Համադրեց՝ Արմինէ Կ. Կունդակջեան

Սայաթ-Նովա, ասել է թէ հայ գրականութեան հզօր, ինքնատիպ դէմք:
Սայաթ-Նովա, դիւթիչ երաժիշտ, երգահան ու երգիչ:
Սայաթ-Նովա, ասել է թէ՝ սէր, զգացմունք, ապրում, յոյզ, հաւատ, հարուստ հոգի ու ներաշխարհ, ըմբոստ ոգի ու կամք զօրեղ:
Սայաթ-Նովա՝ անարատ, անապական սիրոյ, արդարութեան, բարութեան շողարձակում, արեւի ճաճանչ ու լուսնի փայլ:
Սայաթ-Նովա, խալխի նոքար, չքաւոր, ունեզուրկ խաւերի պաշտպան: Մեծ մտածող ու փիլիսոփայ, խոհեմ, խորհրդաւոր, իմաստուն գրիչ ու երգիչ: Համամարդկային բանաստեղծ:
Սայաթ-Նովա ասել է թէ՝ ռամիկ, որ իշխան դառնալ չի ուզում:
Սայաթ-Նովա ասել է թէ՝ «…գիր սիրէ, ղալամ սիրէ, դաւթար սիրէ…»
Սայաթ-Նովա՝ ժողովուրդների բարեկամութեան, բարձր բարոյականութեան ջատագով:
Սայաթ-Նովա՝ անկրկնելի, եզակի երեւոյթ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականութեան, երաժշտութեան ասպարէզում:
Սայաթ-Նովային շատ բարձր են գնահատել հայ, ռուս, վրացի, այլ ժողովուրդների ներկայացուցիչները՝ գրողները, արուեստագէտները, երաժշտագէտները, մտաւորականները:
Սայաթ-Նովան այն հազուագիւտներից է, որոնց փայլը ելնում է իրենց գերեզմանից, ինչպէս անխուփ թոնրից, որ ծուխը յանձնել է իր ժամանակի երդիկին՝ զուտ բոցը պահելով գալիք ժամանակներին:
Պարոյր Սեւակ
* * *
Խաղով եկաւ
Ախով գնաց Սայաթ-Նովան
Երգով եկաւ,
Վէրքով գնաց Սայաթ-Նովան,
Սիրով եկաւ,
Սրով գնաց Սայաթ-Նովան
Սիրով մնաց Սայաթ-Նովան
Յովհաննէս Թումանեան