Ահա այս սուրբ լեզուի գովքով է ամէն հայի ճանաչուել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեան անունը:
Ամէն անգամ նրա գրուածքները ընթերցելիս, միշտ նոր ապրումով եւ նոր հաղորդականութեամբ գնահատում ենք բանաստեղծուհուն, որ հայրենի հողի վրայ իսկ տագնապի էր մատնուած, իր դարաւոր լեզուի պահպանումն իրականացնելու:
Սիլվա Կապուտիկեանը ծնուել է 1919ին, Երեւանում: Վանեցի ծնողների զաւակը դեռ չծնուած կորցրել է հօրը եւ մեծացել մօր եւ մեծ մօր հոգածութեան տակ: Միջնակարգ կրթութիւնն ստանալուց յետոյ աւարտում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժինը:
1949-1950ին սովորում է Մոսկուայի Մ. Գորկու անուան գրական բարձրագոյն դասընթացներում, այնուհետեւ ամբողջովին նուիրւում գրական եւ հանրային գործունէութեան: Կապուտիկեանը գրել սկսել է 1930ականներից: Առաջին գիրքը՝ «Օրերի հետ», հրատարակւում է 1945ին: Այս եւ յաջորդող հատորները՝ «Զանգուի ափին», «Այս իմ երկիրն է», «Իմ հարազատները», «Բարի երթ», «Մտորումներ ճանապարհի կէսին», իրեն լայն ճանաչում բերեցին, իբրեւ Հայաստանի մէջ փնտռուած բանաստեղծուհի:
Մեր գրական իրականութեան մէջ, մեզ համար կին գրողների մէջ եզակիութիւններ են եղել Զապէլ Եսայեանը, Սիպիլը, իրենց գրական, ազգային եւ քաղաքական նուիրումներով: Սիլվա Կապուտիկեանը եկաւ շարունակելու նրանց վաստակը: Առաջին իսկ բանաստեղծութիւններից արդէն նա իր ճանապարհը ընտրել էր եւ իր հետագայ տարիների ընթացքում, այդ ճանապարհին նա մնաց նոյն ուղեւորը, թէեւ ճանապարհները ոլորապտոյտ ընթացք ստացան: Այս փոփոխութիւնները կարող էք գտնել իր բազմերանգ ելեւէջներով վաստակի մէջ: Այնտեղ կայ մեր ժողովուրդը, երկիրը, իր թաքուն եւ բացայայտ տուայտանքներով, մեր ապրելու վճռակամութիւնը. այնքան հաստատ, որքան իր երգած հայաշխարհը:
Նա այն մտաւորականն էր, որ իր ստեղծագործութեան մէջ ցոլացնում էր թէ՛ ժամանակի ոգին եւ թէ՛ իր ժողովուրդի ամբողջական ապրումները, հաւատալով բանաստեղծական անմիջականութեան եւ ներգործիչ զօրութեանը: Նա կանգնած էր ամէն տասնամեակի գլխին եւ իր խօսքն ունէր ասելու: Դրանից ահա մշտանորոգ շունչն ու խօսքի նորարարութիւնը իր բանաստեղծական վաստակի մէջ: Նա չբաւականացաւ բանաստեղծութեամբ, այլ ինչպէս վայել է ամէն մտաւորականի, եղաւ քաղաքական գործիչ, պետական պատգամաւոր, արձակագիր-յուշագրող եւ Հայաստանին, հայ ժողովրդին, իր դաւանած գաղափարաբանութեամբ ծառայութեան նուիրուած անձնաւորութիւն: Թէպէտեւ այդ ճանապարհին ինչպես շատ ու շատ խորհրդային մտաւորականներ, նա եւս ունեցաւ ելեւէջներ, իր հանրային-քաղաքական գործունէութեան մէջ:
Մասնաւորաբար Սփիւռք այցելած ժամանակ, երբ հաղորդակցուեց սփիւռքեան կեանքին եւ դիմագրաւած դժուարութիւններին, թէպէտեւ միասնականութեան կոչ արեց Սփիւռքի եւ հայրենիքի հայութեանը, ջատագովեց հայութեան ամբողջական լինելութեան գաղափարը, սակայն նա չկարողացաւ լինել իրապաշտ եւ սփիւռքեան իրականութեան հարազատ թարգմանը: Եւ յետադարձին իր գրած հատորներում, «Խճանկար հոգու եւ քարտէսի գոյներից», «Քարաւանները դեռ քայլում են» եւ մամուլի մէջ հրատարակած յօդուածներով, բացասական երեւոյթները յիշելով, քննադատեց եւ ստորագնահատեց սփիւռքեան հայապահպանման աշխատանքների մէկ մասը, միշտ մեկնելով կոմունիզմի հետ չգտնուելու սփիւռքեան գլխաւոր քաղաքականութեան դրսեւորումները: Եւ այս գործերը թարգմանւում էին ռուսերէնի, անմիջապես գոհացում տալու խորհրդային ղեկավարներին: Արդար լինելու համար պէտք է նշել նաեւ, որ ապրելով համայնավարութեան պայմաններում, նա դարձաւ այդ գաղափարախօսութեան ոչ միայն կրողը, հաւատացողը, այլեւ քննադատը, որի նպատակն էր իր դաւանած կուսակցութիւնը տեսնել զերծ անհամար սայթաքումներից: Այսուհանդերձ ակադեմիկոս, թէ քաղաքական գործիչ, Սիլվա Կապուտիկեանը բանաստեղծական շքեղ վաստակով հայութեան հոգիների մէջ կը մնայ որպէս հայրենապաշտ բանաստեղծ: Նրա քերթուածները որքան հնչեղ են հայրենասիրութեամբ, նոյնքան փայլուն են քնարականութեամբ: Որպէս կին բանաստեղծուհի, նա կարողացաւ լոյս աշխարհ հանել կանացի հոգու ընդերքը, արեւին պարզել նրա յաւերժական լինելութեան առեղծուածը:
Ի տարբերութիւն եւրոպական գրականութեան, հայ իրականութեան մէջ կնոջ ձայնը այնքան էլ լսելի չէր: Նա կարողացաւ իր հոգու լիութեամբ երկնել ստեղծագործութիւններ, որոնք կանացի հոգում դարերով թաքնուած, չասուած, չարտայայտուած, չլսուած ու չիրականացած երազների մասին էին:
Նա այն բախտաւորներից էր, որոնց գործերը թարգմանուեցին Խորհրդային Միութեան զանազան ժողովուրդների լեզուներով, մասնաւորաբար ռուսերէնի, եւ կարողացաւ ոչ միայն լսել տալ իր ժողովրդի ճակատագրի կրողն հանդիսացող հայ կնոջ տառապալից ապրումների եւ մաքառման մասին, այլեւ այսօրուայ ամենաքաղաքակիրթ եւ ազնուական բարեկեցութեամբ ապրած հայ կնոջ հոգու քնքուշ ու թաւշեայ զգացմունքներից խօսել: Ու ապշում ես, վանեցի գաղթական ընտանիքի զաւակը, իր ծիներով կրելով իր ազգի արհաւիրքների փորձութիւնները, ինչպէ՞ս է կարողացել նորից սէր երգել, նորից կարօտի ու հրաշքի հաւատալ:
Եւ այս հայ բանաստեղծութեան դեսպանութիւնը բարիք եղաւ հայ ժողովուրդի համար: Թարգմանը հանդիսանալով իր ժողովրդի, նրա մեծ ապրումների ու մանաւանդ մեծութեանը, բանաստեղծութեան ճանապարհով Կապուտիկեանը կարողացաւ փոխանցել եւ ծանօթացնել օտարներին, հայութեան ու հայ գրականութեան հանդէպ համակրանք եւ գնահատանք ստեղծելով:
Ու կեանքի փորձառութեամբ հարուստ, աշխարհ ու մարդիկ տեսած, գործած, պայքարած, գրած ու բողոքած, կենսագրական կերտած մեծ հայուհու խօսքը կարեւոր է նաեւ մեր ժամանակներում:
Կարելի է պայմանաւորել ազգային մտաւորականին, որ նա ամէնուրեք, գեղարուեստական թէ հրապարակախօսական իր ելոյթներում գերադաս նկատեց հայ ժողովուրդը: Այդ բոլորի համագումար անհատականութիւնը այսօր, գրական պատմութիւն կերտած, մեզ է հասնում իբրեւ մի կին, մի հայ կին, որ իր դրոշմն է դրել հայաստանեան մշակոյթի վերելքի եւ մեր կեանքի բազմաթիւ ասպարէզների վրայ:
Կեանքի վերջին տարիներին անգամ, երբ բանաստեղծուհին բոլորել էր իր ութսունամեակը, նրա գրիչը դեռ բեղուն էր: Նա իր նկարագրին յատուկ, ունկնդիր էր իր ազգի ու ժողովրդի սրտի ու հոգու կանչին. իր ստեղծագործութիւնները արձագանգն էին մեր հայրենիքի ամէնօրեայ կեանքի, միշտ հաղորդ, այնքան կարեւոր պատմական այս վճռորոշ ժամանակներում:
Բանաստեղծութիւնների վերջին երկու հատորները վերնագրեց «Տագնապ» եւ «Ոսկեհատիկ»: Այս երկու վերնագրերն էլ կարծես բնորոշումն են բանաստեղծուհու երկակի ապրումների, մի կողից նրա տագնապը, իր ժողովուրդի լինելիութեան, յարատեւութեան, միւս կողմից ահա ա՛յն ոսկեհատիկը, որ հողում նետուելուց յետոյ պէտք է ծլարձակի, որ հայ ժողովրդի արգանդը դառնայ իսկապէս բեղուն եւ կարողանայ երկնել մեր նոր օրերի Սիլվա Կապուտիկեաններ: