Մագնեզիում
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարեւորութիւն ունեցող քիմիական տարր է: Այն մտնում է բոլոր հիւսուածքների եւ բջիջների կազմութեան մէջ եւ մասնակցում է գործունէութեան կարեւորագոյն գործընթացներին. մագնեզիումն անհրաժեշտ է մկանային եւ նեարդային համակարգի գործառոյթների եւ սրտի բնականոն աշխատանքի համար: Այս հանքանիւթն ամուր է պահում ոսկորները եւ նպաստում է իմունային (ախտամերժ) համակարգի առողջութեանը: Մագնեզիումը կարգաւորում է արեան մէջ շաքարի մակարդակը, նպաստում է աշխուժութեան: Մագնեզիումը դրական ազդեցութիւն է թողնում սրտանօթային հիւանդութիւնների, բարձր ճնշման եւ շաքարախտի բուժման վրայ:
Մագնեզիումը նաեւ աշխուժացնում է В խմբի եւ С վիտամինների (կենսանիւթ) իւրացումը, պահպանում է կալցիումի բնական մակարդակը:
Մագնեզիումի պակասի դէպքում ի յայտ են գալիս հետեւեալ նախանշանները` մէջքի եւ վզի շրջանում ցաւ, յոգնածութիւն, անհանգստութիւն, միգրեն (սուր գլխացաւ), մկանների թուլութիւն եւ ձգուածութիւն, ախորժակի բացակայութիւն, փսխում, սրտխառնոց, անքնութիւն, սրտի ոչ ռիթմիկ աշխատանք, աղիների թուլութիւն, մկանների ջղաձգում: Մագնեզիումի պակասը հասկացւում է նաեւ շաքարախտի, ընկճուածութեան եւ «կլիմաքս»ի նշաններից:
Մագնեզիումի աւելցուկը նոյնպէս վտանգաւոր է, որն առաջանում է մագնեզիում պարունակող պատրաստուկների շատ եւ սխալ օգտագործման արդիւնքում: Այս դէպքում դիտւում են հետեւեալ ախտանշանները. մշտական սրտխառնոց, փորլուծութիւն, սրտի ռիթմի խանգարում:
Կան կեանքի որոշ ժամանակահատուածներ, երբ օրգանիզմին շատ է անհրաժեշտ մագնեզիում. յղիութեան, երկարատեւ յուզական լարուածութեան ժամանակ: Մագնեզիումը հիանալի դեղամիջոց է նրանց համար, ովքեր տառապում են մէջքի ցաւից. այն հանգստացնում է մէջքի մկանները, երիկամների սթրեսը (պրկում) եւ ընդհանուր մկանային լարուածութիւնը:
Մագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, լօլիկը, ճակնդեղի տերեւները, լոբին, քաղցր կարտոֆիլը (գետնախնձոր), հնդկաձաւարի ալիւրը, դդմի կորիզները, գետնանուշը, գարին, շոկոլադը (տուրմ), եգիպտացորենի ալիւրը, ցորենի ալիւրը, վարսակի թեփը, կաթը, մածունը, ձուկը: Յիշեցնենք, որ ջուրը նոյնպէս պարունակում է մագնեզիում: