ՄԱՆԷ ԳԱԶԱԶ

Ամէն ինչ սկսուեց դեռ լոյս աշխարհ չժամանած: Երաժշտասէր որդիս անդադրում ըմբոշխնում էր դասական երաժշտութիւն ե՛ւ տանը, ե՛ւ հայրիկի արուեստանոցում, ե՛ւ աւտոմեքենայում, իսկ ամենաշատը, երբ մայրիկն էր յատուկ իր համար դաշնամուր նուագում: Եւ ծնուելուց յետոյ էլ դաշնամուրն իր լաւագոյն ընկերը դարձաւ: Երբեք դաշնամուրի կողքով անտարբեր չէր անցնում փոքրիկ Էմմանուէլս, իսկ հինգ տարեկանում ստիպում էր ինձ իրեն նուագել սովորեցնել եւ ես շատ լաւ գիտակցում էի, թէ որտեղից էր բխում այդ բուռն սէրը հէնց դաշնամուրի նկատմամբ։ Իմ դաշնամուրն էլ ի՛մ հոգու ընկերն էր… Դասական երաժշտութիւնն անշուշտ երբեք չի լռել իմ ընտանիքում: Երեք զաւակներս էլ երաժշտութեան սիրահար են: Մեծերս աւարտել են երաժշտական դպրոցը դաշնամուրի, ջութակի եւ կիթառի դասընթացներով, Անիս առաջին ջութակ էր նուագում իր դպրոցի նուագախմբի կազմում, իսկ Էմմանուէլս գերադասեց դաշնամուր, թաւջութակ, հարուածային տարբեր գործիքներ, ձեռնազանգակներ եւ քսիլոֆոն։
Երեխաներիս վաղ զարգացման ընթացքում դասական երաժշտութեանը ծանօթացնելը ինձ օգնեց թոթովանքից յետոյ նրանց սովորեցնել տանը օգտագործած քառալեզու բառերի հնչիւններն ու իմաստները: Հէնց դասական երաժշտութեան ներքոյ պարելն օգնում էր նրանց զարգացնել շարժիչ հմտութիւնները՝ միաժամանակ թոյլ տալով ինքնահաստատուել ինքնադրսեւորմամբ: Նրանք գիտէին, որ երաժշտութեան ներքոյ որ պարն են պարելու եւ որդիներիս ամենագերադասելին ու սիրելին Արամ Խաչատուրեանի «Դիմակահանդէս»ն ու «Սուսերով Պար»ն էր: Սուսերն առնում էին ու թռնում պարելու, իսկ Անիս խիստ տարուած էր Պէոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի Լիճ»ով ու Առնօ Բաբաջանեանեանի «Նոկտիւրն»ով։ Իմ սիրելի Առնօ Բաբաջանեանն իր ստեղծագործութիւններում մանրանկարչի վարպետութեամբ էր հայկական մեղեդին համադրում եւրոպական ու ռուսական ելեւէջների հետ, եւ երեւի հէնց դա է պատճառը, որ նրա անկրկնելի հարմոնիկ համակցութիւններն այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։
Երեխաներիս դասական երաժշտութիւնն օգնում էր ամրապնդել յիշողութեան հմտութիւնները: Օպերա էին միշտ լսում եւ կրկնօրինակում, իսկ Դաւիթս միակ էպոսասաց (դիւցազներգութիւն արտասանող) տիկին Անահիտի «Սասունցի Դաւիթ» էպոսերգութիւնը լսելուց յետոյ հէնց իրենց տանն իրեն Ձենով Օհան հռչակեց ու սկսեց երգել իր հզօր, խռպոտ ձայնով: Ինչպէս մայրս էր ինձ մանկուց մատուցում օպերայի, բալետի, կամերային երաժշտութեան, ջազի եւ թատրոնի մոգական հրաշքը, այնպէս էլ ես իմ երեք զաւակներին մանկուց նուիրել եմ այդ սովորոյթը՝ չնայած սարսափելի զբաղուածութեանս։
Երեխաներիս դասական երաժշտութիւն սովորեցնելը մեծ ազդեցութիւն ունեցաւ նրանց սոցիալական զարգացման վրայ: Համաձայն ուսումնասիրութիւնների, երաժշտական երեխաները աւելի խորն են զգում իրենց դասընկերների լաւ վերաբերմունքը, սոցիալական (ընկերային) միասնութեան շփումը եւ առանց ջանքերի յարմարուելու գաղտնիքը: Երաժշտական ուսուցումն ապացուցել եւ ցոյց է տուել, որ բարելաււում է տարբեր հմտութիւնների լայն տեսականի, ներառեալ յիշողութիւնը եւ տարածական ուսուցումը: Բացի այդ, լեզուական հմտութիւնները, ինչպիսիք են բանաւոր յիշողութիւնը, գրագիտութիւնը եւ բանաւոր բանականութիւնը, ցոյց են տուել, որ մեծապէս օգուտ են քաղում երաժշտական ուսուցումից:
Դասական երաժշտութիւնն օգնում է մեր երեխաներին զարգացնել իրենց յուզական ներաշխարհը:
Երաժշտութիւն լսելը, երգեր երգելը, տարբեր գործիքներ նուագելը եւ ռիթմի (կշռոյթի) համաձայն շարժուելը հիանալի միջոցներ են երեխաների համար զարգացնելու ինքնագիտակցութիւնը: Դասական երաժշտութիւնը կարող է նրանց ստեղծագործական ելք տրամադրել արտայայտելու իրենց զգացմունքներն ու յոյզերը, միաժամանակ թոյլ տալով նրանց բացայայտել իրենց ինքնութիւնը եւ իմաստաւորել իրենց փորձառութիւնները:
Դասական երաժշտութիւնը կարող է երեխային ենթարկել մարտահրաւէրների եւ բազմազգային փորձառութիւնների, որոնք ուժեղացնում են սովորելու կարողութիւնները եւ խրախուսում ճանաչողական զարգացումը: Մասնաւորապէս, երաժշտութիւնը կարող է ներգրաւել նաեւ ճանաչողական գործառոյթներ, ինչպիսիք են պլանաւորումը (ծրագրաւորումը), աշխատանքային յիշողութիւնը, արգելակումը եւ ճկունութիւնը:


Հարկ համարեցի այս ամէնը նշել, որ պարզ դառնար, թէ ինձ համար ինչու էր անչափ կարեւոր ճիշդ ընտրել այն երաժշտական հաստատութիւնը, որտեղ որդիս պիտի ուսանէր: Ինչու՞ «Լարք»։ Միանշանակ «Լարք», որովհետեւ, որպէս խիստ պահանջկոտ ծնող, ինձ հարկաւոր էր համոզուել, որ այն ամէնն ինչ ես փնտռում եմ որդուս համար որպէս երաժշտական ուսուցում մատուցելու նպատակ, կը գտնեմ լոկ «Լարք»ում: Համոզուեցի՛… Այն նուիրեալ ուսուցչական կազմը, որ միշտ երազել եմ որդուս համար երաժշտական խոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակադրումով, կը գտնեմ զուտ միայն «Լարք»ում: Եւ գտա՛յ…
Ես մանկուց հիացած էի իմ դաշնամուրի ուսուցչուհու հիասքանչ դասաւանդումով եւ երազում էի երեխաներիս գտնել այնպիսի ուսուցիչներ, որ նման մեծ սիրով մատուցեն եւ զաւակներիս դասաւանդեն դասական երաժշտութիւն: Այն աստիճան էի դա կարեւորում, որ այստեղ ծնուած, մեծացած զաւակներիս տանում էի Երեւան, որպէսզի ճաշակեն նաեւ իմ մանկութեան համն ու հոտը, սովորեն ի՛մ իսկ դպրոցում, յաճախեն ի՛մ երաժշտական դպրոցն ու երջանկանան իմ դաշնամուրի ուսուցչուհու մատուցած սիրուց: Դա մեծ նշանակութիւն ունի երեխայի համար, թէ ինչպէս է այն զուտ մատուցւում իրեն: Նրանք ստիպելով երբեք չեն սիրի եւ չեն պարապի, ես Էմմանուէլիս երբեք չեմ ստիպել կամ խնդրել, որ դաշնամուր պարապի, այլ դեռ չծնուած դասական երաժշտութեան սէր եմ սերմանել հոգում: Իսկ ուսուցիչների անսպառ ջանքն ու եռանդը, սէրն ու նուիրուածութիւնը, նաեւ համբերութիւնը մեծ նշանակութիւն ունի սովորող երեխայի հոգեբանութեան եւ պատրաստակամութեան համար… Ես պարզապէս երջանիկ ծնող եմ ինքզինքս համարում, քանզի գտայ իմ երազանքի ուսուցչուհուն որդուս համար՝ Սուսաննա Աթասունց… Այն անձնուրաց նուիրումը, այն անսահման համբերութիւնը, այն յուզական ներաշխարհի հզօր պարգեւը, այն անշահախնդիր եւ անվերապահ սէրը որ այս հրաշագործ մանկավարժը մատուցում է իմ որդուն անբացատրելի է… Մօր պէս գուրգուրելով, մօր պէս նախատելով իր կատակասէր տղաներին այնպիսի իմաստուն ճկունութեամբ է մտերմացնում դաշնամուրի հետ, որ ծնողն անգամ խանդում է… Երբ բարձրորակ դասական երաժշտութիւնը մանկան ներաշխարհում այսպէս է սերմանւում, նա երբե՛ք չի փոխարինի իր նախընտրութիւնը…
Հէնց այս ամբողջ զգացական աշխարհի վայելքի պոռթկման ներքոյ առաջացաւ այն միտքը, թէ ինչպէս երախտապարտ լինել այն մանկավարժին, որի ձեռքերում է տաղանդաւոր զաւակիդ փայլուն ապագան, մենք որոշեցինք անակնկալ մատուցել Սուսաննա Աթասունց հրաշագործին հէնց իր ծննդեան օրուայ կապակցութեամբ:
Գազազի ձեռագրին հարիր այդ հրաշք դիմանկարից անգին ոչինչ չպատկերացրեցինք իրեն արժանի եւ այն դարձաւ սովորոյթ յաջորդ տարի մի այլ դիմանկար նուիրելու։
Զգացումների մի այլ պոռթկում հանդիսացաւ Նունէ Քարթալեանի դասաւանդման մեթոդիկան որպէս մանկավարժ եւ իր հիասքանչ ներաշխարհի ճանաչումը որպէս հրաշագեղ մարդ արարած: Չնայած իր խիստ ընտանեկան զբաղուածութեան եւ ժամանակի սղութեան, նա իր պարտաճանաչ աշակերտների ուղարկած տնային աշխատանքների ձայնագրութիւններն է կարեւորում անգամ տօնական օրերին եւ ցանկացած օրուայ ուշ գիշերուայ ժամերին: Երբեմն նախատում եմ որդուս, թէ այս ուշ ժամին ինչո՞ւ ես գրում եւ անհանգստացնում ուսուցչուհուդ, նա հանգիստ արդարանում է. «Մա՛մ ջան, ուսուցչուհիս սպասու՜մ է…»։ Իսկ երբ լսում ես, թէ իր ուսանողներն ինչպէս են իրեն սիրում եւ խոստովանում, որ ծանրաբեռնուածութեան դժուարին որոշումների ժամանակ, թողնել թէ չթողնել դաշնամուրը, ոչ թէ ծնողի տանջանքն ու զոհողութիւնն են ափսոսում ու հաշուի առնում, այլ ուսուցչուհու, դա մի ուրիշ ֆենոմեն (երեւոյթ) է… Հիացած, միաժամանակ ապշած, լսում էի «Լարք»ի գերազանց շրջանաւարտ, այժմ տնօրէնուհու, Նարինէ Թադեւոսեանի քաջալերման խօսքն այն փայլուն աշակերտին, ով դպրոցի գերծանրաբեռնուածութեան պատճառով ստիպում էր ինքզինքը լքել «Լարք»ը: Այդտեղ ես հասկացայ մի պարզ ճշմարտութիւն, երբ նա ասաց. (I am who I am today because of my piano teacher!) «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ այսօր շնորհիւ իմ դաշնամուրի ուսուցչուհուն»:


Փաստօրէն, ես միակը չեմ այդպէս մտածող եւ որդիս այն ճիշդ տեղում է, որտեղ հարկաւոր է լինի։
Ես անվերջ կարող եմ գրել եւ նկարագրել տասնեակ օրինակներ այս երկու հրաշագործ մանկավարժների ներաշխարհի եւ կատարած հրաշագործութիւնների մասին, թէ ինչպիսի ո՛չ միայն երաժշտական կրթութիւն են մատուցում նրանք իրենց ուսանողներին, այլ նաեւ ինչպիսի մարդ արարածներ են կերտում նրանք եւ դէպի կեանք ճանապարհում… Բայց եւ այնպէս, չմոռանամ նշել. «Նման զնմանն գտանէ…» (նմանը նմանին է գտնում, մէկը միւսին արժէ)։
Պարոն Վաչէ Պարսումեանի հոգուն յարիր այս աննման մանկավարժներն են «Լարք»ը դարձնում մի դրախտավայր, որտեղ զուտ մէկ կանոնով են առաջնորդւում դասական երաժշտութեան կրթութիւն ուսուցանելիս՝ անվերապահ սէր: Եւ հէնց այդ անձնուրաց սէրն է, որ այսօր պակասում է աշխարհում: Մարդիկ այն փնտռում են ամէնուրեք եւ չեն գտնում: Մենք գտել ենք այս գանձը եւ յանձնել մեր որդուն այնտեղ, որտեղ անսահման սէր է ծորում ամէն անկիւնից: Այդ գտած սիրոյ արտայայտումն էր նաեւ Էմիլ Գազազի իրար յաջորդող երկու անակնկալ դիմանկարները՝ Maestro («Մայէստրօ») եւ The Queen of Lark («Լարք»ի Թագուհին): Նա երբե՛ք չի այցելում որեւէ հասարակական հաւաքոյթի, բայց երբե՛ք բաց չի թողնում որդու ոչ մի ելոյթ, անհամբերութեամբ սպասելով տիկին Թագուհու ոսկեղենիկ հայերէնի նոր ոգեշնչող խօսքին: Այս ոսկեայ ուսուցչական կազմով պարոն Վաչէ Պարսումեանն իրականացնելով իր կեանքի երազանքը, կերտելով մի հրաշք կղզի իր փրկիչ փարոսով, կրթում եւ կեանքի դժուարին խոչընդոտներին պատրաստելով փայլուն ու լուսաւոր սերնդներ է մատուցում ոչ միայն մեր համայնքին, այլ համայն աշխարհին…
Վարձքդ կատա՛ր, մայէստրօ…