ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի բանուկ հատուածներից մէկում, Ուիլշիր բուլվարտի եւ եւ Գրենվիլ պողոտայի խաչմերուկում, Օգոստոսի 31ին տեղի ունեցաւ «Արցախի Հանրապետութեան Հրապարակ»ի բացման պաշտօնական արարողութիւնը: Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսարանին կից տարածքում հրապարակի բացումը կատարեցին նախաձեռնութեան հեղինակները` Լոս Անջելեսի քաղխորհրդի նախագահ Փօլ Գրիգորեանը եւ քաղխորհրդի անդամ Թրէյսի Փարքը, ում միացել էր Միացեալ Նահանգներում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը: ««Արցախի Հանրապետութեան Հրապարակ». ի աջակցութիւն խաղաղութեան, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների» գրառմամբ ցուցատախտակն այսուհետ Լոս Անջելեսի հազարաւոր բնակիչների կը ծանօթացնի Արցախին ու արցախցիների ազատութեան պայքարին:
«Արցախի Հանրապետութեան Հրապարակ»ում պաշտօնեաները հանդէս եկան ելոյթներով` իրենց զօրակցութիւնը յայտնելով Արցախի ժողովրդին, եւ նշելով, որ հրապարակը խորհրդանշում է, որ Լոս Անջելեսն արցախցիների կողքին է: «Այս պահին Արցախի ապօրինի շրջափակումը շարունակւում է Ադրբեջանի արիւնարբու բռնապետ Ալիեւի կողմից, եւ արցախցիներն ենթարկւում են սովահարութեան, զրկուած են բժշկական օգնութիւնից, ելք չունեն դէպի աշխարհ: Սակայն նրանք տեսնում եւ լսում են, թէ մենք ինչ ենք անում եւ ասում, եւ մենք կարող ենք նրանց փոքր-ինչ սփոփել ու աջակցել` ասելով, որ մոռացուած չեն, եւ այստեղ Լոս Անջելեսում մենք պայքարում ենք նրանց համար` հաւաստիանալու, որ ստանում են պաշտպանութիւն եւ օգնութիւն», իր խօսքում նշեց Փօլ Գրիգորեանը:


Ձեռնարկին ներկայ, ամերիկեան բազմաթիւ լրատուամիջոցների ներկայացուցիչներին, Գրիգորեանը համառօտ ներկայացրեց Արցախի ժողովրդի պայքարի պատմութիւնը` ընդգծելով, որ պատճառը, որ Միացեալ Նահանգները պէտք է աջակցի արցախցիներին նաեւ այն է, որ նրանք պայքարում են ինքնիշխանութեան, ժողովրդավարութեան եւ ինքնորոշման համար` արժէքներ, որոնք ԱՄՆ ստեղծման հիմքում են: «Ներկայում Արցախի նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացւում, եւ եթէ աշխարհն այս պահին ոտքի չկանգնի, շրջափակումը կը վերածուի հայ ժողովրդի ամբողջական բնաջնջման, եւ հազարամեակների հայ մշակոյթի ոչնչացման Ադրբեջանի բռնապետի կողմից: Այս պահին հրապարակի բացումն առաւելապէս կարեւոր է», նշեց Գրիգորեանն ու երախտագիտութիւն յայտնեց քաղխորհրդի անդամ Թրէսյի Փարքին, ում առաջարկով Լոս Անջելեսի քաղխորհուրդն ընդունել էր հրապարակը բացելու որոշումը:
«Այսօր այստեղ ենք, Ադրբեջանի հիւպատոսարանի առաջ` ի աջակցութիւն Արցախի Հանրապետութեան: Ադրբեջանի կառավարութեան կողմից յարձակողապաշտութեան դրսեւորումները շարունակւում են` վտանգելով 120 հազար արցախցիների կեանքը: Դատապարտելի է, որ շրջափակման միջոցով, Ադրբեջանի կառավարութիւնը միտումնաւոր կերպով Արցախի բնակիչներին ստիպում է ապրել բացօթեայ զնդանում: Ես անմնացորդ կերպով կանգնած եմ աշխարհասփիւռ հայութեան կողքին` մեր դաշնային կառավարութիւնից պահանջելով զօրաւոր գործողութիւններ` դիմագրաւուելու յարձակումը եւ կոչ անելու Ադրբեջանի կառավարութեանը վերջ դնելու անմեղ մարդկանց դէմ իրականացուող դաժանութիւններին: Մենք պէտք է համախմբուենք միասին որպէս լոսանջելեսցիներ եւ ամերիկացիներ` դատապարտելու Ադրբեջանի կառավարութեան կողմից մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարումները», յայտարարեց Թրէյսի Փարքը եւ նշեց, որ իր համար պատիւ է. կատարել Արցախի Հանրապետութեան հրապարակի բացումը:


Արցախին աջակցելու համար երախտագիտութիւն յայտնեց Միացեալ Նահանգներում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը. «Սա առաջին Արցախի հրապարակն է ԱՄՆում: Համոզուած եմ, որ այն կը դառնայ եւս մէկ կապող օղակ մեր երկրների, ժողովուրդների միջեւ: Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային հանրութեան` շրջափակումը դադարեցնելու կոչերը: Արցախցիները, միաժամանակ, շարունակում են հաւատալ, որ համատեղ ջանքերով հնարաւոր կը լինի բարձրացնել քաղաքական պահանջի ձայնը մի աստիճանի, որը բաւարար կը լինի վերջնականապէս ճնշելու բռնապետի հակահայ ցեղասպանական քաղաքականութիւնը», նշեց Աւետիսեանը: Նա յաւելեց, որ այն զէնքը, որ կիրառւում է արցախցիների դէմ, ցոյց է տալիս, որ սա քաղաքակրթութիւնների հարցն է, սա պայքարն է անկախութեան` ընդդէմ բռնաճնշման, պայքարն է մարդկանց, ովքեր կանգնում են արցախցիների կողքին ընդդէմ ցեղասպանութեան:
Կալիֆորնիայի Ներկայացուցիչների Տան նախկին անդամ Ադրին Նազարեանն էլ ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դէմ այս պահին իրականացւում է ժամանակակից ցեղասպանութիւն. «Այսօր կարեւոր օր է հայ համայնքի համար` գիտենալու նաեւ, որ Լոս Անջելեսի կառավարութիւնը կանգնած է համայնքի կողքին ու նաեւ ԱՄՆ նախագահից ու կառավարութիւնից պահանջում է գործուն քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակման դէմ»:

