Հոկտեմբերի 26-28ին, ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միութեան եւ «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնի նախաձեռնութեամբ Գիւմրիում տեղի ունեցաւ եռօրեայ աշնանային խորհրդաժողով, ՀՅԴ Հայաստանի պատանեկան միութեան Գիւմրու պատանիների եւ համակիրների համար:
Խորհրդաժողովի շրջանակում պատանիներն ունեցան հանդիպումներ տարբեր բնագաւառների խօսնակների հետ:
Առաջին օրը մասնակիցների հետ զրոյց-քննարկում ունեցան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանն ու Արցախեան պատերազմների մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Տիգրան Չամաքեանը: Քննարկման հիմնական թեման` «Հայաստան, Արցախ, Սփիւռք»:
Երկրորդ օրը պատանիները հանդիպում ունեցան Մինա Շիրվանեանի անուան կրթաթոշակի նախկին շահառուներ՝ Սեդա Գէօդակեանի, Մարինէ Նիկողոսեանի եւ Լեւոն Բեժանեանի հետ:
Խմբային աշխատանքների, դասախօսութիւնների եւ խաղերի միջոցով մասնակիցներն նաեւ հասկացան, թէ ի՛նչ է «մոտիվացիա»ն (դրդում ունենալ), անդրադարձան հայոց պատմութեան նորագոյն շրջանին` մասնաւորապէս երրորդ հանրապետութեան ձեւաւորումից մինչեւ մեր օրերը, ունեցան քննարկում՝ «Ի՞նչ է հայրենիքը» թեմայով: Պատանիները գործնական աշխատանքների ու զեկոյցների միջոցով ներկայացրեցին իրենց պատկերացրած հայրենիքն ու այն քայլերը, որոնց շնորհիւ կը հասնեն ուժեղ, հզօր ու միացեալ Հայաստանին:
Հոկտեմբերի 28ին` խորհրդաժողովի վերջին օրը, մասնակիցները դիտեցին «Կամաւորները» ֆիլմը, որտեղ ներկայացւում է Արցախեան երեք պատերազմների, դաշնակցական կամաւորների եւ Շուշիի առանձնակի գումարտակի մասին, ապա զրոյց-քննարկում ունեցան «Մեր հերոսները» թեմայով:
Նրանք նաեւ մասնակցեցին հայագիտական թեմայով խաղ-մրցոյթին:
Եռօրեայ ծրագրի աւարտին պատանիները ստացան հաւաստագրեր, որոնք փաստում են իրենց աշխուժ մասնակցութիւնն աշնանային խորհրդաժողովում:
Յիշեցնենք, որ Յակոբ եւ Մինա Շիրվանեաններու առատաձեռնութեան շնորհիւ եւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի «Մենք ենք Գիւմրին» յանձնախումբի ջանքերով 2016ին հաստատուել է «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնը:
(Թղթակցութիւնը՝ «Շիրվանեան» Երիտասարդական կեդրոնէն)