ՊԵՏՐՈՍ ԴԷՄԻՐՃԵԱՆ*

Ծնունդով արցախցի, Ամերիկայում բնակուող արձակագիր, մշակութային գործիչ Մարգարիտ Դերանցի անունը արդէն իսկ բաւական ծանօթ է հայաստանեան ընթերցողին: Վերջին մի քանի տարիներին Երեւանում լոյս տեսած «Սէր Եւ Էմիգրացիա» (ներգաղթ) (2017), «Քրտնաձուկ» (2018) պատմուածքների, վիպակների ժողովածուներից յետոյ, լոյս է տեսել նաեւ գրողի նոր երկը` «Սէր Լուսնեզրին» («Անտարես», 2021) վէպը: Անմիջապէս ասենք, որ գրքի վերնագիրը թէեւ յուշում է տղամարդու եւ կնոջ փոխյարաբերութիւնների գրաւիչ պատմութիւն, սակայն իրականում` այդ ամէնով հանդերձ, անհամեմատ աւելի բազմաբովանդակ պատկեր է ներկայացնում` մի շարք արդիական հարցադրումներով: Ասուածը հասկանալի է դառնում, երբ իմանում ենք, որ գրող-ստեղծագործող է ոչ միայն հեղինակը, այլեւ վէպի միջին-ծաղկուն տարիքի` քառասնամեայ հերոսուհին` Մէգգի Սամուլեանը: Մի տարիք, երբ ի մի բերելով ու ծանրութեթեւ անելով ապրածն ու չապրածը, խորհող-վերլուծող-ստեղծագործող անհատը ոչ միայն իր, այլեւ ընթերցողի համար պարզում է ճշմարիտ ու արդարամիտ կեանքի եւ աշխարհի կերտմանը նպաստող հոգեբանական, ընկերային, քաղաքական հանգամանքների ամբողջութիւնը` ենթադրեալ բոլոր նուրբ անցումներով:
Նախ` շատ կարեւոր է պարզել, թէ ո՞վ է վէպի գլխաւոր հերոսը, որը եւ հէնց ամբողջ պատումը վերհուշ-վերլուծութիւնների միջոցով ներկայացնողն է: Գրուածքը բացող «Երկու Խօսք»ում արդէն իսկ բացայայտւում է նրա խառնուածքի կարեւոր գծերից մէկը` ասելիքի չկանխամտածուած, պատումի առարկայական-ազատ հոսանքին տրուելու կամքի դրսեւորումը։ «Դեռ չգիտեմ, թէ ինչ տեսք կ՛ունենայ ապագայ ստեղծագործութիւնս, չգիտեմ, թէ գրիչս ինչ կը շարադրի յիշողութեանս էջերին», գրում է նա: Որովհետեւ, ինչպէս պարզւում է վէպի յետագայ ընթացքում, Մէգգիի մէջ ի սկզբանէ ուժեղ է եղել ենթագիտակցականի, գաղտնիքի, խորհրդաւորի ընկալման եւ սպասման ազդեցութիւնը: Պատահական չէ, որ հօրն ու տատիկին Ռուսաստանում թողնելով Ամերիկա տեղափոխուելուց յետոյ, փողի սուր կարիքի պատճառով La Regina ճաշարանում մատուցողուհի աշխատելիս, շատ արագ մտերմանում է ոմն մեքսիկացի «գրող, նկարիչ, երաժիշտ, բիզնեսմեն (գործարար)» Վիկտոր Ալվարեսի հետ, որովհետեւ վերջինին եւս շահագրգռում է այն, որ իր «ամենասիրելի զբաղմունքը» գրելն է: Հէնց այդ Վ. Ալվարեսն էլ խրախուսում է Մէգգիին դառնալու իր ղեկավարած «Ապագայի Արուեստ» գրական-մշակութային ակումբի անդամ: Որոշումը, սակայն, նա միանգամից չի ընդունում, քանի որ լսել էր, որ այդ «ակումբում հաւաքւում են փախած, անապագայ, տարիքն առած ներգաղթած արուեստագէտներ…»: Որոշումն ամրապնդւում է, երբ Ալվարեսը նուիրում է իր գիրքը, որի ընթերցումից յետոյ Մէգգին խոստովանում է, որ գիրքն «անբացատրելիօրէն» գրաւել է իրեն, քանզի «գրուած էր բարդ, պատկերաւոր երեւակայութեամբ, ազդեցիկ էր, մոգական բառերն ինձ պարուրում էին, ամբողջովին ներթափանցում ներսս»: Կարեւոր ազդակներից էր նաեւ այն, որ Ալվարեսի` լուսնի խորհրդաւոր պատկերով մի նկարը Մէգգիին յիշեցրել էր Ն. Ռերիխի «Երջանիկ Կրակները» կտաւը: Ռուս մեծ նկարչի դասական գործն առաջին անգամ նա տեսել էր տարիներ առաջ հօր հետ, Մոսկուայի Արեւելքի թանգարան այցելած ժամանակ. «Աղջնակ էի, այդպէս էի տպաւորուած այդ նկարով… Ինչ-որ ձգողականութիւն, գաղտնիք կար հնդկական լեգենդը (առասպելը) պատմող այդ նկարի մէջ», յիշում է նա: Նոյնիսկ համոզուած էր, որ իր «էութեան մի մասնիկը կար այդ գաղտնիքի մէջ», որը դեռ պէտք էր վերծանել: Համատեղ գործունէութեան եւ անձնական շփումների ընթացքում հերոսուհին աստիճանաբար զգում է, որ «անտես հոսանքներ» են ձեւաւորւում իրենց միջեւ, որ իրեն գայթակղում է Վիկտոր Ալվարեսի զննող, ձգողականութեամբ օժտուած, խորքային հայեացքը. «Ենթագիտակցական սպասումների մէջ էի` առանց ինքս ինձ հաշիւ տալու: Սպասումն էր բնաւորուել բջիջներիս մէջ», խոստովանում է նա` անկեղծանալով, որ նոյնիսկ ամբողջովին կորցրել էր իր բուն էութիւնը` «դեռահասութիւնից արմատակալած բոլոր «տաբու»ները», ինքն իր աչքին վերածուելով կատարեալ անծանօթ մէկի»․ «Ես չէի ճանաչում այդ կնոջը: Ո՞վ էր նա»: Սակայն տարօրինակն այն էր, որ յոյզերի ու կրքերի այդ հրավառութեան մէջ մերթ ընդ մերթ գլուխ էր բարձրացնում նաեւ ինչ-որ սպասուելիք ձախորդութեան եւ տառապանքի նախազգացում: Աւելի ուշ` մտովի թերթելով իր կեանքի այդ շրջանի էջերը, Մէգգին պիտի գայ այն համոզման, որ «կանանց նախազգացումներն ուժեղ են, կանայք տեսնում են անտեսանելին»: Իսկ «անտեսանելին» այն էր, որ, ինչպէս պարզւում է յետագայում, Վ. Ալվարեսը «լիովին վստահ էր իր դիւական հմայքին, որ վաղուց կառուցել էր ճակատագիրս` իր ուզած տարբերակով: Պարզապէս ես էի անտեղեակ ու յիմար: Դեռ չգիտէի, թէ ինչ աղէտալի փորձութիւնների առջեւ եմ կանգնած»: Աւելին՝ «չգիտէի, որ կը գայ ժամանակ, երբ Վիկտոր Ալվարես շնագայլը կը պղծի կեանքս»: Սա, թերեւս, ճակատագրական այն կէտն է, երբ գրող-հերոսուհու դիպուկ բնորոշմամբ՝ «Չի կարելի հասնել լուսնի եզրին, շուռ գալ ու ապրել նոյն կեանքը»: Նիւթի զարգացման ընթացքը` հերոսների փոխյարաբերութիւնների անկումներով ու վերելքներով, ի վերջոյ, յանգեցնում է նրան, որ սէրը նրա մէջ փոխւում է հիասթափութեան, ապա նաեւ ցաւի ու ատելութեան: Բացայայտելով, որ Վիկտոր Ալվարեսը մինչ այդ նոյնիսկ ամուսնացած է եղել, երկու զաւակների հայր է, Մէգգին ստիպուած էր դառնութեամբ ու ցաւով խոստովանել, որ ինքն «ընդամէնը էժան խաղալիք» է եղել նրա համար:
Վէպում, սակայն, ամէնից կարեւորը հերոսների կենցաղային, կենսագրական, սիրային փոխյարաբերութիւնների պատմութիւնները չեն, այլ այն հետեւութիւնները, որ անում է հեղինակը այդ ամէնի ներքին վերլուծման արդիւնքում: Ի վերջոյ, պարզւում է, որ Մոսկուայում ուսանող, 17ամեայ խոստումնալից նկարիչ եղբօր կացնահարուածով գազանային սպանութիւնը մերձմոսկովեան ազգային արգելավայրում, որը տարիներ շարունակ թաքցուել էր Մէգգիից, հէնց Վիկտոր Ալվարեսի հօր` Ռաուլի, ձեռքի գործն է: Հանգամանք, որն իր որոշակի նստուածքն էր թողել քրոջ հոգեբանութեան մէջ` ինչ-որ «գաղտնախորհուրդ առեղծուածի» զգացողութեամբ: Անընդհատ նրա մէջ մխացող այն գիտակցութիւնը, թէ «ես չէի ծնուի, եթէ եղբայրս ապրեր», հանգիստ չէր տալիս նրան` մի տեսակ, պահանջելով «պատասխան փնտռել: Վիկտորը շարունակ ուղղորդում է Մէգգիին դէպի նկարչութիւն, վկայակոչելով նաեւ նրա հօր նկարիչ լինելը, բայց վերջինս յամառում է` նախընտրելով գրականութիւնը, խոստովանելով, որ, այնուամենայնիւ, «նկարելը իմը չէ»: Որոշ ժամանակ անց միայն, աղջիկը հասկանում է Վիկտորի նման պահուածքի բուն նպատակը: Դրանում նրան օգնում է նաեւ ակումբի աշխատակցուհիներից մէկը` «իսպանախօս բանաստեղծուհին», բացատրելով, որ «Ալվարեսը խմբագրում է էմիգրանտ գրողների գործերը, որպէսզի նրանցից մտքեր քաղի: Լաւ գրողներին խանգարում է, թոյլերին` օգնում` նրանց դարձնելով ակումբի անդամներ ու անդամավճար մուծողներ»:

Աստիճանաբար, Մէգգիի համար պարզւում են նաեւ սիրեցեալի նման պահուածքի աւելի լայն ու հեռահար ուղղութիւնները: Մանաւանդ որ, նրա մօտեցումների մէջ նոյնիսկ նոր իրականութեան պարտադրած հրամայականների հետքեր է տեսնում: Չէ՞ որ, ըստ էութեան, ճշմարտութեան հատիկներ կային Վիկտորի այն դատողութիւններում, թէ ի տարբերութիւն 19-20րդ դարերի գրողների, «21րդ դարի տաղանդների բախտը չի բերել, քանի որ նրանք իրենց գրականութեան հետ լուծւում, անհետանում են տեղեկատուութեան, սոցիալական (ընկերային) ցանցերի յորձանուտում: Քաղաքական ընտրութիւններում յաղթում են միջակութիւնները, մշակութային պարգեւներում որոշիչ է դառնում նրանց կարծիքը: Եթէ 21րդ դարին պէտք են տաղանդներ, ապա գիտնականներ, ճարտարապետներ, նախագծողներ, բայց ո՛չ գրողներ»: Ահա թէ ինչու, խորհուրդ է տալիս Մէգգիին զբաղուել նոյնիսկ ոչ թէ գրականութեամբ, այլ, ասենք, հաշուապահութեամբ, ջահէլութիւն անել, «հաճոյքներ քաղել» կեանքից: Վերջապէս, սակայն, Մէգգին ըմբռնում է, որ Ալվարեսի ամբողջ նպատակն իրեն «իր պէս անպտուղ դարձնելն էր», որովհետեւ նա «գրական երկարատեւ ամլութեան մէջ էր»: Այս եւ այլ բացայայտումների արդիւնքում, Մէգգիի մէջ տեղի են ունենում լրջագոյն յեղաբեկումներ, որոնք, սակայն, այնքան էլ հանդարտ չէին ընթանում` կեղեքելով նրա նուրբ ու զգայուն հոգին: Աղջկայ մէջ սկսում են պայքարել բանականութիւնն ու սիրտը` մէկը մղում է հեռանալ Վիկտորից ու նրա «Ապագայի Արուեստ» ակումբից, բայց միւսը` սիրտը, դեռ դիմադրում է՝ «Միթէ՞ կ’ունենամ սիրած տղամարդուն հեռացնելու ուժը»: Տարամերժ զգացողութիւնները նաեւ դատողական բանաձեւում են ստանում. «Տղամարդը միտք է, կինը` սիրտ: Դաժան մի բան կայ անսիրտ մտքի մէջ, եւ չի կարող արդարացուած լինել մտազուրկ սիրտը»: Իսկ մինչ այդ Վիկտորն արդէն մտերմացել էր ակումբի մէկ այլ անդամի` երիտասարդ Կառա Կորտադոսի հետ, որ մի «պարզամիտ» աղջիկ էր ու «մէկ բառի մէջ չորս տառասխալ էր թոյլ տալիս: Խելքով չէր փայլում, իսկ ապակէ աչքերը մեռածի աչքերի պէս էին»: Սակայն Վիկտորը կերպարանափոխել էր նրան` դարձնելով «հետաքրքիր արտաքինով ու փայլուն աչքերով երիտասարդ կին», ուղղորդել դէպի նկարչութիւն եւ ֆէյսբուքեան կեղծ էջերով ինքնագովազդի հունը, քանզի՝ «Դատարկամիտ այս կինը տառապում էր փառասիրութեամբ»: Նրա այդ թուլութիւնն էլ հէնց վարպետօրէն օգտագործում էր Վ. Ալվարեսը, այսինքն՝ «նկարչուհու կերպար էր կերտում ոչնչից»: Դա նրա համար այնքան էլ դժուար չէր, քանի որ «Victor Great-ը ֆէյսբուքեան հետեւորդների մի ամբողջ բանակ ունէր, եւ նպաստում էր հասարակական կարծիք ձեւաւորելուն` մարդկանց մոլորեցնելով»: Դա, ի հարկէ, չէր վրիպել նրբանկատ Մէգգիի աչքից։ «Հասցրել էի նկատել, որ ֆէյսբուքեան որոշ օգտատէրեր գաղջ մթնոլորտ են ստեղծում», խոստովանում է նա:
Այս պահից վէպի նիւթը զարգանում է նաեւ սիրային եռանկիւնու յայտնի օրէնքներով: Վիկտորն իրենց յարաբերութիւնները նոյնիսկ իւրատեսակ «խաղ»ի է վերածում` երկու կանանց բնորոշելով որպէս «երկու չարիք»` «Կառան կարծես հեթանոս քրմուհի լինի, իսկ Մէգգին` քրիստոնեայ սուրբ»: Առաջարկում է կռուել` «հետաքրքիր է` ո՞վ կը յաղթի»: Կառան միշտ եւ ամէն ինչում համաձայն էր իր հետ, իսկ Մէգգին` ոչ: Եւ ահա, նրա համար հետաքրքիր էր, թէ ո՞վ կը լինի յաղթողը այդ հակամարտութեան մէջ` քրմուհի՞ն, թէ միանձնուհին: Մէգգիի համբերութեան բաժակը, սակայն, լցւում է այն պահին, երբ պարզապէս ֆիզիկական կռուից խոյս տալուց յետոյ, Վիկտորը բացականչում է նրա հետեւից` «Դուք, Սամուլեաններդ, միշտ էլ զոհեր էք, որովհետեւ պայքարել չգիտէք»: Դա արդէն անցնում էր բոլոր սահմանները` անձնականից մինչեւ տոհմական ու ազգային արժանապատուութիւն: Եւ Մէգգին ի պատասխան նետում է` «Սրիկայ»: Բայց նաեւ մտորումների մէջ ընկնում., «…ի՞նչ էր ուզում ասել Վիկտորը, ի՞նչ նկատի ունէր Սամուլեաններին անդրադառնալիս: Ազգութիւ՞նս էր ծաղրում, թէ՞ անմտածուած խօսք էր, որ դուրս թռաւ պատահաբար: Իսկ գուցէ ինձ համարում էր բազմադարեան ժողովրդիս աղէտներից եւ սարսափներից ծնուած մէկը, ով չէր ազատուել գեներով (ծիներով) փոխանցուող վախից»: Նման վերաբերմունքը Մէգգիի մէջ աւելի է բորբոքում ազգային արմատների ու անանց արժէքների կրակը, եւ ճակատագրի բերմամբ հեռաւոր Կալիֆորնիայում յայտնուած հայուհու հոգում օտար անանուն լեռները վերակենդանացնում են հայրենի «ճերմակ հրափայլ գագաթով» սրբազան լեռի պատկերը: «Իմ ներկան խորհրդաւոր կերպով կապուած էր անցեալիս հետ։ Մղոնների հեռուից եկող այդ կանչից ազատուելն իմ ուժերից վեր էր: Ոչ ոք ու ոչ մի բան ի զօրու չէր այն լռեցնել», խոստովանում է Մէգգին: Նրա մէջ հզօր ուժով արթնանում են «մղոնների հեռուից ճառագող կանչերը», որոնք նա արդէն ոչ միայն «հասկանում է գիտակցութեամբ», այլեւ «ճանաչում` ենթագիտակցութեան մէջ»: Նրա դատողութիւններն ու ինքնաւերլուծութիւններն այլեւս դուրս են գալիս անհատ հայուհու անձնական զգացողութիւնների ու ապրումների վիճակից` նուաճելով հոգեկան-ներաշխարհային աւելի բարձր կամ խոր մակարդակ: Մէգգին ներքին անթաքոյց գոհունակութեամբ արձանագրում է, թէ «ես դեռ չեմ կորցրել ինձ տարբերակող կոդը (գաղտնագիրը): Դրա մէջ կայ զօրութիւն եւ թշուառութիւն: Այս երկուսը հակադարձ են ու անյարիր, բայց բնակւում են մէկտեղ` արեանս մէջ հանգուցուած»: Այդ ամէնը նրան մղում է քննելու նաեւ աշխարհում ընթացող նոր իրողութիւնները, այն միջավայրը, ուր յայտնուել է հայ մարդը եւ, ի վերջոյ, իր` Մէգգի Սամուլեանի, տեղն ու դերը այդ միջավայրում: Եւ նրա զննումների ու վերլուծութիւնների տրամաբանութիւնը յանգեցնում է այն եզրակացութեան, որ «այստեղ` Նահանգներում, իմ տեսակը կամայ-ակամայ խառնւում էր այլ տեսակների հետ: Այստեղ խառնւում են ազգեր, ռասաներ, ցեղեր: Այստեղ բոլորս մէկ ենք, նոյնն ենք ու հաւասար ենք: Խնդիրը դարաշրջանի մէջ է, քանզի դարաշրջանի շնչով են ձեւաւորում ստանդարտ (չափանիշ) մարդուն` ստանդարտ ճաշակով: Իսկ ո՞րն էր այդ «ստանդարտ մարդը»` «… օրինապահ քաղաքացիներ, որոնք յետոյ դառնում են նոյնաձեւ, նոյնանման եւ արդէն չկան անհատականութիւններ, տեսակներ, ռասաներ, չկայ ազգային պատկանելութիւն: Կայ պետութիւն եւ կան քաղաքացիներ: Այդքանը՛»:
Մէգգիի ողջ ներքինը, սակայն, ընդվզում է աշխարհի ու մարդու, իրերի եւ իրողութիւնների նման դրուածքի դէմ: Կարծես նոր է միայն պարզում, որ իր ներաշխարհում «չգրուած օրէնքներ» կան. «Կար ամենակարեւորը, ինձ դաստիարակել էր հայ տատիկս այնպէս, որպէսզի անաղարտ ու մաքուր պահեմ ինձ, մինչեւ հանդիպեմ միակ սիրուս` ապագայ ամուսնուս»: Խոստովանում է, որ հէնց այդ «չգրուած օրէնքն» էր պայմանը «պարզ ճակատով նայելու հօրս ու տատիս աչքերին»: Ահա թէ ինչու, նա չէր կարող համակերպուել Ալվարեսի նման խաբեբայ, շահամոլ, նենգ մէկի հետ տեւական կապի պահպանմանը, թէեւ սիրում էր անկեղծօրէն ու ինքնամոռաց: Եւ, ի վերջոյ, որոշում է «փախչել ցաւի աղբիւրից, որի անունը Վիկտոր Ալվարես էր»` վերջ տալով ներսում փոթորկուող պատրանքներին: Այդպիսի որոշմանը նպաստում է նաեւ ճշմարիտ մտաւորականի, գրողի, արուեստի, նկատմամբ իր ու Վ. Ալվարեսի (նաեւ ժամանակակից միջավայրի մարդկանց) պատկերացումների ծայրայեղ անհամատեղելիութիւնը: «Բարոյազուրկ անձը, թէկուզ տաղանդաւոր, իրաւունք չունի մտաւորական կոչուելու: Արուեստի մեծագոյն դերը լուսաւորելն է, բայց եթէ արուեստագէտն աղտոտ է ներքուստ, նա ինչպէ՞ս կարարի այն լոյսը, որ բարձրացնում է մարդկանց առօրեայ ճղճիմութիւնից», համոզուած էր Մէգգին: Նրա համար չափազանց կարեւորութիւն եւ արժէք ունի նաեւ մայրենի լեզուն, որ ազգային տեսակի պահպանման հզօր պայմաններից է:

Ներքուստ ընդվզելով Ալվարեսի այն մտքի դէմ, ըստ որի հայերէնն ընդհանրապէս չի կարող հնարաւորութիւն ընձեռել յաջողութեան հասնելու համար, քանի որ «քաղաքակիրթ աշխարհը խօսում, կարդում եւ մտածում է անգլերէնով, Մէգգին առարկում է` «Հայերէն կարդում է նախ` իմ ժողովուրդը, իսկ աշխարհասփիւռ սփիւռքահայութիւնը մեծաքանակ բանակ է: Իմ ժողովրդի գրողներից շատերը յայտնի են աշխարհին` թարգմանուած լինելու շնորհիւ»:
Վիկտորի եւ նրա բոլոր շրջապատի հետ կապերը խզելու Մէգգիի վերջնական որոշմանը «դրդում է» նաեւ հէնց ինքը` Վ. Ալվարեսը` նրան մեղադրելով անբարոյականութեան մէջ: Յանդիմանելով «գեղանկարիչների ցուցահանդէսին մասնակցելու համար» հիւանդ հօր փոխարէն նրա նկարները Ամերիկա բերած Մէգգիին` Ռուսաստան վերադառնալու «նախնական պայմանաւորուածութիւնը» խախտելու մէջ, նա անտարբերութեամբ նետում է սիրած աղջկայ երեսին. «Այնպէս որ, դուք այն մարդը չէք, Մէգգի Սամուլեան, ով բարոյականութիւնից խօսելու իրաւունք ունի»: Իր հետ ամբողջ կատարուածը Մէգգիի մէջ ահագնանալով, ի վերջոյ, հասնում է մինչեւ քաղաքակրթութեան ապագայի նկատմամբ մեծագոյն մտահոգութեան ու ահազանգի. «Աղէտաբեր բարձունքներից գլորուող փոքրիկ ձնագնդերը աճում են քաղաքակրթութեան զարգացմանը զուգահեռ` հսկայածաւալ ձիւնակոյտեր դառնալով: Ահա այսպէս աճում է մարդկութեան ապագային առնչուող սպառնալիքը»: Իսկ ո՞րն է, ըստ գրող-հերոսուհու, այդ սպառնալիքի դէմն առնելու միջոցը, հնարը: Հայրենիքի եւ մարդու ներքին «թաքնախորհուրդ» կապը` եզրակացնում է նա: Յիշողութեամբ վերականգնելով իր մանկութեան շրջանի Հայաստանը` ցուրտ ու մութ տարիները, սոցիալական թշուառութիւնը, գործազրկութիւնը, որի պատճառով գիտնական պապը ստիպուած էր եղել վաճառել իր համար այնքան նուիրական գրադարանը, իսկ նկարիչ հայրը «բնամթերքի դիմաց Պարսկաստանից բերուած ապրանք էր վաճառում բացօթեայ տօնավաճառում», Մէգգին չի կարողանում մեղադրել շատերին, որոնք «դարձան տարագիրներ: Դարձան դեգերող հոգիներ` սեփական մաշկից հեռանալով: Չուեցին օտար երկրներ, որ զրոյից շարադրեն իրենց կենսագրութիւնը»: Ի հարկէ, կային նաեւ նուիրեալներ, ինչպէս հէնց իր հօրական պապը` պրոֆէսոր, ֆիզիկոս Արմէն Սամուլեանը, որ «անբացատրելի յամառ» մարդ էր, որոնք «չուզեցին լքել ո՛չ իրենց երկիրը, ո՛չ քաղաքը, ո՛չ բնակարանը»: Այսինքն` մարդկանց որոշումներն ու վարքը տարբեր էին, բայց, ըստ Մէգգիի, կար մի բան, որ միաւորում էր բոլորին` թէ՛ ներսում եւ թէ՛ դրսում. այն ճշմարտութիւնը, որ «մարդը չի կարող երջանիկ լինել, երբ հիւանդ է հայրենիքը: Քսանմէկերորդ դարի մարդը համարւում է մոլորակի բնակիչ: Նա ծնւում է մի երկրում, մեծանում մէկ այլ երկրում, ապրում, ստեղծագործում է մէկ ուրիշում: Բայց, այնուհանդերձ, կայ մի բան, որ գործում է` մնալով անկառավարելի, գործում է զգացական օրէնքներով: Եւ չի հաղորդակցւում արեան ձայնով, չի կարող համարուել հողի կամ նախնիների կանչ: Թաքնախորհուրդ ու որոշիչ է մարդու կապն իր երկրի հետ: Այդ կապը խորհրդաւոր է ու անբացատրելի: Դա մարդու էութիւնն է, նրա հոգու անբաժանելի մասնիկը, որ կորսուել է Այնտեղ…»:
Վերջապէս, կեանքի դաժան փորձութիւնների միջով անցած հերոսուհին ձեւակերպում է մարդու երջանկութեան իր բանաձեւը: Արձանագրելով, որ «Նահանգների գերագոյն օրէնքը» փողն է, իսկ «մարդը` ոչինչը: Շահն ու հարստանալու մոլուցքը իշխում են ընկերութեան, ընտանեկան փոխհասկացողութեան եւ խղճի օրէնքների վրայ` անչափ կարեւոր հասկացութիւններ խեղելով», Մէգգին յուսահատ բացականչում է. «Ու՞ր են սլանում մարդիկ առանց քուն ու հանգստի: Դոլարները լոյսի արագութեամբ սլանում են ազատուղով, դրանց հասնելը համարեա անհնար է, ապարդիւն վազք` մեծամասնութեան համար»: Եւ հետեւում է գլխաւոր միտքը, եզրահանգումը, խրատը կամ ճիչը. «Մա՛րդ արարած, տունդ ապարանք էլ սարքես, բանկային հաշիւներդ էլ պայթեն միլիարդներից, միեւնոյն է, զուր է չարչարանքդ, արիւն-քրտինքով ստեղծածդ: Ին՛չ էլ ստեղծես, ինչքան էլ ստեղծես` մէկ է: Չէ՞ որ տանդ մէջ սիրածդ տեղը ընդամէնը փոքրիկ անկիւնդ է` յարմար բազկաթոռով»: Ըստ էութեան, սա նաեւ ներքին կոչ է սրբօրէն պահպանելու ազգային-քրիստոնէական արժէքներն ու հաւատը, որ մեծերից սերունդներին են փոխանցուել դարեր շարունակ` մնալով միշտ արդիական: Այս իմաստով կարեւոր ուղերձներ են պարունակում վէպի այն էջերը, որոնցում Մէգգին յիշողութեան մէջ վերարթնացնում է իր տատի ու հօր` Աստծու եւ կրօնի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, ընկալումը: Տատի համար, օրինակ, «Քրիստոս անունը ամէն ինչ էր, Նա էր Անփոխարինելին»: Տիրոջ շուրջն էին համախմբւում, միաւորւում իրենց տան բոլոր անդամները, «Նրա շուրջն էին պտտւում Հայաստանն ու ամբողջ երկիրը»: Հօր սրտի մէջ էլ հաւատ կար, բայց փոքր-ինչ այլ դրսեւորումներով: Նա աւելի հանդուրժող էր, «հետաքրքիր փիլիսոփայութիւն ունէր», ըստ որի «իւրաքանչիւր մարդ հաւատալու իր իրաւունքն ունի` ըստ սեփական փորձառութեան, մտքերի, զգացմունքների»: Եկեղեցուն էլ դէմ չէր հայրը, համոզուած, որ «այն միաւորում է մարդկանց` ամէն ինչ հսկողութեան, կարգ ու կանոնի մէջ պահելով»:
Վէպն ունի տարբեր ծալքեր, ուղղութիւններ, փոխներթափանցումներ` իւրովի մեկնաբանութիւններով, որոնք ընթերցողի համար գրաւիչ են դարձնում պատումը, երբեմն նաեւ աֆորիստիկ ձեւակերպումներ ստանալով` «Մեր ուղեղը հակադրւում է յիշողութեանը, որպէսզի ապրենք,, , ,,Դաւաճանութիւնն է մարդու մեծագոյն պարտութիւններից մէկը», «Սէր եւ ցաւ. դրանք այնքա՜ն նման են», «Մեր ես-ը կազմաւորւում է ամենախոր ապրուած զգացմունքներով: Յաճախ` հէնց դրանք են մեր շղթաները»:
Հեղինակի լեզուն սահուն է ու պատկերաւոր. օրինակ` «Քար լռութիւն: Կոպերս ծանր մետաղէ դարպասներ են, որ չեն փակւում», «Աղաջուրը մանկան արցունքի պէս պիտի լինի», որովհետեւ ,,մեծերի արցունքը երկար ապրելուց աւելի աղի էր», լուսինը` «երկնքի աչքը»…
Մասնաւորից դէպի ընդհանուրը, անձնականից դէպի համազգայինն ու համամարդկայինը ձգուող զարգացման տրամաբանութեամբ Մարգարիտ Դերանցին յաջողւում է քայլ առ քայլ առաջ տանել մարդու ներաշխարհային «թաքնախորհուրդ» կապերի իր զննումները` նման շահագրգիռ ձգտումներ բորբոքելով նաեւ ընթերցողների հոգիներում:
* Բանասիրական Գիտութիւնների Դոկտոր
Հայաստանի Գրողների Միութեան Վարչութեան Քարտուղար