ՍԵՐԻՆԷ ԱՐԱՄԵԱՆ
Դեկտեմբերի 17ին, Բրբենքի Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարը բազմամարդ էր, իսկ տիրող տրամադրութիւնը` տօնական եւ վարակիչ:
Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի օրհնութեամբ երկամեայ դադարից յետոյ տեղի ունեցաւ սպասուած միջոցառում` նուիրուած հայապահպանութեանը եւ Ամանորին: Այն սկսուեց Խաժակ քհնյ. Շահբազեանի Տէրունական աղօթքով:
Քանի որ օտար երկրում դպրոցը դառնում է փոքրիկ հայրենիք եւ հայապահպանութեան օջախ, «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի անձնակազմը` գլխաւորութեամբ տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի, մեծ պատասխանատուութեամբ եւ նուիրուածութեամբ է վերաբերում այդ շնորհակալ գործին: Այսօր` այս դժուարին ժամանակաշրջանում, երբ մեր ազգի ու պետութեան առջեւ օրը օրին ծառանում են նոր մարտահրաւէրներ, առաւել քան երբեւէ կարեւորւում է ազգապահպանութեան, հաւատքի, հայեցի դաստիարակութեան դերը ինչպէս հայրենիքում, այնպէս էլ Սփիւռքում, ինչը դպրոցի աշակերտները արեցին հպարտութեամբ եւ բարձր պատասխանատուութեամբ:
Հանդէսը կազմուած էր երկու մասից. սկզբից մասնակցում էին 1-2րդ, ապա 3-6րդ դասարանցիները: Նրանց շուրթերից հնչեցին հայի ինքնութեան, յարատեւութեան եւ հայ մնալու երաշխիքներ, ինչպէս նաեւ մայրենիի պահպանման խոստում` որպէս գոյատեւման գրաւական: Հանդիսութեան ընթացքում երկրորդ դասարանի աշակերտները ստացան «Տառաճանաչութեան վկայական»ներ, որոնցով սկիզբ դրուեցին նրանց ազգային աշխարհընկալմանն ու հայեցի լեզուամտածողութեանը:
Միջոցառումը շարունակուեց Ամանորեայ երգերով, որոնք բարձրացրին ներկաների տրամադրութիւնը: Աշակերտները իրենց արտասանութիւններում աւետեցին նաեւ Սուրբ Ծննդեան հրաշքը` միախառնուած հայրենաշունչ խորհրդանիշներով: Նրանք համակուած էին յուզախառն զգացումներով` լի նոր ու բարի սպասումներով: Աշակերտների սրտերում գերիշխում էին սէրը, ջերմութիւնը եւ լաւատեսութիւնը այն սպասումով, որ տեղի կ՛ունենայ հրաշք եւ բոլորս կ՛ունենանք նոր յաղթանակներ ու ձեռքբերումներ: Բոլորի ոգեւորութիւնը կրկնապատկուեց, երբ անակնկալ կերպով այցելեց առատաձեռն Ձմեռ պապը` գեղեցիկ նուէրներով:
Շնորհակալական խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը, որը օրուայ եկեղեցական տօնը` Ս. Յակոբ Մծբնայ հայրապետի յիշատակութիւնը, զուգահեռեց Հայոց Մայր եկեղեցում կատարուող մշտամնայ հրաշքների հետ: Իրապէս, հրաշք է, որ 3-4րդ սերնդի մեր սաները շարունակում են կարդալ, խօսել եւ երգել մեր ոսկեղենիիկ մայրենի լեզուով: Ապա մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց անցեալի ու ներկայի բոլոր ուսուցիչներին: Վերջում իր օրհնութիւնը բաշխեց թեմական առաջնորդ Յովնան սրբազանը` նշելով, որ Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարի կամարների տակ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի սաները սովորում են հայոց լեզուն, ծանօթանում` հայ հաւատքին` կապելով իրենց սիրտը եւ հոգին Աստծու հետ: Նա երեխաների ներկայութիւնը եկեղեցում նմանեցրեց իւրօրինակ աղօթքի, որի լեզուն մեսրոպաշունչ հայերէնն է: Իր մասնաւոր գնահատանքի խօսքն ուղղեց գեղեցիկ միջոցառումը կեանքի կոչողներին` դպրոցի տնօրէնին, տաղանդաշատ ուսուցիչներին, ծնողներին եւ իհարկէ աշակերտներին:
Արեւմտեան թեմը, հաւատարիմ մնալով իր ազգանուէր առաքելութեանը, օտար հողի վրայ ապահովում է ապագայ սերնդի արժանապատիւ յարատեւութեան ամրապնդումը:
Աւարտուեց ուսումնական կիսամեակը, որի ընթացքում եւս տեղի էին ունեցել կրթական նորութիւններ: Մեծահասակ աշակերտների համար առաջին անգամ դպրոցում բացուել էր յատուկ արագացուած դասարան, որը հնարաւորութիւն կը տայ աշակերտներին եօթ տարուայ ուսումնական ծրագիրը անցնել չորս տարում, ինչպէս նաեւ կրթօջախում բացուել է երկարօրեայ դասարան` համավարակի պատճառով հետ մնացող երեխաներին օժանդակելու, նրանց կրթական որակը էլ աւելի լաւը դարձնելու համար:
Դասերը վերսկսուելու են 2023ի Յունուարի 14ից:
Շնորհաւոր գալիք Նոր տարի եւ Ս. Ծնունդ:
Քրիստոս ծնուեց եւ յայտնուեց, մեզ եւ ձեզ մեծ աւետիս: