Ղարաբաղեան կարգաւորման հարցով ռուսաստանցի միջնորդ Եուրի Մերզլեաքովը Մինսքի խմբի համանախագահների անունից կոչ է արել երկու երկրների նախագահներին՝ օգտուել եզակի առիթից եւ համաձայնութիւն ձեռք բերել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների շուրջ, քանզի յաջորդ տարի նման հնարաւորութիւն չի ընձեռուելու: Նա փաստել է, որ 2007-2008 թուականներին Հայաստանում եւ Ատրպէյճանում ընտրութիւններ են տեղի ունենալու, ինչը բացասաբար է անդրադառնալու բանակցային գործընթացի վրայ:
«Բացի այդ, առանցքային քաղաքական դէմքերը, ովքեր հայկական կողմից վերջին տասը տարուայ ընթացքում մասնակցել են բանակցութիւններին, յաջորդ տարի սկսելու են դուրս մնալ բանակցային գործընթացից», ռուսական ԻԹԱՐ-ԹԱՍՍ գործակալութեանն ասել է Մերզլեաքովը՝ չմանրամասնելով, սակայն, թէ ո՛ւմ մասին է խօսքը:
Ամերիկացի միջնորդ Մէթիու Պրայզան յայտարարել է, որ համանախագահները հետեւողականօրէն կը շարունակեն աշխատել ղարաբաղեան հակամարտութեան կողմերին խաղաղութեանը մօտեցնելու ուղղութեամբ՝ անկախ Հայաստանում եւ Ատրպէյճանում ներքաղաքական իրավիճակից:
«Մենք արդէն մատնանշել ենք Հայաստանում եւ Ատրպէյճանում 2007 եւ 2008 թուականների ընտրութիւնները որպէս պատճառ, թէ ինչո՛ւ 2006 թուականը իտէալական «հնարաւորութիւնների պատուհան» է ներկայացնում երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնութիւնը աւարտին հասցնելու համար», ասել է Պրայզան ատրպեճանական «Թրենտ» գործակալութեան հարցազրոյցում՝ յաւելելով. «Կան, ի հարկէ, շատ այլ պատճառներ եւս հակամարտութեան խաղաղ լուծումը շուտափոյթ ընդունելու համար»:
Պրայզան ընդգծել է, որ Հայաստանում եւ Ատրպէյճանում անցկացուելիք ընտրութիւնները, իրօք, կարող են ազդել հակամարտութեան խաղաղ կարգաւորման հեռանկարների վրայ: «Մենք յուսով ենք, որ ազդեցութիւնը դրական կը լինի, եւ երկու երկրների ժողովուրդները կը ծանուցեն իրենց առաջնորդներին եւ իշխանութեան թեկնածուներին այն մասին, որ իրենց հասարակայնութիւնը ողջունում է խաղաղութեանը, կայունութեանը եւ բարգաւաճմանը մօտենալու ջանքերը», ասել է նա:
Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներ Ռոպերթ Քոչարեանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կ՚ունենայ Նոյեմբերի 28ին Մինսքում՝ ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում: Իսկ մինչ այդ Նոյեմբերի 21ից 23ը շրջան հերթական այցը կը կատարեն Մինսքի խմբի համանախագահները:
Ինչպէս յայտնի է, Նոյեմբերի 14ին Պրիւքսէլում կայացել է արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանեանի եւ Էլմար Մամէտեարովի հերթական հանդիպումը: Նոյն օրը ստորագրուել է նաեւ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Վրաստանի՝ եւրոպական հարեւանութեան գործողութիւնների ծրագիրը, ինչը ենթադրում է, որ առաջիկայում Եւրամիութեան եւ հարաւային Կովկասի միջեւ յարաբերութիւնները որակական նոր փուլ են մտնում: Փաստաթղթերն ստորագրած Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարները յոյս են յայտնել, որ գործողութիւնների ծրագրերի ի յայտ գալը նոր էջ կը բացի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում:
Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարը յայտարարել է, թէ պրիւքսէլեան հանդիպումը օգնեց հայկական եւ ատրպեճանական կողմերին՝ աւելի լաւ հասկանալ այն սկզբունքները, որոնց վերաբերեալ համաձայնութիւն ձեռք չի բերուել:
«Հանդիպումը կառուցողական էր, քանի որ մենք սկսեցինք աւելի յստակ հասկանալ այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել», «Ազատութիւն» ռատիոկայանի ատրպեճանական ծառայութեանը տուած հարցազրոյցում ասել է Էլմար Մամէտեարովը:
Վարդան Օսկանեանը իր ատրպէյճանցի գործընկերոջ հետ հանդիպումից յետոյ ասել է, որ բանակցութիւնների ընթացքում առաջընթաց է նկատուել «այն առաջարկութիւնների, մտքերի շուրջ, որ հնչեցուել էին Մոսկուայի հանդիպման ընթացքում եւ Փարիզում քննարկուել էին, իսկ այս հանդիպման ընթացքում համաձայնութեան ընդհանուր եզրեր սկսեցին երեւալ»: Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ «բանակցութիւնները պէտք է շարունակել»:
«Չեմ կարող ասել, թէ յստակ պայմանաւորուածութիւններ կան, բայց այդ քննարկումների տողատակում կարելի էր զգալ, որ դիրքորոշումների որոշ մօտեցում կայ: Դա ուզում էք համարել ճկուն մօտեցում, փոխզիջում՝ չեմ ուզում որակաւորումներ տալ, միայն կարող եմ արձանագրել, որ համաձայնութեան շատ ընդհանուր եզրեր այս հանդիպման ընթացքում, կարծէք թէ, ի յայտ եկան», ասել է Օսկանեանը «Ազատութեան» հետ զրոյցում:
Ստեփանակերտում շարունակում են յոռետեսօրէն մօտենալ կարգաւորման մասին հնչող որոշ լաւատեսական յայտարարութիւններին: Նկատենք, որ անգամ այն օրերին, երբ ամենաբարձր մակարդակով ասւում էր, որ կողմերը մօտ էին համաձայնութեան հասնել Ռամպույէում, Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները դրան վերապահումներով էին մօտենում: Ինչպէս յայտնի է, 1997 թուականի Ապրիլից, ըստ էութեան, ղարաբաղեան կողմը դուրս է մնացել կարգաւորման բանակցութիւններից, եւ միայն համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղ այցերը յիշեցնում են, որ հակամարտութիւնն ունի երեք կողմ:
Նախագահ Արկադի Ղուկասեանի խորհրդական Արման Մելիքեանը Երեքշաբթի օրը լրագրողների «Ուրբաթ» ակումբում յայտարարեց, որ կարգաւորման գործընթացում կան մի շարք գործօններ, որոնք կարող են վիժեցնել բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, վերահսկելի տարածքներ, փախստականներ։ Մելիքեանը համոզուած է, որ գլխաւոր խնդիրը կարգավիճակն է, եւ միայն Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչման դէպքում է հնարաւոր ապահովել բարեկեցիկ ապագայ արցախահայութեան համար։ Իսկ Ատրպէյճանի հովանու ներքոյ որեւէ կարգավիճակով հնարաւոր չէ պատկերացնել Լեռնային Ղարաբաղի ապագան: Արման Մելիքեանը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում չեն հաւատում «բաց պատուհանների» մասին խօսակցութիւններին:
Ի դէպ, արցախեան պատերազմի 51 հրամանատարներ, որոնք միաւորուել են «Ազատամարտի եղբայրութիւն» խորհրդում, Հինգշաբթի օրը Երեւանում կոչ արեցին միանալ «Քաղաքացիական անհնազանդութիւն» շարժմանը: Արկատի Կարապետեանը, ով եղել է ղարաբաղեան ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարը, ասաց, թէ «իբրեւ թշնամիների են» դիտելու իշխանութիւններին, եթէ վերջիններս պատրաստւում են Ղարաբաղի հարցը «լուծել մինչեւ տարեվերջ եւ վերադարձնել ազատագրուած տարածքները»: «15ամեայ մեր անկախ պետականութեան միակ շօշափելի յաղթանակը Արցախն է, մնացեալ ոլորտներում միայն ետընթաց է: Եկէք բոլորս միանանք՝ Հայաստանն ու հային փրկելու, վերականգնելու արդարութիւնը բոլոր բնագաւառներում», յայտարարեցին նախկին ազատամարտիկները: Ազատամարտիկները Հայաստանի ղեկավարութեանը յորդորեցին վերջ տալ տարածքներ յետ տալու մասին աւելի ու աւելի յաճախակիացող խոստումներին:
Ազատագրուած տարածքների խնդրին անդրադարձել է նաեւ Իլհամ Ալիեւը, բնականաբար այլ ենթաթեքսթում եւ այլ վայրում: Ուրբաթ օրը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացուող թրքալեզու պետութիւնների վեհաժողովում Ալիեւը յայտարարել է, թէ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը վտանգ է ստեղծում ոչ միայն Ատրպէյճանի, այլեւ ամբողջ շրջանի համար: «Չնայած այնպիսի միջազգային կազմակերպութիւններ, ինչպիսիք են ՄԱԿը, Եւրոպայի խորհուրդը եւ Իսլամական համաժողով կազմակերպութիւնը, Հայաստանին նախայարձակ են ճանաչել եւ հանդէս են գալիս Ատրպէյճանի գրաւեալ տարածքներն անյապաղ ազատելու պահանջով, Հայաստանը չի գնում դրան», ասել է Ատրպէյճանի նախագահը:
Թուրքիայի նախագահ Ահմէտ Սէզէրը թրքալեզու երկրների վեհաժողովում վերահաստատել է իր համերաշխութիւնը Ատրպէյճանին. «Ցանկանում եմ շեշտել, որ մենք շարունակելու ենք աջակցել եղբայրական Ատրպէյճանին Լեռնային Ղարաբաղի հարցում»:
Իսկ Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեանը Նոյեմբերի 16ին, ելոյթ ունենալով գերմանական Պերթելսման հիմնադրամում՝ յայտարարել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների աշխուժութեանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հեռանկարների վերաբերեալ լաւատեսական կանխատեսումների համար առանձնայատուկ հիմքեր ներկայումս չկան:
Քոչարեանը յայտարարել է, որ հայկական կողմի համար անընդունելի է հակամարտութեան կարգաւորման այնպիսի տարբերակը, որը ենթադրում է «վերադարձ անցեալին»: «Պատմութեանը հաւանաբար յայտնի չէ այնպիսի դէպք, երբ ծանր պայքարի եւ զրկանքների գնով անկախութիւն ձեռք բերած եւ այդ անկախութեան պտուղները 15 տարուայ ընթացքում վայելող ժողովուրդը յօժարակամօրէն հրաժարուի դրանից բանակցութիւնների ընթացքում: Մենք անհնարին ենք համարում վերադարձն անցեալին նաեւ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի գիտակցութիւնում անշրջելի փոփոխութիւններն են տեղի ունեցել», նախագահ Քոչարեանի խօսքերը մէջբերում է «Մետիամաքս» գործակալութիւնը:
Քոչարեանը չի կարծում, որ Քոսովոյի անկախութեան հաւանական հռչակումը լուրջ ազդեցութիւն կ՚ունենայ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ընթացքի վրայ. «Եթէ Քոսովոն ճանաչուի անկախ, ապա դա լաւ հիմք կը հանդիսանայ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքին սատարելու համար, սակայն դա մեծ նշանակութիւն չի ունենայ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որը ցանկացած դէպքում չի պատրաստւում հրաժարուել նուաճած անկախութիւնից»:
Հայաստանի նախագահը շեշտել է, որ ի տարբերութիւն Քոսովոյի, որն այսօր տէ ֆաքթօ անկախ է ի շնորհիւ ՆԱԹՕի եւ Եւրոմիութեան միջամտութեան, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրոյն է պայքարել իր անկախութեան համար՝ առանց դրսից ոեւէ մէկի օգնութեան:
Ռոպերթ Քոչարեանը զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ անկախութեան համար պայքարի եւ պերլինեան պատի անկման միջեւ: Նրա խօսքերով, երկու դէպքում էլ խօսքը բաժանուած ժողովուրդների միաւորման մասին է: «Պերլինեան պատի անկումը հնարաւոր եղաւ ԽՍՀՄ փլուզման շնորհիւ: 70 տարիների ընթացքում մենք չէինք կարող բարձրացնել Լեռնային Ղարաբաղի անկախութեան հարցը, սակայն Խորհրդային Միութեան փլուզումը մեզ տուեց այդ հնարաւորութիւնը», ասել է Հայաստանի նախագահը:
Մնում է սպասել նախագահների մինսքեան հանդիպմանը: Յիշեցնենք, որ Դեկտեմբերի վերջերին նախագահներ Քոչարեանն ու Ալիեւը կը մասնակցեն Ալմաթիում նախատեսուող ԱՊՀ յոբելենական վեհաժողովին, այսինքն այս տարուայ ընթացքում նրանք եւս մէկ անգամ բանակցելու հնարաւորութիւն կ՚ունենան: Անշուշտ դա իմաստ կ՚ունենայ, եթէ Մինսքում նրանց յաջողուի առաջընթաց գրանցել: