ԳԼԵՆԴԷՅԼ – Սեպտեմբերի 2ին տեղի ունեցաւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան կազմակերպած գործարար հանդիպումը, որին մասնակցում էին հայաստանեան Մանթաշով գործարարների միութեան անդամները, լոսանջելեսահայ գործարարներ, համայնքային գործիչներ:
Մանթաշով գործարարների միութեան նախագահ Վահրամ Միրաքեանը ներկայացրեց կառոյցի եւ լոսանջելեսեան մասնաճիւղի հիմնադրման նպատակները, գործունէութեան ուղղութիւններն ու առաջիկայ ծրագրերը: Նա ուրուագծեց նաեւ Հայաստանի գործարար միջավայրը, որը առաւել բարեփոխելու նպատակով միութիւնը սերտօրէն գործակցում է պետութեան հետ: Վահրամ Միրաքեանը նշեց, որ իրենք յաճախ են տարբեր օրէնսդրական նախագծէր առաջարկում, որոնք խթանում են բարեփոխումները գործարար ոլորտում:
Միութեանն անդամակցում են Հայաստանի տարբեր ոլորտների 110 միջին եւ խոշոր ընկերութիւններ: Կառոյցը նպատակ ունի ընդլայնել գործունէութիւնը`ընդգրկելով սփիւռքահայ գործարարների: Այդ նպատակով Սփիւռքի հայաշատ կենտրոններում կը բացուեն Մանթաշով միութեան մասնաճիւղեր: Այդ ուղղութեամբ առաջին քայլը Լոս Անջելեսում միութեան մասնաճիւղի հիմնադրումն է, որի մասին յայտարարուեց միջոցառման ժամանակ:
«Միութիւնը մի հարթակ է, որտեղ ամենատարբեր ընկերութիւններ հաւաքւում են մի յարկի տակ ու նոր ծրագրեր, մտքեր ու նախագծեր փոխանակում, նաեւ խօսում խնդիրների մասին», ասաց Վահրամ Միրաքեանը: Նրա խօսքով, «Մանթաշով»ի ստեղծման գլխաւոր նպատակն էր ոլորտի խնդիրների համար միասնական լուծումներ գտնելն ու հայ գործարարների համաշխարհային ցանցի ստեղծումը:
Միջոցառման հիւրընկալ Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը ողջունեց Մանթաշով գործարար միութեան գործունէութիւնն ու Լոս Անջելեսում մասնաճիւղի ստեղծման գաղափարը: Նա նշեց, որ այն լաւ հնարաւորութիւն է` հայազգի գործարարներին միաւորելու, հայաստանեան գործարար միջավայրն աշխուժացնելու, Կալիֆորնիայի հետ կամրջելու եւ հայկական արտադրութիւնների համաշխարհային ցանց ստեղծելու համար:
Ելոյթ ունեցան նաեւ «Մանթաշով»ի համահիմնադիր Տիգրան Օխինեանը եւ լոսանջելեսաբնակ գործարար Յակոբ Խուդիկեանը:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)