ԳԼԵՆԴԷՅԼ – Փետրուարի 10ին տեղի ունեցաւ Հայաստանից Ամերիկա ոգելից եւ ոչ-ոգելից խմիչքների ներկրման խթանմանը նուիրուած հեռավար գործարար սեմինար: Սեմինարը կազմակերպել էր Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը` տեղական Հայ-ամերիկեան գործարար խորհրդի աջակցութեամբ: Այն ազդարարում է հիւպատոսութեան կողմից կազմակերպուող գործարար սեմինարների սկիզբը, որոնք նուիրուած կը լինեն Հայաստանից տարբեր տեսակի ապրանքների արտահանման խթանմանը դէպի Ամերիկա եւ Հայաստանում արտադրութեան ծաւալմանը:
Գործարար սեմինարը վարեց գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը: Ողջունելով մասնակիցներին՝ նա ընդգծեց միջոցառման կարեւորութիւնը` իբրեւ հայ-կալիֆորնիական յարաբերութիւնները գործարար դաշտում առաւել աշխուժացնելու գործնական քայլ, որը կոչուած է աջակցելու Հայաստանի տնտեսութեան զարգացմանը: Դեսպան Բայբուրդեանը նշեց նաեւ, որ գլխաւոր հիւպատոսութիւնը համավարակի նահանջից յետոյ կը կազմակերպի միջոցառումներ, որոնք կոչուած կը լինեն դիւրացնելու ամերիկեան շուկայ հայկական խմիչքների մուտքը:
Գործարար սեմինարին մասնակցեցին գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական Վարազդատ Պահլաւունին, Հայաստանի տնտեսութեան նախարարութեան Եւրասիական տնտեսական միութեան եւ արտաքին առեւտրի վարչութեան պետ Նաիրա Կարապետեանը, Հայաստանի տնտեսութեան նախարարութեան միջազգային յարաբերութիւնների վարչութեան աշխատակից Յասմիկ Սարգսեանը, Լոս Անջելեսում գործող Հայ-ամերիկեան գործարար խորհրդի նախագահ Արմէն Յարութիւնեանը, խորհրդի անդամներ Սեւադա Հեմեյլանսը եւ Արմէն Վարդանեանը, Հայաստանում ամերիկեան առեւտրի պալատի գործադիր տնօրէն Կարինէ Սարգիսեանը, Հայաստանում արտադրուած ոգելից եւ ոչ-ոգելից խմիչքների ներմուծողներ եւ Կալիֆորնիայում ոգելից խմիչքի մեծածախ մատակարարներ, ինչպիսիք են՝ LAC, Fat&Happy Beverages, WinesofArmenia, Mistral, America, Voskevaz Winery, ArmAs Winery, Prowood USA, Jermuk Group USA, Apollo International, T&T import-export Inc., Export Armenia, IDW, Mr. Martin Inc., Noahs Orchards Distilling Co., եւ American Global Group ընկերութիւնները:
Քննարկուեցին պետութիւն-ձեռներէց փոխգործակցութեան կապը աւելի արդիւնաւէտ դարձնելու եւ Հայաստանից Ամերիկա արտահանուող ապրանքների քանակը աւելացնելուն միտուած հարցեր: Գլխաւոր հիւպատոսութիւնը հետամուտ կը լինի քննարկումների ժամանակ ներկայացուած առաջարկները Հայաստանի համապատասխան նախարարութիւններին եւ գերատեսչութիւններին ներկայացնելու եւ գործարարներին հնարաւոր աջակցութիւն ցուցաբերելու գործին:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)