
Ռ. ԿՈՐԻՒՆ
Գարնանային բնութեան ծաղկունքի հրաշափառ փթթումի՝ Մարտի 29, Ուրբաթ օրը, ըստ աւանդական սովորութեան, Իրանահայ միութեան կենտրոնատեղիում ուրբաթօրեայ հանդիպում է տեղի ունենում. այս անգամ հրաւիրուել էր մի յարգելի անձնաւորութիւն՝ դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Բաղդասարեան։ Նա մի քանի օրերի համար Կանադայի Տորոնտօ քաղաքից շնորհ էր բերել իր զաւակին, հարազատներին եւ ընկերներին այցելելու համար:
Նա Թեհրանի մեր վաղեմի ընկերներից մէկն է, ծանօթ իր ուսումնառութեամբ, հայրենասիրութեամբ եւ արտասովոր աշխատասիրութեամբ, նուիրուած գիր ու գրականութեան եւ մշակութային ծառայութեան՝ թերթեր հրատարակելով եւ խմբագրելով: «Ապագա»ն եւ «Լոյս»ը Թեհրանում էր հրատարակւում մեր միասնական աշխատանքներով, յետոյ նա գաղթելով Կանադա շարունակեց նոյն անուններով, առցանց հրատարակել եւ մինչ օրս ընթացքի մէջ է: Նա ճանաչուած է Էդիկ Գերմանիկ գրական անունով:
Նա աւանդապաշտ հայ ընտանիքի զաւակ է ծնուած Իրանի Թեհրան քաղաքում: 1963-1975ին տարրական եւ միջնակարգը աւարտել է հայկական եւ իրանական դպրոցներում ուսման փայլուն յառաջընթացով: Համալսարանական եւ մասնագիտական ուսումն ստացել է նոյնպէս Իրանում, որակաւորուելով որպէս դոկտոր-պրոֆեսոր համակարգչային ճարտարագիտութեան նախագծերի կառավարման աւագ մասնագէտ: Նաեւ ամբողջացրել է իր մասնագիտութիւնը արտասահմանեան մի շարք հիմնարկներում, արհեստագիտութիւնների եւ հայոց պատմութեան բնագաւառներում, շուրջ քսան տարիների ընթացքում:
Էդիկ Բաղդասարեանը ընտանիքով 2002ին գաղթում է Կանադա եւ բուռն կերպով շարունակում է մշակութային ծառայութիւնները:
Բարի գալստեան ջերմ խօսքերից յետոյ․ հրաւիրուեց մեր ընկերը արտայայտուելու.
– Այս անգամ էլ լիքը ձեռքով եմ եկել, վերջերս իմ հեղինակած ու հրատարակած վեց հատորով պատմութեան գրքերն եմ բերել Հայկական Կիլիկիայի մասին: Պատմութեան գրքեր եւ գիտական շատ յօդուածներ եմ հրատարակել, որոնց կը ծանօթանաք յաճախելով իմ կայքը www.Edic Baghdasarian. Com:
Ներկաները ուշադիր ունկնդրելով մեր ընկերոջ հակիրճ անձնական տեղեկութիւններին, որոնք ներկայացւում էր համեստօրէն, մեղմ ձայնով։ Նրանք գնահատանքի արժանացրին եւ ուրախացան, որ այսպիսի տաղանդաւոր գիտնական եւ մշակոյթի գործիչ ունենք:
Այս հանդիպումը միջոցառման բնոյթ ստացաւ, առաջարկուեց մեր ընկեր Զաւէն Գրիգորեանը ասմունքի, նա ոգեւորութեամբ Գէորգ Էմինից արտասանեց՝ «Սասունցիների պարը» եւ Վահագն Դաւթեանի՝ «Ես սիրում եմ քեզ»: Այնուհետեւ Ռ. Կորիւնը իր նոր հրատարակած՝ «Լուսատու Բառ Ու Բան» գրքից հատուած կարդաց՝ «Արցախից Կարելի՞ Է Հրաժարուել» յօդուածից այս բովանդակութեամբ՝ «Ինչպէս կարելի՞ է հայկական աննման Արցախն իր այդ աննկարագրելի հարստութեամբ զիջել, նա Հայաստանի ողնաշարն է, թիկունքն ու ապաւէնը»։
Մեր հանդիպման ներկայ էին նաեւ հասարակական գործիչներ՝ Շ. Մանանեանը, Ս. Համբարչեանը եւ վաստակաւոր ուսուցիչ ու բառերի բանասէր է. Մեհրաբեանը, որը հայկական բառերի աշխարհում երկար տարիների տքնաջան պրպտումներով ու ստուգաբանութեամբ ի յայտ է բերել շուրջ երեք հարիւր բառեր, որոնք թիւր ըմբռնմամբ կամ նիւթերի առձեռն չլինելու պատճառով նկատուել էին հարեւաններից վերցուած բառեր:
Մտերմական մթնոլորտում տարբեր հարցերի՝ Արցախի եւ մեր լեզուի շուրջ զրոյց գնաց, շեշտուեց հայոց լեզուի կատարելիութիւնը եւ հպարտանքի առիթը, ապա աւարտին առաւել յաջողութիւններ եւ բարի ճանապարհ մաղթեցինք մեր սիրելի Էդիկին, դարձեալ հանդիպելու ցանկութեամբ: