
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Երաժիշտ Էդմոնդ Հովագիմեանն Արցախեան 44օրեայ պատերազմ էր մեկնել որպէս կամաւոր: Հոկտեմբերի 11ին, Ջրականում պաշտպանական գործողութիւնների ժամանակ, նա բեկորային վիրաւորում է ստանում, եւ կորցնում է ձախ ձեռքը: Կլառնետահար ու դուդուկահար երիտասարդի համար նման վիրաւորումը ճակատագրական էր թւում մասնագիտական առումով, սակայն «Զինուորի Տուն» Վերականգնողական կենտրոնում Էդմոնդին նոր հնարաւորութիւն տրուեց՝ ձեռքի բիոնիկ պրոթեզի (ելեկտրամեքենական արհեստական անդամ) տեղադրումից յետոյ, Էդմոնդը վստահ է, որ կարողանալու է դաշնամուր նուագել սովորել ու շարունակել արուեստագէտի իր գործունէութիւնը: «Պատերազմ էր, եւ պարտաւոր էի մասնակցել ու պաշտպանել հայրենիքս: Վիրաւորումից յետոյ, վերականգնողական կենտրոնում հոգացին, որ վերադառնամ լիարժէք կեանքի: Ձեռքիս պրոթեզը հնարաւորութիւն է տալիս 36 գործողութիւն կատարել, եւ անել գրեթէ ամէն ինչ: Զգացողութիւն է, որ կարծես ձեռքս է վերականգնուել», նշում է Էդմոնդը: Նրա հետ միասին, տասնեակ զինուորներ վերականգնողական բուժման շրջանակներում պրոթեզաւորման նախապատրաստական փուլ են անցել նաեւ՝ վարժեցրել են մկանները, ֆիզիկապէս ու հոգեբանօրէն պատրաստուել պրոթեզ օգտագործելուն:
Արցախեան պատերազմներում վիրաւորուած զինուորներին վերականգնողական համապարփակ բուժում Հայաստանում առաջարկում է միայն «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»ը, որը յայտնի է նաեւ «Զինուորի տուն» անուանումով: Բացի առողջական խնդիրներից, այստեղ լուծւում են նաեւ վիրաւոր զինուորների կրթական, աշխատանքի տեղաւորման, ընկերային վերահամարկման հարցերը: Այս կենտրոնի ամբողջական գործունէութիւնը հնարաւոր է դառնում բարերարների նուիրատուութիւններով:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ն (ԸՕՀ) առաջին կազմակերպութիւններից էր, որ 2016 թուականի Արցախեան պատերազմից անմիջապէս յետոյ իր աջակցութիւնն առաջարկեց «Զինուորի տանը»: ««Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ը ստեղծուել է եօթ տարի առաջ՝ օգնելու բարելաւել Հայաստանում անապահով ընտանիքների կեանքի որակը առողջական, ընկերային, կրթական ծրագրերի միջոցով: Տարիների ընթացքում, մեր կազմակերպութեան գործունէութիւնն ընդլայնուեց, եւ ներկայում ներառում է աջակցութիւն Հայաստանում, Արցախում եւ Միացեալ Նահանգներում հայ կրթական հաստատութիւններին, եկեղեցուն, ինչպէս նաեւ՝ հիւանդանոցներին ու սոցիալական ծրագրերի: Արցախեան քառօրեայ պատերազմը սակայն առաջնահերթ դարձրեց մեր հայրենիքի պաշտպանութեան ժամանակ վիրաւորուած զինուորներին օժանդակելու հարցը», նշում է հիմնադրամի տնօրէն, ամերիկահայ բարերար Նազ Աթիկեան Բասկիջեանը: Հինգ տարուայ ընթացքում, «Զինուորի տանը» ապաքինուող հարիւրաւոր զինուորներ են օգտուել «Հայ Ընտանիքի Օգնութեան» Հիմնադրամի աջակցութիւնից՝ առողջապահական, ընկերային ծրագրերի միջոցով: Կազմակերպութեան տրամադրած միջոցներով նաեւ վերանորոգուել ու տարբեր աստիճանի հաշմանդամութիւն ունեցող զինուորների կարիքներին են յարմարեցուել նրանց բնակարանները: Ծրագրերից մէկի միջոցով էլ ֆինանսներ են յատկացուել զինուորներին՝ իրենց սեփական գործը հիմնելու համար. զինհաշմանդամներից ոմանք սկսել են զբաղուել գիւղատնտեսութեամբ ու անասնապահութեամբ:
ԸՕՀի նախագահի ու խորհրդի անդամների համար «Զինուորի տուն»ը դարձել է հարազատ վայր, իսկ հայրենիքի պաշտպանները՝ մեծ ընտանիքի անդամներ: Հիմնադրամի ներկայացուցիչների իւրաքանչիւր այցը կենտրոն վերածւում է իւրատեսակ տօնի, իսկ հայրենիքի պաշտպանների հետ գլխաւոր հանդիպումը՝ հիմնադրամի կողմից կազմակերպուող հայրենիքի պաշտպաններին մեծարելու ամէնամեայ «Երախտագիտութեան ձեռնարկն» է: 2021 թուականի հաւաքոյթն առաւել յուզիչ էր՝ մէկ յարկի տակ հաւաքուել էին Արցախեան երեք պատերազմներում կռուած ու հերոսացած հայ վիրաւոր զինուորները: Պրոթեզաւորուած վերջոյթներն ու սայլակները խոչընդոտ չդարձան մեր զինուորների համար ուս-ուսի պարելու հայկական քոչարին եւ վկայելու հայ զինուորի անկոնտրուն կամքի մասին: «Դուք չէք խնայել ձեր ամենաթանկը՝ կեանքը նուիրել մեր հայրենիքին, մենք էլ միշտ մեր քաջարի հերոսների կողքին ենք անկախ հեռաւորութիւնից, եւ աջակցելու ենք հնարաւոր բոլոր միջոցներով՝ մեր հերոսներին լիովին ապաքինուած տեսնելու համար», միջոցառման ժամանակ իր խօսքում նշեց Նազ Աթիկեանն ու յայտարարեց «Զինուորի տան» հետ միասին սպասուող նոր նախաձեռնութիւնների մասին:
Համատեղ ծրագրերից մէկն իրականութիւն դարձաւ Յունիսին: Հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ բացուեց վերականգնողական բուժման ու մասնագիտական խնամքի բաժանմունք՝ պատերազմում գանգուղեղային ծանր վիրաւորում եւ հոգեկան առողջութեան խնդիրներ ունեցող զինուորների համար: ԸՕՀի նախագահն ու անդամները մասնակցեցին նախագծի հիմնարկէքին, որ տեղի ունեցաւ Միքայէլեան վիրաբուժական ինստիտուտում: «Պատերազմից յետոյ շատ էին գանգուղեղի ծանր վնասուածքներով զինուորները, ում համար պէտք էր յատուկ բաժանմունք ստեղծել, որտեղ բացի վերականգնողական եւ պասիւ (կրաւորական) բուժումից, նրանց ապաքինումը կ՛իրականացուէր ինտենսիւ թերապիայի (խտացեալ բուժման) պայմաններում: Քանի որ նշուած զինուորներն ունեն ուղեկցուող բազմաթիւ խնդիրներ, վնասումներ՝ նրանք պէտք է լինեն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմի անմիջական վերահսկողութեան ներքոյ: Այս խնդիրը լուծելու համար դիմեցինք մեր մշտական աջակից ԸՕՀի նախագահ Նազ Աթիկեան-Բասկիջեանին, ով խոստացաւ օգնել եւ նախագիծն այսօր արդէն իրականութիւն է», ուրախութեամբ տեղեկացրեց «Զինուորի տան» տնօրէն Հայկուհի Մինասեանը:
Նրա միւս կոչին՝«Վետերանների հիւանդանոց»ի կառուցմանն էլ առաջինն արձագանգեց «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամը»: «Մինասեանը մեզ յայտնեց, որ Հայաստանում կարիք կայ մէկ համապարփակ բուժհաստատութեան, որտեղ վիրաւորուած զինուորները կը ստանան ամբողջական բուժօգնութիւն, այդ թւում նաեւ վերականգնողական: Մինչ Արցախեան վերջին պատերազմը Հայաստանում զինհաշմադամների թիւը 9 հազար էր եւ շուրջ հինգ հազար վիրաւորներ: Պատերազմից յետոյ ունենք 11 հազար վիրաւոր, որից շուրջ 1450ը՝ հաշմանդամ են, այսինք, ընդհանուր Հայաստանում ներկայում կան 25 հազար շահառուներ, որոնք կարիք ունեն տարատեսակ օգնութեան: Չափազանց կարեւոր է, որ պատերազմում վիրաւորուած զինուորներն իրենց առողջական խնդիրները լուծելիս չկանգնեն խոչընդոտների առաջ, որոնցից հիմնականն այն է, որ առողջական տարատեսակ խնդիրների դէպքում, զինուորները ստիպուած են լինում դիմել տարբեր բուժհաստատութիւնների, հիւանդանոցից հիւանդանոց տեղափոխուել: Այս առումով մեծապէս կարեւորում ենք Վետերանների հիւանդանոցի ստեղծումը, որտեղ մեր հայրենիքի պաշտպանները կը ստանան մէկ վայրում անվճար իրենց հարցերը լուծելու հնարաւորութիւն», նշում է Նազ Աթիկեան-Բասկիջեանն ու յայտնում, որ սիրով արձագանգեցին Մինասեանի նախաձեռնութեանն ու Նոյեմբերի 11ին, Հիմնադրամի տարեկան շքահանդէս դրամահաւաքը նուիրուած է հէնց այս նպատակին:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի աջակցութիւնը վիրաւոր զինուորներին չի սահմանափակւում միայն «Զինուորի տան»ն աջակցութեամբ: Յունիսին, Հայաստան այցի ժամանակ, «ԸՕՀ»ի նախագահն ու խորհրդի անդամներն այցելեցին Շիրակի մարզ՝ հանդիպելու պատերազմում վիրաւորուած զինուորներին ու զոհուածների ընտանիքներին: Ճանապարհին մեքենան կանգ առաւ մի պահ՝ շրջանի գերեզմանատունն էր, որտեղ փողփողում էին տասնեակ դրօշներ: Հիմնադրամի ներկայացուցիները յարգանքի տուրք մատուցեցին արցախեան վերջին պատերազմում անմահացած զինուորներին՝ խոստանալով, որ մշտապէս վառ են պահելու նրանց յիշատակը: Մինչ Գիւմրի հասնելը, առաջին կանգառը Ջաջուռ գիւղն էր, որ յայտնի է որպէս աշխարհահռչակ հայ նկարիչ Մինաս Աւետիսեանի, այսօր նաեւ՝ որպէս հերոսների ծննդավայր: Ջաջուռի միջնակարգ դպրոց Նազ Աթիկեանն այցելել էր երկու տարի առաջ, ուսումնական տարուայ նախօրէին՝ անհրաժեշտ պիտոյքներ նուիրելու աշակերտներին, ինչն առիթ էր դարձել բարեկամանալու դպրոցի անձնակազմի հետ: 2021 թուականին Նազի ու դպրոցի տնօրէնի հանդիպումն յուզիչ էր. փոքրիկ գիւղի միակ դպրոցի երկու շրջանաւարտները հերոսաբար զոհուել էին Արցախում, գիւղը սպասում էր երեք ռազմագերիների վերադարձին:Դպրոցի ռազմագիտութեան ուսուցչի որդին՝ 20 ամեայ Արման Քոչարեանը, գերազանց ծառայութեան համար ստացել էր աւագ սերժանտի կոչում ու արժանացել «Արիութեան մեդալ»ի, սակայն այդպէս էլ չէր հասցրել անձամբ ստանալ բարձրագոյն պարգեւը: Մարտունիում, որտեղ նա գտնուել էր պատերազմի օրերին, նրա մասին լեգենդներ էին պտտուել՝ Արմանը օրական հարիւրաւոր արկեր արձակելով կարողացել էր անառիկ պահել առաջնագիծը՝ մինչեւ Հոկտեմբերի 22ը, երբ թշնամու անօդաչուն խոցեց հերոսին: Գիւղի տան պարտէզում իւրաքանչիւր ծառն ու թուփը Արմանի հօրը յիշեցնում էր որդուն, ով իր ձեռքով էր տնկել դրանք: Կորստի ցաւն անսփոփելի էր, բայց Արտուշ Քոչարեանի աչքերը փայլում էին, երբ խօսում էր որդու հերոսութիւնների մասին, Արմանն իր օրինակով էր ցոյց տուել, թէ ինչ դասեր է ստացել ուսուցիչ հօրից:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի անդամներն այեցելեցին Ջաջուռից նահատակուած հերոսներ Արման Քոչարեանի, Արտյոմ Խուրշուդեանի ընտանիքներին, համբերութիւն եւ ուժ մաղթեցին նրանց, ֆինանսական աջակցութիւն յատկացրեցին նաեւ ռազմագերիներ Վոլոդեա Յակոբեանի, Սահրաթ Սարգսեանի, Վաղարշակ Մալոյեանի ընտանիքներներին:
Գիւմրիում Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Շուշիի մշակոյթի տանը Հոկտեմբերի 4ին հրթիռի հարուածից վիրաւորուած ոստիկաններին: Երկու զաւակների հայր Տիգրան Դանիէլեանը ստացել էր տարբեր վնասուածքներ ու կորցրել էր ոտքը, ու թէեւ կառավարութեան աջակցութեամբ պրոթեզաւորուել էր, սակայն երիտասարդ սպան դժուարանում էր բարձրանալ բազմայարկ շէնքի իր բնակարան: Հանդիպումից յետոյ, Նազ Աթիկեան Բասկիջեանի աջակցութեամբ նա ստացաւ նոր՝ լաւագոյն որակի բիոնիկ պրոթեզաւորում «Զինուորի տան»ը: Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին նաեւ զոհուած ոստիկանների ընտանիքներին՝ բարոյական ու ֆինանսական աջակցութիւն տրամադրելով նրանց:
«ԸՕՀ»ը պատերազմի առաջին օրից եղել է նաեւ արցախաբնակ զոհուածների ընտանիքների կողքին, այս մասին յայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնեանը՝ հիմնադրամի նախագահ Նազ Բասկիջեանին ու փոխնախագահ Ժակլին Թովմասեանին Արցախի «Երախտագիտութեան» մեդալ յանձնելու հանդիսաւոր արարողութեան ժամանակ: «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամն ի դէմս նախագահի, ոչ միայն պատերազմի օրերին, նաեւ տարիներ շարունակ մասնակցել է Արցախի զարգացման գործում: Այս կանանց ես միշտ բնութագրել եմ որպէս շտապ օգնութիւն. իւրաքանչիւր պահի, երբ որեւէ կարիք ենք ունեցել, եւ չենք իմացել ում դիմել՝ նրանք մեզ աջակցել են, ինչպէս դա տեղի ունեցաւ պատերազմի առաջին օրը՝ Սեպտեմբերի 27ին, երբ առաւօտեան առաջին զանգերս եղել են նաեւ Նազին ու Ժակլինին», պատմեց Սիմոնեանը: Հիմնադրամի ղեկավարները, օգնութիւն տրամադրել են նաեւ Հայաստան տեղահանուած արցախցիներին՝ Տէրեան Մշակութային կենտրոնի միջոցով, որ պատերազմի առաջին օրից վերածուել էր շտապ աջակցութեան կենտրոնի՝ հագուստ, դեղորայք, սնունդ մատակարարելով տուժած ընտանիքներին:
Լոս Անջելեսում հիմնադրուած «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի առանձնայատկութիւններից է այն, որ կազմակերպութեան նախագահն ու խորհրդի անդամները տարուայ ընթացքում պարբերաբար այցելում են Հայաստան ու անձամբ ծանօթանում տարատեսակ խնդիրների, որոնք լուծման կարիք ունեն: Նրանք անձամբ են հանդիպում շահառուներին, յաճախ տեղում են հոգում նրանց կարիքները, այլ դէպքերում էլ՝ վերադառնալով նպատակային դրամահաւաքներ են անցկացնում եւ հասոյթն ուղղում են կոնկրետ խնդիրների լուծմանը:
2021թուականի ամառային այցի շրջանակներում, Հիմնադրամի անդամներն եղան Մալայեանի Անուան Ակնաբուժական Կենտրոնում: Պատերազմի հետեւանքով տուժած զինուորների մեծամասնութիւնը մասնագիտացած այս բուժկենտրոնում էր ստացել օգնութիւն: ԸՕՀը տեղեկացել էր, որ կենտրոնը կարիք ունի որոշ սարքաւորումների, որոնք անհրաժեշտ են վիրաւոր զինուորների առողջական խնդիրները լուծելու համար, եւ հնարաւորինս արագ կազմակերպել էր սարքերի տեղափոխումը ԱՄՆից Հայաստան: Նազ Աթիկեան-Բասկիջեանի հետ հանդիպման ժամանակ, կենտրոնի տնօրէնը բարձր գնահատեց Հիմնադրամի աջակցութիւնը:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի գործունէութեան գերակայութիւններից է մանուկների առողջապահութիւնը: Կազմակերպութիւնը տարիներ շարունակ նուիրատուութիւն է կատարել Հայաստանում քաղցկեղով եւ արեան հիւանդութիւններ ունեցող երեխաների խնամքով զբաղուող հիմնադրամներին: «Ժպիտների քաղաք» կազմակերպութեան հետ համագործակցութեան վերջին օրինակը՝ Հայաստանի Եօլեանի անուան Արիւնաբանական կենտրոնում կառուցուած առաջին մանկական պալիատիւ խնամքի կլինիկան էր, որի ֆինանսական հովանաւորներից մէկն է ԸՕՀը: Բացառիկ այս հաստատութեան բացումը տեղի ունեցաւ Հոկտեմբերին, որին ներկայ էր նաեւ Նազ Աթիկեան-Բասկիջեանը:
«ԸՕՀ»ը հանդիսանում է նաեւ Լոս Անջելեսի լաւագոյն՝ «Մանկական հիւանդանոց»ջ մշտական հովանաւորներից, որտեղ բուժում են ստանում մեծ թուով նաեւ հայ մանուկներ:
Հիմնադրամի կրթական ու սոցիալական ծրագրերը ներառում են համագործակցութիւն Հայ Օգնութեան Միութեան հետ, որոնց թւում են՝ Արցախում մանկապարտէզների հովանաւորութիւնը, Միացեալ Նահանգներում անօթեւանների ու կարիքաւորներին ուղղուած նախագծերը:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ը Հայաստանում շարունակում է օժանդակել կարիքաւորների. բազմաթիւ անօթեւան ընտանիքներ, կազմակերպութեան միջոցներով տարիներ առաջ ստացել են բնակարաններ, որտեղ բնակւում են մինչ այսօր: Նրանցից շատերի համար կահաւորուած կացարանը խթան է դարձել նոր նախաձեռնութիւնների, եւ արդիւնքում՝ գործնական յաջողութիւնների, ինչի մասին նրանք երախտագիտութեամբ նշում են Հիմնադրամի նախագահին ու անդամների ամէն անգամ հիւրընկալելիս:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի անդամների եւ բարեգործ նուիրատուների համատեղ ջանքերով, հնարաւոր է դարձել փոփոխութիւն առաջացնել Հայաստանում ու Արցախում բնակուող մեր բազմաթիւ հայրենակիցների կեանքում: Նրանց կեանքի բարելաւուած վիճակն ու երախտագիտական լիցքերը նոր ուժ են տալիս հիմնադրամի անդամներին շարունակելու գործունէութիւնը տարբեր ուղղութիւններով՝ ուղղուած հայրենիքի բարօրութեանն ու զօրացմանը:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամը» շնորհակալութիւն է յայտնում բարերարներին, եւ յորդորում է միանալ հայ զինուորի համար արժանապատիւ ներկայ ու ապագայ ստեղծելու գործին: «Մեր հայրենիքի պաշտպաններն արժանի են ստանալ առողջապահական լաւագոյն ծառայութիւններ: Միացէ՛ք հիմնադրամին, միասին կանգնե՛նք մեր զինուորի կողքին, եւ մեր նուիրատուութիւններով հնարաւոր դարձնենք Հայաստանում Վետերանների առաջին հիւանդանոցի կառուցումը: Այսօր, երբ հայրենիքը շարունակում է շրջապատուած լինել թշնամիներով, միասնութեան ուղերձն է, որ քաջալերում է հայ զինուորին եւ ուժ տալիս պայքարելու մեր նուիրական երկիրն անառիկ պահելու համար»:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի ամէնամեայ շքահանդէսի ժամանակ կը մեկնարկի համահայկական դրամահաւաքը, որի նպատակն է Հայաստանում Վետերանների համար հիւանդանոցի հիմնադրումը: «Հայաստանի Վետերաններ» կազմակերպութեան հետ համատեղ անցկացուող ձեռնարկի ողջ հասոյթը կը տրամադրուի բնոյթով բացառիկ բժշկական այս կենտրոնի կառուցմանը: