ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ատրպէյճանցի զինուորներ Սիւնիքի մարզի Խնածախ գիւղին մէջ հովիւի մը անչափահաս զաւակէն գողցան 3 եղջերաւոր կենդանիներ, իսկ Տեղ գիւղին մէջ խոչընդոտեցին ցորենի բերքահաւաքը: Այս մասին յայտարարութիւն տարածեց Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանը:
«Խնածախ գիւղի հովիւը ՀՀ տարածքում գտնուող արօտավայրերում 2021թ. Յուլիսի 6ին, ինչպէս արել է միշտ, արածեցրել է գիւղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերաւոր կենդանի: Հովուին օգնել է նաեւ նրա 13ամեայ երեխան: Առաւօտեան ժամը 6-06:30ի սահմաններում խոշոր եղջերաւոր կենդանիներից 3ը մօտեցել են ադրբեջանական զինուած ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մօտ է գտնուել երեխան, ով փորձել է թոյլ չտալ, որպէսզի նրանք ադրբեջանական դիրքին մօտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դէպի կենդանիները եւ գոռգոռոցներով ցոյց տալով իբր դա իրենց տարածքն է` գողացել են կենդանիներին եւ քշել իրենց կողմը` դէպի խորք: Պարզուած տուեալների համաձայն` ադրբեջանական զինծառայողների յափշտակութեան մասին հովիւն անմիջապէս տեղեկացրել է Տեղ խոշորացուած համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց յետոյ վերջինն անմիջապէս կապ է հաստատել ՀՀ Զինուած ուժերի առաջին բանակային կորպուսի եւ ռուս խաղաղապահների հետ, որից յետոյ ձեռնարկուած քայլերով է միայն հնարաւոր եղել խոշոր եղջերաւոր կենդանիները վերադարձնել հովուին: Միւս միջադէպը վերաբերում է Տեղ գիւղի բնակիչների իրաւունքների խախտմանը: Մասնաւորապէս, այսօր գիւղի բնակիչները գիւղատնտեսական տեխնիկայով գնացել են գիւղի մօտակայ տարածք` նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահաւաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տուեալ տարածքը դիտարկման ներքոյ պահելու հետեւանքով, թոյլ չեն տուել ցորենի հաւաքը: Գիւղերի բնակիչների տեղեկութիւնները Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացուած համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադէպի հետ կապուած` հրապարակումներ են եղել նաեւ մի շարք լրատուամիջոցներում:
«Ադրբեջանական զինծառայողների այս յանցաւոր արարքներն ուղղուած են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կեանքի, սեփականութեան եւ այլ կենսական իրաւունքներից, անասնապահութեամբ զբաղուելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից զրկելուն: Այս ամէնն անհրաժեշտ է դիտարկել շարունակուող դիտաւորութեան մէջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նոյնատիպ արարքներ (կենդանիների գողութիւններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ եւ այլն) պարբերաբար իրականացնում են թէ՛ Գեղարքունիքի, թէ՛ Սիւնիքի գիւղերի բնակիչների նկատմամբ: Հայաստանի սահմանային գիւղերի բնակիչների համար անվտանգութեան ակնյայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների ընկերային խնդիրների խորացմանը: Այս միջադէպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինուած ուժերի յանցաւոր արարքներից Հայաստանի բնակչութեան պաշտպանութեան նպատակով բացարձակ հրատապութեամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգութեան գօտի», կ՛ըսուի մարդու իրաւունքներու պաշտպանի յայտարարութեան մէջ: