ԿԱՐԻՆԷ ԹԱԴԵՒՈԵԱՆ
2023ի Մայիսի 7ին, Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային (ԵԿ) կենտրոնի հայ գրականութեան ու հայոց պատմութեան խմբակների լաւագոյն աշակերտների համար կազմակերպուեց ճանաչողական էքսկուրսիա (զբօսապտոյտ)՝ դէպի Թբիլիսի:
Առաջին այցեվայրը եղաւ »Յովհ. Թումանեանի տուն« գիտամշակութային կենտրոնը, որտեղ ԵԿի խմբին սիրով դիմաւորեց Թումանեանի տան զբօսավար Էդիտա Զօրաբեանը: Զբօսավարը սաների հետ անցկացրեց Թումանեանի կեանքին, ստեղծագործութիւններին նուիրուած բաց-դաս: Տիրում էր թումանեանական մթնոլորտ, սաները ասմունքում էին, երգում, Թումանեանի կեանքից հետաքրքիր պատմութիւններ, հարցեր յղում զբօսավարին եւ բաւարարւում մատուցուած խորիմաստ պատասխաններից: Զգացւում էր սաների մեծ սէրը դէպի Ամենայն Հայոց բանաստեղծը, որի ապացոյցն էր նրա ստեղծագործութիւնների իմացութիւնը եւ խորապէս ուսումնասիրուած լինելը:
Այստեղից խումբը ուղեւորուեց Թբիլիսիի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եւ Հաւլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներ: Հայոց հինաւուրց եւ զօրաւոր եկեղեցիներում մոմեր վառելուց եւ Աստուածային շունչն ու զօրութիւնը հոգեպէս ներառնելուց յետոյ, էքսկուրսիայի մասնակիցները մեկնեցին Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գիւղ, որտեղ մասնակցեցին Ղ. Աղայեանին նուիրուած աւանդական միջոցառմանը:

Շրջայց կատարեցին Ղ. Աղայեանի տուն-թանգարանում եւ ԵԿի »Հայք« համոյթի երկու պարուհիները միջոցառմանը ներկայացան »Պարման«ջ պարով:
Օրն անցաւ հարուստ տպաւորութիւններով, այցելուները եւ էքսկուրսիայի մասնակիցները յուզական դրական լիցքով յագեցած վերադարձան Ախալքալաք:
ԿԱՐԻՆԷ ԹԱԴԵՒՈԵԱՆ՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի պատասխանատու