Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

Ա. Քալանթարեանի «Քննութիւն» թերթօնի վերջին մասին մէջ նշուած էր Արգամ Մանասեանի կենացներուն բաշխումը: Երբ կարգը կու գայ քարտուղարուհի Սուսաննային, Արգամ Մանասեան կատակով կը պատմէ թէ ինչպէս օր մը, երբ գրասենեակի հեռաձայնը կը հնչէ եւ փոխանակ Սուսաննային՝ ի՛նք կը վերցնէ ընկալուչը, երիտասարդ տղամարդու մը ձայնը կը լսէ.«Սուսանին եմ ուզում». երբ ինք կը պատասխանէ. «լաւ էք անում, բայց Սուսանը տեղում չէ», երիտասարդը բարկացած կը բացագանչէ. «բա, որտե՞ղ է»: Այս կատակ-պատմութեան ընթացքին Սուսաննան կարմրած դէմքը կը ծածկէ եւ կը խնդրէ Արգամ Մանասեանէն չշարունակել. բայց տնօրէնը կը շարունակէ, բացայայտելով Սուսանին համակրող երիտասարդին անունը՝ Սէյրան: Բոլոր ներկաները կը խանդավառուին. մէկը կ’առաջադրէ կնքահայրութիւն, միւսը՝ կնքամայրութիւն. ուրիշ մը աքլոր մորթելու պատրաստակամութիւն. նկարիչ Մհեր Սամսոնեանը հարսին դիմանկարը գծելու խօսք կու տայ, մինչ գաղտնիքը երեւան հանող Արգամ Մանասեան կրկին կը ճամբորդէ դէպի անցեալ:
Ահա թէ ինչպէս Սուսաննան դարձած էր ծխախոտի գործարանի տնօրէնի քարտուղարուհի:
***
«Սուսաննան աշխատանքի ընդունելու համար նրան զանգահարեց փականքների գործարանի տնօրէն Միհրդատ Աշուղեանը:
– Արգամ,- ասաց, – այս գիշեր ի՞նչ երազ ես տեսել:
– Թէ իբր դու ինձ գառնուկ ուտելու ես կանչում,- կատակեց գործարանի տնօրէնը:
– Դրա նման մի բան է,- չգիտես ինչու հառաչեց Աշուղեանը: – Քարտուղարուհի վերցրե՞լ ես, թէ էլի դու ես համատեղութեան կարգով աշխատում…
– Ես եմ…
– Ուրեմն հիմա քեզ մօտ կ՛ուղարկեմ մէկին: Ձեռքիս որ հնար լինէր, աշխատողներիս կէսին կը հանէի նրա համար: Բայց հնար չունիմ:
– Ի՞նչ կրթութիւն ունի,- հարցրեց Մանասեանը:
– Գեղեցկուհի է, – շշնջաց Աշուղեանը:
– Մեքենագրել գիտի՞:
– Ասում եմ՝ գեղեցկուհի է, Արգամ:
Արգամ Մանասեանը բարկացաւ, բայց միաժամանակ չգիտես ինչու ծիծաղը գալիս էր: Լկտի տղայ է այդ Միհրդատ Աշուղեանը: Այսինքն, միայն նա չէ, չգիտես ինչ գաղտնիքով, ինչ ձեւով, բայց վերջին տարիներս մանր ու մեծ գործարանների տնօրէնի աթոռները լցուել են նման տղաներով: Հագւում են վերջին նորաձեւութիւնների օրինակով, միայն արտասահմանեան ապրանքներ, յատկապէս՝ կաշուեղէն, վառվռուն վերնաշապիկներ, փայլուն փողկապներ: Ծխում են միայն «Մարլպորօ»: Ոչ ոքից եւ ոչնչից չեն վախենում: Եւ դա զգացւում է նաեւ նրանց կեցուածքից, ընդգծուած, իբր քաղաքավարական շարժուձեւերից: Ինչպէս ժողովուրդն է ասում՝ հեռուից որ նայում ես նրանց, քէֆդ գալիս է: Միայն թէ բերանները չբացեն, չխօսեն: Աղքատիկ բառապաշար, լկտի, գռեհիկ արտայայտութիւններ… Եւ ովքե՞ր են սրանց մարդկանց ղեկավար նշանակում: Ահա եւ նրանցից մէկը: Ընդամէնը մի քանի անգամ են հանդիպել արտադրական խորհրդակցութիւններում, հազիւ են մի երկու բառ փոխանակել, իսկ հիմա այնպէս է խօսում, ասես տարիների ընկերներ են: Վիրաւորական է, բայց չգիտես ինչ անել:
– Ինձ գեղեցկուհի պէտք չէ, Միհրդատ,- ասաց Արգամ Մանասեանը: – Ինձ քարտուղարուհի է պէտք, որը եւ հայերէն իմանայ, եւ ռուսերէն, մեքենագրելու շնորհք ունենայ եւ մարդկանց հետ վարուելու կարողութիւն…
– Ունի, ունի, ախպեր ջան, ամէն ինչ ունի եւ էլի ինչե՜ր ունի… – հառաչեց-ծիծաղեց փականքների գործարանի տնօրէնը: – Այնպէս որ ուղարկում եմ. մաղարիչը (նուէր կամ հիւրասիրութիւն գործի յաջողութիւն ունեցած մէկու մը կողմէ) քեզ վրայ:
Իսկ չանցած մի ժամ՝ կաշեպատ դռների արանքում յայտնուեց Սուսաննան:
– Ինձ Միհրդատ Սերոբովիչն է ուղարկել:
– Մօտեցէ՛ք, նստէք,- առաջարկեց գործարանի տնօրէնը:
Աղջիկը նստեց զգուշօրէն, աթոռի ծայրին, եւ տնօրէնին նայեց այնպէս տխուր ու միաժամանակ նուիրուած հայեացքով, որ Արգամ Մանասեանը վատ զգաց իրեն:
Նա ամենեւին էլ գեղեցիկ չէր, սովորական ջահել մի աղջիկ էր, ուսանողական կարճ կտրած մազերով, որոնցից մի քանիսը սանրի ատամների նման կախուած էին ձիթապտուղի պէս սեւ աչքերի վրայ: Հագնուած էր պարզ ու ճաշակով՝ կիսաթափանցիկ երկնագոյն պլուզ ունէր հագին եւ մուգ կապոյտ ծաղիկներով զարդարուած փէշ, որը նա նստելու ժամանակ զգուշօրէն վեր բարձրացրեց՝ մերկացնելով փոքրիկ, աղջկական ծնկները: Եթէ նա գեղեցիկ էլ էր, ապա այդ գեղեցկութիւնը առաւելապէս ջահելութիւնից էր բխում:
– Անունդ ի՞նչ է, – հարցրեց գործարանի տնօրէնը:
– Սուսաննա: Սուսաննա Մարտիկեան:
– Ի՛նչ կրթութիւն ունես, Սուսաննա:
– Հայերէ՞ն պատասխանեմ, թէ՞ ռուսերէն,- վախուորած հարցրեց աղջիկը…
– Ինչպէս ուզում ես,- ժպտաց Արգամ Մանասեանը:
Այդ ժպիտը կարծես թէ քաջալերեց աղջկան:
– Աւարտել եմ Երեւանի Պրիւսովի անուան «ինստիտուտ»ի (հիմնարկ) բանասիրական ֆակուլտետը (բաժանմունք),- ձայնը քիչ բարձրացնելով հայերէն ասաց նա:
– Բա ինչո՞ւ ըստ մասնագիտութեան չես ուզում աշխատել:
– Աշխատանք չկայ,- ասաց աղջիկը:
– Իսկ քեզ որտե՞ղ են նշանակել: Երեւի գիտես, որ եթէ նախարարութիւնը քեզ աշխատանքի է ուղարկել շրջան, ապա ես իրաւունք չունեմ իր պարտականութիւններից խուսափող շրջանաւարտին ընդունել աշխատանքի:
– Ինձ ոչ մի տեղ չեն նշանակել: Եթէ նշանակէին, ես կը գնայի թէկուզ ամենահեռաւոր շրջանը: Ինձ ազատ վկայական են տուել,- ռուսերէն ասաց աղջիկը՝ դողացող ձեռքերով պայուսակից հանելով ու տնօրէնի սեղանին դնելով փաստաթուղթը:
– Միայն քե՞զ, – հարցրեց Արգամ Մանասեանը:
– Ոչ, ոչ, վախեցած հայերէն արձագանգեց Սուսաննան: – Մեր ամբողջ կուրսին (դասարան):
– Չեմ հասկանում: Ուրեմն Հայաստանի ոչ մի շրջանում լեզուի ու գրականութեան ուսուցչի կարիք չկա՞յ:
– Ոչ,- ասաց աղջիկը: – Արդէն քանի տարի է, ինչ նշանակումներ չեն անում, բոլորին ազատ վկայական են տալիս:
– Եւ շարունակում են ուսանողնե՞ր ընդունել: Այս տարի ընդունելութիւն կա՞յ:
– Ի հարկէ,- ռուսերէն ասաց աղջիկը:
(…)
– Սուսաննա, – ասաց Արգամ Մանասեանը, – ես զգում եմ, որ դու զարգացած…
– Իմ վկայականը կարմիր է, – անմիջապէս ասաց աղջիկը, – ուզում էք բացէք-տեսէք…
– Կարիք չկայ, – ասաց գործարանի տնօրէնը: – Հարցն այն է, որ քո կրթութեան համապատասխան աշխատանք չունեմ ես: Ինձ սովորական քարտուղարուհի է պէտք, որը պատասխանի հեռախօսի զանգերին եւ գրութիւններ մեքենագրի:
– Ինչ ուզէք կ՛անեմ , Արգամ Պետրովիչ: Հիւանդ ծնողներ ունեմ: Ես… ես չեմ կարող այլեւս նրանց հաշուին ապրել: Ամաչում եմ:
– Ախր աշխատավարձը շատ փոքր է, Սուսաննա, – ինքն էլ ամաչելով ու միաժամանակ բարկանալով իր վրայ, որ ակամայ մի պահ աղջկայ ծնկներին նայեց, ասաց գործարանի տնօրէնը:
– Որքան էլ լինի, ես համաձայն եմ,- պոռթկաց աղջիկը:- Եւ յետոյ, Արգամ Պետրովիչ, չկարծէք թէ իմ ունեցած միակ հագուստը սա է: Ես լաւ կը հագնուեմ… Դուք չէք ամաչի, որ ինձ նման քարտուղարուհի ունէք… Ես գիտեմ… կինոներում (շարժապատկեր) տեսել եմ… Ինձ ասել են… Ես կ՛աշխատեմ ամէն կերպ դուր գալ ձեզ…
– Ո՞վ է այդ յիմարութիւններն ասել,- ապշեց Արգամ Մանասեանը:
– Ես շատ լաւ սուրճ եմ եփում եւ թէյ պատրաստել էլ գիտեմ, դուք… դուք ինձնից անպայման գոհ կը մնաք,- շտապով, մի շնչով աւելացրեց աղջիկը:
Արգամ Մանասեանը մի պահ կծկուեց, փակեց աչքերը: Լաւ, սա ի՞նչ է, սրդողած մտածեց նա: Սա ի՞նչ մղձաւանջ է: Ախր միւս տարի է Նայիրուհին (իր աղջիկը) է աւարտելու այդ անիծեալ բանասիրականը: Ուրեմն նա է՞լ է այս խեղճ, մոլորուած աղջկայ նման կանգնելու որեւէ յղփացած Միհրդատի կամ Արգամի առաջ, հաճոյանալու, կեղծաւորելու, բարձրացնելու փէշը, թէ ինչ է, որեւէ աշխատանք տան իրեն:
(…)
Նա բացեց աչքերը եւ գրեթէ չարութեամբ նայեց այցելուին.
– Վերջ տուր յիմարութիւններիդ, – յանկարծ բղաւեց նա: – Եւ անմիջապէս քաշիր փէշդ: Մարդավարի նստիր: Նստի եւ դիմում գրի: Չես էլ ամաչում: Վերցրու գրիչը… Այդ ես պէտք է խնդրեմ, որ դու աշխատես մեզ մօտ եւ հետն էլ ներողութիւն խնդրեմ, ամօթից գետինը մտնեմ, որ քեզ նման փայլուն գիտելիքներով մի աղջիկ տասնհինգ տարի սովորելուց յետոյ իր սիրած մասնագիտութեամբ աշխատանք չի գտնում:
– Դուք ի՞նչ մեղաւոր էք, – արագօրէն փէշը ձգելով, վախեցած հարցրեց աղջիկը:- Դուք ի՞նչ մեղաւոր էք:
– Ով տեսնում է այս բոլորը ու ձեւացնում է, թէ չի տեսնում, մեղաւոր է: Վերցրու թուղթը, վերցրու գրիչը: Գրի…
– Ի՞նչ լեզուով, հայերէ՞ն թէ ռուսերէն, – դեռ երկչոտ, բայց արդէն երջանիկ աչքերով նայելով գործարանի տնօրէնին, հարցրեց աղջիկը:
– Ինչպէս ուզում ես,- դեռեւս զայրացած նետեց Արգամ Մանասեանն ու արագ դուրս եկաւ առանձնասենեակից»:
***
Ինչպէս կը նկատէ ընթերցողը, 1989ին հրատարակուած այս գործը կ՛արծարծէ բազմաթիւ այժմէական հարցեր. այս վերջին բաժնով ներկայացուեցաւ Երեւանի բանասիրական համալսարանի ուսանողներուն անգործութեան հարցը, ինչպէս նաեւ հայ կնոջ դիմագրաւած դժուարութիւնները աշխատանքային վայրին մէջ: Գործի դիմող Սուսաննան համոզուած է, որ իր տնօրէնին հաճելի պէտք է թուի իր հագուստով, սուրճ եւ թէյ եփելու կարողութեամբ: Չ՛անդրադառնար, որ վերածուած է ցանկութեան առարկայի, հակառակ իր ունեցած գիտութեան եւ վկայականին: Բարեբախտաբար, նոր տնօրէնը՝ Արգամ Մանասեան, այլ տղամարդ տնօրէններէ տարբեր ձեւով կը մօտենայ հայ կնոջ ներկայացուցած արժէքին եւ կը մերժէ կամակատար, հեզ եւ ցանկայարոյց էգի կերպարը :
Յաջորդ բաժնով պիտի ծանօթանանք այլ պաշտօնեայի մը՝ վարորդ Աշոտ Ալոյեանին: