ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոսանջելեսաբնակ հայ երեխաները, Ապրիլի 20ին, ժամը 11:00ին հնարաւորութիւն կ’ունենան հանդիպելու մանկագիր Աստրիդ Քամալեանին եւ ծանօթանալու բազմաթիւ մրցանակների արժանացած նրա «Բաբo» խորագրով գրքին` հեղինակի ընթերցմամբ:
Արցախի պողոտայում, մանկագիրը երեխաներին կը պատմի հայ մանուկների կեանքի մի երջանիկ օրուայ մասին, որ տեղի է ունենում գորգ լուանալու սովորոյթի շուրջ: «Բաբo. Պատում Հայկական Գորգի Լուացման Օրուայ Մասին» մանկական պատկերազարդ գրքում Քամալեանը ներկայացնում է հայկական ընտանեկան ջերմ եւ ուրախ մթնոլորտ, որտեղ տիրող է սէրն ու ջերմութիւնը:

«Գիրքը ներկայացնում է տատիկի հետ գորգ լուանալու երեխաների սպասուած օրն ու նրանց փոքրիկ արկածները, որ նրանց մանկական երջանիկ աշխարհից մի հատուած է: Ընթերցելիս, իւրաքանչիւրը կարող է պատկերացնել հայկական երջանիկ, համով-հոտով ընտանեկան միջավայրը, որ լի է գեղեցիկ եւ ուրախ պահերով, եւ չնայած դժուարութիւններին էլ բոլորն իրար սիրում ու յարգում են, եւ միշտ օգնում են: Մեր մշակոյթում միշտ առկայ է երգն ու պարը, լի սեղանները, որի շուրջ էլ ձեւաւորուած են ընտանեկան ամուր կապերն ու աւանդոյթները, եւ այն արժէքները, որ բխում են այդ կապերից», նշում է Քամալեանը:
Գրքում տեղ է գտել նաեւ արցախեան բարբառը: Հեղինակը նշում է, որ այն ինքնակենսագրական է, որտեղ գրել է մանկութեան իր ուրախ օրերի մասին` ներառեալ Արցախում անցկացրած ուրախ օրերը, որտեղ մեկնում էին Երեւանից ընտանիքով` տատիկի հետ ամառն անցկացնելու: Կերպարներին էլ ներկայացրել է իրենց բնորոշ յատկանիշներով, որտեղ տատիկն էլ, ում Բաբo են կոչում` խօսում է արցախեան բարբառով, ինչը բացառիկ երեւոյթ է ԱՄՆում տպագրուած մանկական գրքի դէպքում:

Ըստ հեղինակի, «Բաբo»ն բացառիկ է ոչ միայն այդ, նաէ`ւ այն առումով, որ ամերիկեան հրատարակչատան կողմից տպագրուած առաջին պատկերազարդ մանկական գիրքն է, որտեղ առկայ է հայ երեխայի կերպար: Գիրքն արժանացել է բարձր գնահատականների ամերիկեան մասնագիտական բազմաթիւ ընկերութիւնների կողմից, ճանաչուել է Նիւ Եորքի հանրային գրադարանի 2023 թուականի լաւագոյն մանկական գիրք:
Գրքի տեղեկատուական հատուածում, Քամալեանը մանրամասներ է ներկայացրել հայ գորգագործութեան, արցախեան բարբառի, եւ հայ մշակոյթի որոշ առանձնայատկութիւնների մասին: Ըստ նրա, շատ դրական արձագանգներ է ստացել նաեւ ոչ-հայ ընթերցողներից, ովքեր յատկապէս նշել են, որ հայերի մասին տեղեկանանում են նաեւ ուրախ գրքի միջոցով: «Ցաւօք, շատերը տեղեակ չեն մեր հարուստ մշակոյթի, ազգային ուրախ տօների ու աւանդոյթների մասին, եւ մեզ հիմնականում ճանաչում են Ցեղասպանութեան միջոցով», նշում է Քամալեանը:

Աստրիդ Քամալեանի հետ հանդիպումն անցկացւում է Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման առիթով, Գլենդելի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում: Արցախի պողոտայում, Քամալեանը գրքի ընթերցումից զատ, երեխաներին կը պատմի հայկական գորգագործութեան մասին, նաեւ` նրանց հետ կը կիսուի հայկական պատմութիւնների հիման վրայ գրքեր գրելու հմտութիւններից` խրախուսելով հայ մանուկներին էլ ստեղծագործել: Այցելուները կարող են նաեւ ձեռք բերել «Բաբo» գիրքը հեղինակի ստորագրութեամբ: