Դիմախաղային մկանները, ենթամաշկային ճարպաշերտը, նոյնիսկ գանգի ձեւը տարիքին զուգընթաց փոփոխւում են: Մաշկի վերին շերտերը բարակում են, հիւսուածքներում խոնաւութեան ու ճարպի բաղադրութիւնը, ինչպէս նաեւ սնուցող արիւնատար անօթները պակասում են։ Մաշկում նիւթափոխանակութիւնը վատ է կատարւում, սնուցումը նոյնպէս վատանում է, էլաստիկութիւնը (առաձգականութիւնը) նուազում է, մաշկը թուլանում է, քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիաները (աշխատանքը)՝ նոյնպէս: Ծերացող մաշկը խնամելու 4 պարտադիր փուլեր կան՝ մաքրում, խոնաւեցում, սնուցում, արեւապաշտպան քսուկների գործածում: Ճիշդ քսուկների ընտրութիւնը վստահէք մասնագէտին: Նաեւ չմոռանանք առողջ սննդի մասին:
Խոնաւութեան պակասը յանգեցնում է մաշկի չորացման եւ կնճիռների առաջացման: Ջրազրկուած մաշկը ժամանակի ընթացքում փոխում է իր կառուցուածքը եւ անհրաժեշտ է այն խոնաւեցնել: Խոնաւեցնող միջոցները կարող են նաեւ մաշկի մակերեւոյթին ստեղծել թաղանթ եւ կանխել խոնաւութեանը գոլորշիացումը. այսինքն ծառայել որպէս խոնաւեցնող եւ կենսամաշկային միջոց, որը վերականգնում է մաշկի եղջերաշերտը եւ մեծացնում դրա պաշտպանութիւնը:
Արեւի ճառագայթների ազդեցութեան ներքոյ մաշկի բջիջները սկսում են աշխատել թթուային սթրեսի (ճնշուածութիւն) պայմանների ներքոյ, ինչի արդիւնքում մաշկը հաստանում է եւ կորցնում է առաձգականութիւնը: Առանց արեւի անհնար է, այն հրաշալի անտիդէպրեսանտ (հակաընկճող) է մեզ համար, սակայն պէտք է չափաւորել արեւայրուքները եւ օգտագործել պաշտպանիչ քսուկներ:
Կայ այսպիսի արտայայտութիւն, որ բոլոր հիւանդութիւնների պատճառը սթրեսն է: Կեանքի յուզմունքներն անհետ չեն կորչում: Դրանք ազդում են նաեւ մաշկի վրայ: Կեանքի արդի ռիթմով (կշռոյթով) չնեարդայնանալն անհնար է: Հնարաւորինս փորձէք կարգաւորել սթրեսը: Օգտակար է անանուխով թէյը եւ մաշկի մերսումը: Նախապէս սառեցրէք երիցուկի եւ եղեսպակի թուրմը եւ առաւօտեան սառի բեկորը քսէք մաշկին: Արեան շրջանառութիւնը վայրկեանապէս կարգաւորւում է, իսկ մաշկը ձգւում է:
Մշտապէս ծխելու արդիւնքում թուլանում է մաշկի առաձգականութիւնը, նուազում է թթուածնային եւ սննդանիւթերով սնուցումը:
Կենսաձեւով եւ ապրելակերպով կարող ենք նպաստել մեր առողջութեանը եւ գեղեցիկ արտաքինին, իսկ խնամքն ու գեղագիտական միջնորդութիւնները կարող են լրացում լինել: Դրանց մասին էլ յաջորդիւ: