկար ժամանակ կը պահանջուի, ամէն ինչ ուղեղումս է, միայն նուագախմբի եւ երգչախմբի նոթաներն եմ գրելու: Ինքս էլ անգիր ղեկավարելու եմ կատարումը:
– Իսկապէս դու խենթ ես, եղբա՛յրս, ինչպէ՞ս ես հասցնելու այդ ամէնն իրականացնել ընդամէնը մէկ օրում… չգիտեմ, չգիտե՜մ… արդէն գլուխս ցաւում է: Ի՛նչ ուզում ես՝ արա, ազատ ես քո գործողութիւնների մէջ:
– Հա՜, չմոռանամ ասել, որ ինքս ոչ մի վճարում չեմ ուզում:
– Դէ ասա ամէն ինչ որոշել ես էլի, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում, արա՜, արա՝ ի՛նչ ուզում ես, Աստուած հետդ, միայն թէ հիմա ինձ տուն տար, ետ արի ու անցիր գործիդ:
Հազիւ մի կէս ժամ տեւեց Էմինին տուն տանելն ու վերադառնալը: Ես վստահ էի, որ մինչեւ յաջորդ օրուայ կէսօրին կը հասցնեմ լուծել նոթաների տառապալից աշխատանքը: Մնում էր կարգաւորել երգչախմբի, նուագախմբի եւ ձայնագրման տաղաւարի հարցերը:
Անմիջապէս անցայ հեռախօսի գլխին: Հեռաձայնում եմ Երգչախմբային ընկերութեան երգչախմբի ղեկավար, շնորհալի խմբավար, գործունեայ Էմմա Ծատուրեանին եւ բացատրում, թէ ինչը ինչոց է:
– Էմմա Աղաբեկովնա, խնդրում եմ երգչախմբի տղաներին վաղը ժամը 12ին ուղարկել ռատիոկոմիտէ՝ ցուցակագրուած անուններով, որպէսզի մուտքին խնդիրներ չծագեն:
– Ախր ես այդ ժամին փորձ ունեմ է՜…, չի՞ լինի, որ ժամը մէկին գան:
– Չէ՛, ո՛չ, չի լինի, կը ներէք, Էմմա Աղաբեկովնա, ժամը մէկին նուագախմբի հետ է լինելու փորձը, իսկ երկուսին ձայնագրութիւնն է:
– Համա եամանն ես հա՜…, բայց ասեմ, որ լաւ բան ես մտածել, ապրես, մայեսթրօ, դէ որ այդպէս է, ես էլ մի նուէր կ՛անեմ քեզ համար:
– Ի՞նչ նուէր, Էմմա Աղաբեկովնա, ինձ նուէր պէտք չէ, ասեմ, որ երգչախմբի տղաները վճարուելու են:
– Ի՜նչ լաւ, տղերքս կ՛ուրախանան: Իսկ իմ նուէրը կը լինի մեր ընկերութեան հաշուին Մարիետային վեց հոգուց կազմուած խմբավարների խմբի հետ երկու շաբաթով Պուլկարիա պտոյտի ուղեգիր յատկացնելը:
Համաձայնութիւնը կնքուեց:
Յաջորդ հեռաձայնի «զոհը» ռատիոյի սիմֆոնիք նուագախմբի ղեկավար Ռաֆայէլ Մանգասարեանն էր:
– Ուրեմն վաղուայ փորձս «խլում ես էլի՜,- ասում է խմբավարը եւ աւելացնում.- կատակում եմ, Հենրիկ ջան, նման հայրենասիրական գործի համար կ՛ուզես տաս օր էլ տամ նուագախումբը: Վաղը ես էլ ներկայ կը լինեմ ձայնագրութեանը:
Շատ կարեւոր մի արգելք էլ կայ: Երգչախմբի համար փորձասրահ է անհրաժեշտ:
Միակ տարբերակը կայանի ժողգործիքների համոյթի խոշոր փորձասենեակն է: Ուրեմն՝ հեռաձայն համոյթի ղեկավար Մանուէլ Բեգլարեանին:
– Ջանդ սաղ ըլնի, Հենրիկ ջան, կ՛ուզես էն մի ժամն էլ վերցրու, բա մենք ո՞ր օրուայ ընկերներ ենք, որ իրար չ՛օգնենք, էն էլ՝ նման պատասխանատու գործի համար:
Կազմակերպչական գործերն աւարտուած են: Հիմա մնում էր ամենակարեւորը՝ երգը մշակելն ու գործիքաւորելը, նոթաներ գրելը սեւ թանաքի գրիչով: Այդ տարիներին Հայաստանում գոյութիւն չունէր վերատպման մեքենան: Կարծում եմ ամէնքի համար էլ յստակ է թէ ինչ տառապանք է 50 նոթաթուխթ նոթաներով լցնելը, թէկուզեւ՝ իւրաքանչիւր էջում 8-10 տող:
Տասնվեց ժամ անդադար, անընդմէջ աշխատելուց յետոյ ամէն ինչ պատրաստ էր: Ապրիլ 23ին, ըստ հերթականութեան փորձերից յետոյ, ժամը 3ին մեծագոյն ոգեւորութեան պայմաններում իրականացրինք այդ իսկապէ՛ս հայրենասիրական, բոլորի սրտից խօսող ու հարազատ երաժշտութեան, ժողովրդական «Զարթի՛ր, Լաօ» երգի մնայուն ձայնագրութիւնը:
Աւարտուել էր ձայնագրութիւնը, եւ ամէնքը պատրաստւում էին դուրս գալ տաղաւարից, բարձրախօսi միջից լսուեց հնչիւնային բեմադրիչի ձայնը.
– Խնդրում եմ միայն երգչախմբին դուրս գալ տաղաւարից: Ձայնագրում ենք միայն նուագախմբին:
Պարզուեց, որ երգիչ Յովհաննէս Բադալեանն է զանգահարել տաղաւար եւ խնդրել իր համար ձայնագրել միայն նուագախմբին:
Ես ու Էմին Արիստակէսեանը տակնուվրայ արեցինք Ապրիլ 24ի երաժշտական ծրագրերը եւ ուր որ յարմար գտանք, տեղաւորեցինք «Զարթի՛ր, Լաօ» խմբերգը: Նոյն գիշերն իսկ «Զարթի՛ր, Լաօ»ն մի քանի անգամ հաղորդուեց արտասահմանի մեր հայրենակիցների համար:
Մէկ շաբաթ անց նուագախմբի ձայնագրութեան վրայ «Զարթի՛ր, Լաօ»ն անմահացրեց փառաբանուած երգիչ Յովհաննէս Բադալեանը: