
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Մշակութային հիմնարկի «Մենք ենք Գիւմրին» նախաձեռնութիւնը շարունակում է արձանագրել նուաճումներ ու ազդարարել նոր ծրագրերի մասին: Ստեղծումից 8 տարի անց, նախաձեռնողներն ու շահառուները համակարծիք են յաջողութեան հարցում, եւ ուրախութեամբ նշում են, որ այն առանձնայատուկ դեր ունի գիւմրեցիների կեանքում: Այս մասին նշուեց նաեւ Գլենդելում Դեկտեմբերի 1ին կայացած Հայ Մշակութային հիմնարկի` «Մենք ենք Գիւմրին» ծրագրին նուիրուած ամէնամեայ ձեռնարկի ժամանակ, որտեղ ներկայացուեցին ձեռքբերումները, ընթացիկ աշխատանքներն ու տեղի ունեցաւ դրամահաւաք:
Ձեռնարկի հանդիսավար, «Ասպարէզ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Խաչատրեանը պատմական անդրադարձ կատարեց` նշելով, որ 1988 թուականի աւերիչ երկրաշարժից յետոյ Գիւմրին յայտնուեց համայն հայութեան հոգածութեան կենտրոնում: «34 տարի առաջ, Դեկտեմբերի 7ին, պատուհան բացուեց դէպի հայրենիք, եւ սփիւռքահայերի համար դարձաւ առիթ ճեղքելու խորհրդային երկաթեայ վարագոյրն ու սկսելու վերադարձը տուն, մեր աղէտից տուժած հայրենակիցներին աջակցելու միջոցով: 2014 թուականին մեկնարկած «Մենք ենք Գիւմրին» նախաձեռնութիւնն առանձնայատուկ ուշադրութեան դրսեւորում էր երկրաշարժից տուժած Հայաստանի այս շրջանի նկատմամբ` ուղղուած երիտասարդներին: Ծրագրերը տարիների ընթացքում ընդլայնուեցին, մոխիրներից յառնեց մի հիանալի ու հետաքրքիր կենտրոն, որ ամբողջական դարձրեց նախաձեռնութեան գործունէութիւնը»: Արա Խաչատրեանը երախտիքի խօսքեր ուղղեց ձեռնարկին ներկաներին` ընդգծելով նրանցից իւրաքանչիւրի ներդրումն այդ գործում:


«Մենք ենք Գիւմրին» նախաձեռնութեան շրջանակներում, «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնի բացումը Գիւմրիում նոր թափ հաղորդեց ծրագրերին: Նպատակն էր՝ գիւմրեցի պատանիների ու երիտասարդների համար հիմնել ապահով ու ստեղծագործ միջավայր` կրթութիւն ստանալու, ստեղծելու եւ ձեւաւորուելու որպէս ապագայի առաջնորդներ, նաեւ նրանց հնարաւորութիւն ընձեռել երազանքներն իրականութիւն դարձնելու հայրենիքում:
««Մենք ենք Գիւմրին» ծրագրի ֆինանսաւորմամբ, «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնում այսօր գործում են արտադպրոցական ծրագրեր, այդ թւում` լեզուների, համակարգչային հմտութիւնների դասաւանդման, արուեստի խմբակներ: Միաժամանակ, անցկացւում են տարբեր կարգի միջոցառումներ` սեմինարներ, ամառային ճամբարներ, ժամանցային ձեռնարկներ», տեղեկացրեց ԱՄՆում ծրագրի ներկայացուցիչ Շանթ Պապուճեանը: Նա նշեց, որ ծրագրի մէկ այլ բաղադրիչ է «Մինա Շիրվանեան» անուանական կրթաթոշակը, որը Շիրակի մարզի ուսանողներին հնարաւորութիւն է տալիս շարունակել կրթութիւնն իրենց ծննդավայրում: Պահանջուող կամաւորութեան ժամերն էլ կրթաթոշակի շահառուները ստանում են կենտրոնում` փորձն ու գիտելիքները փոխանցելով կրտսեր սերնդին: Կրթաթոշկի շահառուների թիւն այսօր 65ն է:
«Մենք ենք Գիւմրին» ծրագրի շրջանակներում իրականացուող ընթացիկ աշխատանքների մասին Գիւմրիից ուղիղ տեսակապով իւրատեսակ հաշուետուութիւն ներկայացրեց «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Գոհար Բադալեանը:


«Կենտրոնը շատ մեծ տեղ ունի գիւմրեցիների, յատկապէս` պատանիների կեանքում: Այստեղ անվճար գործում են անգլերէնի, ռուսերէնի, հայոց պատմութեան, համակարգչային դասընթացներ, դասաւանդւում է դաշնամուր, կիթառ, նկարչութիւն, ազգային պար: Միաժամանակ, կազմակերպւում են տարբեր թեմաներով դասախօսութիւններ, քննարկումներ մշակութային եւ սոցիալական (ընկերային) միջոցառումներ: Կազմակերպում ենք նաեւ ճամբարներ` ՀՅԴ Պատանեկան միութեան հետ միասին: Կենտրոնի շահառուների թիւն այսօր շուրջ 120 է, սակայն մեր ձեռնարկներին մասնակցում է նաեւ քաղաքի երիտասարդութիւնը: Կենտրոնի անբաժան մասն է կազմում «Մինա Շիրվանեան» անուանական կրթաթոշակը, որ ամէն տարի տասնհինգ ուսանողի հնարաւորութիւն է տալիս եւ խրախուսում է կրթութիւն ստանալ: Նրանք դառնում են նաեւ մեր կենտրոնի ընկերներն ու կամաւորները, եւ մասնագիտական առաջին փորձառութիւնն էլ ձեռք են բերում մեզ մօտ դասաւանդելով», մանրամասնեց Գոհար Բադալեանը: Կենտրոնում իրենց հաւաքներն են անցկացնում եւ ծրագրերն իրականացնում ՀԵԴի երիտասարդներն ու ՀՄԸՄի նորաբաց «Հասկ» մասնաճիւղի գայլիկներն ու սկաուտները:
Բադալեանը պատմեց, որ արցախեան 44 օրեայ պատերազմի օրերին էլ «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնը ծառայել է որպէս զինուորներին օգնութիւն հասցնելու կէտ, որտեղ կամաւորների միջոցով հաւաքուել ու դիրքեր են ուղարկուել անհրաժեշտ ապրանքատեսակներ: Միաժամանակ, կամաւորների մասնակցութեամբ, նուիրատուութիւն է կազմակերպուել զինուորների երեխաներին, եւ օժանդակութիւն Արցախից տեղահանուած ընտանիքներին: «Շնորհակալութիւն «Մենք ենք Գիւմրին» յանձնախմբին, որ շարունակում է իր առաքելութիւնն, ու բոլոր բարերարներին, ովքեր ներդրում են ունեցել կենտրոնի կայացման գործում», երախտագիտութեամբ ամփոփոց Բադալեանը:


Նա խօսքը փոխանցեց կրթաթոշակի շահառու, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Սիւզաննա Կարապետեանին: «Կրթաթոշակի շահառու եմ 2020 թուականից, որ համընկաւ պատերազմի օրերի հետ: Այդ ժամանակ հասկացայ, թէ ինչ է նշանակում կամաւորական աշխատանքը, երբ զինուորների համար հաւաքում էինք սնունդ եւ առաջին օգնութեան պարագաներ: Կենտրոնում նաեւ վարում եմ սոցիալական մեդիայի էջերը, մասնակցում եմ ձեռնարկների կազմակերպմանը` հանդիսանալով ՀՅԴ անդամ եւ Պատանեկան միութեան վարիչ, սկաուտների խմբապետ: Բացի այդ, վարել եմ տարբեր թեմաներով դասախօսութիւններ», կենտրոնում իր ներգրաւուածութեան մասին ոգեւորութեամբ պատմում էր Սիւզաննան` նշելով, թէ ինչպիսի վճռորոշ դեր է ունեցել կենտրոնն իր կեանքում: Կենտրոնի աշխատանքները ցուցադրուեցին նաեւ տեսանիւթերով:
Խօսելով կրթաթոշակի մասին, հանդիսավար Արա Խաչատրեանը յիշատակեց Մինա Շիրվանեանին, ով իրական յեղափոխական էր եւ ամուսնու` Յակոբ Շիրվանեանի հետ միասին գործում էին նոր սերունդներին հնարաւորութիւն տալու հաւատքով: Նա ուրախութեամբ նշեց, որ նրանց գործը նոյն եռանդով շարունակում են դուստրը` Ալիս Պետրոսեանն ամուսնու Վահիկ Պետրոսեանի հետ, եւ ընդլայնել են նաեւ կրթաթոշակի գումարի չափը:
«Երկու տարի է, ապրում ենք տխուր իրականութեան մէջ, եւ մեզանից շատերի մօտ, Արցախեան պատերազմի եւ դրան յաջորդող ժամանակաշրջանում հարց առաջացաւ, թէ ինչ կարող էինք անել նախորդ երեսուն տարիներին` կանխելու համար այսօրուայ իրականութիւնը, հաշուի առնելով նաեւ այն որ, մեր թշնամիները` Թուրքիան ու Ադրբեջանը, միշտ աչք են ունեցել մեր վրայ: Պատմութիւնը ապացուցել է, որ մենք կարող ենք յաղթահարել ամէն ինչ, եւ սա դադար է`մեր երեսուն տարիների յաղթական շրջանում: Մենք նորից կը յաղթենք այն մարդկանց շնորհիւ, ովքեր նուիրուած են հայրենիքին», խօսքն ամփոփեց հանդիսավար Արա Խաչատրեանը` յորդորելով ներդրում կատարել երիտասարդ սերնդի կրթութեան ու զարգացման գործում:


Ներկաները ոգեւորութեամբ արձագանգեցին հանդիսավարի կոչին: Ձեռնարկի աւարտին յայտարարուեց 75 հազար դոլարի նուիրատուութեան մասին, որից 50 հազարը նուիրաբերեց բարերար Ճէք Եուրէճեան:
«Ֆընիշիա» ճաշասրահում անցկացուած «Մենք ենք Գիւմրին» ծրագրի ձեռնարկի հիւրերի թւում էին Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը, Լա Քրեսենտա հովտի խորհրդի նախագահ Հերի Լէոնը, հասարակական գործիչներ: Ժողովրդական երգերի կատարումներով հանդէս եկաւ սիրուած երգիչ Գագիկ Բադալեանը:

