ԱՐՄԻՆԷ Կ. ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
Այստեղ կ՛ուզեմ հիացմունքով անդրադառնալ իմ վաղեմի լաւ բարեկամ եւ մտաւորական ընկերուհի Մաքօ Մկրտչեանի «Թոյլ Չտալ Որ Ժողովուրդը Յաղթէ Ազգին» յօդուածին, որ լոյս տեսաւ «Ասպարէզ»ի Յունուար 16, 2021թ.:
Այո, որքան ճիշդ եւ յուզիչ կերպով է նա անդրադառնում անցեալ տարուայ չարաբաստիկ դէպքերին: Մենք ազգովին տակաւին կայծակնահար ենք, թէ ինչպէ՛ս եւ ինչո՛ւ տեղի ունեցաւ այդ պարտութիւնը:
Նրա մտքերից այստեղ մեկնաբանում եմ: Բոլորս էլ Արցախեան պատերազմին մասնակից, ու յաղթութեան բերկրանքը մօտ երեսուն տարի վայելեցինք ու զոհաբերութիւններով ու նուիրաբերումներով յարութիւն տուեցինք Արցախին: Մեզանից շատերը խանդավառութեամբ այցելած են մեր հայրենիքի այդ դրախտավայրը ու ծրագրում էին տակաւին ուրախութեամբ այցելելու (այստեղ կ՛ուզեմ նշել, որ իմ անմոռանալի առաջին այցելութեան յուշերը Արցախ տպուել է «Ասպարէզ»ի մէջ Հոկտեմբեր 9,1993 թ. եւ յաջորդաբար այլ յօդուածներ):
Մաքոն սրտի խորը կսկիծով գրում է. «Արցախ աշխարհի ծաղկման ու զարգացման երջանկութիւնը ապրած, վերջին պատերազմին անմնացորդ մարտնչած հայրենապաշտ ազատամարտիկը, ի տես դաւադրութեամբ ստեղծուած պարտութեան եւ տիրող համատարած ողբերգութեան, զայրոյթն ու ցասումը բռունցքներուն, խոր հառաչանքով կը մրմնջէ. «Այս ինչպէս եղաւ, որ ժողովուրդը յաղթեց ազգին…» (եւ կը շարունակէ յօդուածը որը կարող էք կարդալ թերթով կամ համացանցով):
Մեզանից շատերը կը յիշեն 1991-92-93 թուերի թէժ պատերազմը, որ, ըստ ականատէս Գուրգէն Մելիքեանի, որակւում էր ամենախիստ, ամենադաժան պատերազմը վերջին 2000ամեայ մեր պատմութեան ընթացքին: Յիշում ենք ինչպիսի սխրանքներ գործեց Սփիւրքահայ Մոնթէն իր ռազմակիցներով եւ ինչ պատգամեց մեզ նախքան իր նահատակուելը. «Եթէ կորցնենք Արցախը ապա կը շրջենք մեր պատմութեան վերջին էջը»: Ահաւասիկ մեր պատմական ոսոխը շրջեց մեր պատմութեան վէրջին էջը մեր միջից բխած հայ անուն կրող, ոչ բարով «առաջնորդով»…։
Հարիւրաւոր տարիներ ստորացուած, հարստահարուած գոյամարտից յետոյ ունեցանք անկախութիւն: Ահաւոր կոտորածների եւ օտարի լծի տակ ստրուկաբար դիմանալուց յետոյ, վերջապէս ազատագրուած Հայաստան ունեցանք: Հայկական Պետականութիւն ու Բանակ ստեղծեցինք, բայց ի հեճուկս կեղեքիչ, ապիկար որկրամոլութեամբ ու սեփական գոյքի յափշտակութեամբ զբաղուող իշխանաւորներին, աթոռապաշտութիւնը հասցուց մեզ այս հանգրուանին: Մեր յաջորդաբար իշխանաւորները թերագնահատեցին մեր դարաւոր թշնամու նկրտումները, որ լուրջ կերպով զբաղուած էր մինչեւ ատամները զինուելով, իսկ մենք օրօրւում էինք բարձր վճարուող «Համանախագահների խոստումներով ու խափուսիկ բանակցութիւներով»: Միւս կողմից էլ հսկայական գումարներ էինք յատկացնում եկեղեցիներ կառուցելով, փոխարէն զէնք ու զինամթերք արտադրելու:
Գոյութիւն ունի մի պարզ իրականութիւն, որն է՝ ի՞նչն է որոշում որեւէ ազգի իրաւունքը ապրելու իր սեփական հողի վրայ: Պատասխան՝ ԶԷՆՔԸ, ԲԻՐԴ ՈՒԺ: Ասած սրբազան Խրիմեան Հայրիկի ԵՐԿԱԹԷ ՇԵՐԵՓԸ… ԱՒԵԼԻ ՄԵԾ ՇԵՐԵՓ, ԾԱՆՐ ՇԵՐԵՓ…
Մեր թշնամին նկատեց, որ մենք այս պատգամին չենք հետեւում, ու մեր կարծեցեալ «դաշնակից» Ռուսաստանի հետ մտածեց. «Հերիք է ձեզ, վերջ: Խնջոյքը վերջացաւ: Մի քանի տարի վայելեցիք Ազատագրուած ու Անկախ Հայրենիք, հիմա յետդարձ դէպի այն իրավիճակին որ եղել էք նախկինում…»:
Փաշինեանի գործի գալու ընթացքին, ես իմ շրջապատի մի քանի հոգու հետ վիճաբանութիւն էի ունենում: Մի անգամ նրանցից մէկը ասաց. «Ես ներքին ձայնով զգացած է որ այս մարդը այն չէ ինչ ներկայանում է»: Ցաւօք, խոսովանեմ, որ ես մեր միլիոնաւոր հայրենակիցների նման չզգացի այդ ներքին «ձայն»ը ու տարուեցի էֆորեայով, որովհետեւ ես ներկայ էի այդ օրերին Հայաստանում: Միայն այստեղ յիշեցնեմ իմ կարդացողներին, որ ինչպիսի խանդավառութեամբ ընթունեցինք համակ Սփիւռքում այդ «կարծեցեալ» յեղափոխութիւնը: Միայն յիշենք Մայիս 20, 2018թ. Սալբի Ղազարեանի ձեռնարկած Հանրահաւաքը USC համալսարանում, ուր ոտնկայս դիմաւորեցինք խոշոր էլէկտրոնային պաստառի վրայ Փաշինեանի լայն ժպիտը ու նրա պատգամը: Այո, ես ու իմ նման միլոնաւորներ շփոթեցինք «Ժողովրդականութիւն»ը (Populism-ը) ժողովրդախափէութեան հետ: Այն օրերին շատ քչերն էին, որոնք կասկածով էին մօտենում վարչապետի կեցուացքին: Յիշում եմ իմ ունեցած խիստ վիճաբանութիւներից մէկի ժամանակ ես վէճը կարճ կապելու մտադրութեամբ՝ ասացի. «Լաւ, այս նոյն հարիւր հազարանոց ժողովուրդը, որ հիմա Հանրապետական հրապարակում գոռում է «Նիկոլ, Նիկոլ վարչապետ…» մի օր էլ կրնայ կոչել «Նիկոլ, հեռացիր…»:
Հիմա տեսնում ենք որ այդպէս էլ եղաւ:
Ականատես եղայ այն տեսարանին, որ ձեզանից շատերը տեսաք հայկական եւ օտար լրատւոամիջոցներից: Յիշենք Հանրապետութեան հրապարակի լեփ լեցուն ծափահարող բազմութիւնը: Անհնարին էր տեսնել այդ տեսարանը ու չհաւատալ ժողովուրդին, որովհետեւ ես ականատես էի 2017թ., թէ ինչպիսի հոգեկան անկում էր ապրում Հայստանի ժողովուրդը: Այնքան յուսահատ ու լքուած էր զգում իրեն, որ հարիւրաւորներ ամէն միջոցներով անգամ ուղղակի ոտքով լքում էին երկիրը դէպի Վրաստան տանող ճանապարհով: Փաշինեանը եկաւ կամ «բերուեց» ճիշդ ժամանակին:
Չմոռանանք ինչպիսի ընդունելութիւն ունեցաւ Փաշինեանը այստեղ Սեպտեմբեր 22, 2019ին, Grand Park, L.A. (ես այդ ամիսնէին Հայաստանում էի) եւ այլ հայահոծ գաղթոջախներ՝ Եւրոպա: Նրա կրակոտ ոգեւորիչ ելոյթները, հանդիպումները գաղութի զանազան կազմակերպութիւների հետ, մարդաշատ հիւրընկալութիւները, հարցազրոյցները հայ եւ ամերկեան լրատուամիջոցների հետ, իր կնոջ Աննայի ելոյթը ՀՕՄի ճաշկերոյթին եւ այլուր (չնայած որ, կարգ մը հրաւէրների ընթացքին քննադատուեցին ոչ-առժանավայել իրենց պահուածքով):
Համակ հայութիւնը Ն. Փաշինեանին գրկաբաց ընդունեց: Սա ինչպիսի՞ երեւոյթ էր մեր հայ իրականութեան մէջ, ինչպէ՞ս եղաւ որ չթափանցեցինք այս մարդու հոգու եւ մտքի խորքերը: Ի՞նչ եւ ինչպէս փոխուեց նրա կեցուածքը: Արդեօք ազգովին խաբուեցի՞նք ու չկարողացա՞նք խանդավառութիւնից անդին տեսնել ինչ էր կատարւում: Այսպիսի ամբոխավարներից էին օրինակ Հիթլերը, Մուսոլինին եւ այլոք:
Այնպիսի գրաւիչ ու տեղին ժողովրդականութիւն քարոզեց, որ ամբոխը իր միակ փրկութիւնը տեսաւ նրա անձի մէջ: Ցաւօք մարդկութիւնը միշտ տարւում է անձի պաշտամունքով ինչպէս որ էր Սովետական շրջանում, եւ ինչու ոչ ԱՄՆում Թրամփի Մեսիանիք երեւոյթոՎ…։
Երբ 2019թ. Արայիկ Յարութիւնեանին նշանակեց մշակոյթի, գիտութեան, կրթութեան եւ սպորտի նախարար, եւ նրա առաջին անհիմն գործը եղաւ «Հայ Ասպետ» սիրուած ծրագրի վերացումը եւ միւս տարօրինակ դրամական յատկացումները, իմ համակրութիւնը սկսեց նուազել ու անգամ մասնակցեցի ՀՅԴ երիտասարդների բողոքի ցոյցերին Արայիկի դէմ: Տակաւին դեռ հաւատք ունէի նրա հանդէպ ինչպէս որ ժողովուրդի մի հատուած մինչեւ օրս նրան ընդունում է որպէս «օրինական» վարչապետ:
Նոյեմբեր 9ի ահաւոր դէպքերից յետոյ այլեւս ոչ նրա ձայնը ոչ էլ տեսքը տանել չեմ կարող: Այո, ազգովին յուզուած ենք ու նորից գլխիկոր ստիպուած ենք նորանոր պայքարների, շտկումների հոսանքի մէջ թաւալուելով ելք ու ճանապարհ գտնել: Հազիւ էինք մի քիչ ազատուել Ցեղասպնութեան զոհի բարդոյթից ու սկսել էինք մեր մատղաշ սերունդին հպարտութեամբ պատմել մեր Ղարաբաղեան յաղթութեան մասին, բայց նորից այս լախտը եկաւ մեր գլխին…
Ցաւօք, չունենք ամուր հաստատութիւններ (ամերկեան ձեւի դեմոկրատական ինստիտիւտներ) որ կարելի լինի անխռով, խաղաղ կերպով խորհրդարանը լուծել վարչապետի հետ միասին, պիտի յենուենք ժողովրդի խելացի, մասնագէտ հատուածի անխռով կամքի միջոցով այս բարդ իրավիճակից դուրս գալ: Հայահոծ Սփիւռքի մասնակցութիւնը պիտի լինի որքան շուտ առաջնահերթութիւնը տալ վերականգնելու մեր բանակը:
Թուրքի Դամոկլեան սուրը տակաւին մեր գլխին կախուած է: Թուրքիան երեք պայման է դրել մեր առջեւ, որոնց չկատարելու դէպքում մեզ նոր պատերազմով է սպառնում: «Առաջինը Արացախի հարցն է, որ արդէն լուծեցինք, երկրորդը Կարսի պայմանագրի բեկանումն է, երրորդը Ցեղասպանութեան Հարցի վերացումն է»: Այս տարուայ Մարտին Կարսի պայմանագրի հարիւր ամեակն Է: Արդեօք պր. վարչապետը եւ իրեն հետեւող խորհրդարանը ի՞նչ են մտածում այս մասին: Արդեօք նորից անտէրութիւն է տիրում այնպէս ինչպէս ազերին ուզած գիւղեր է գրաւում, բայց ոչ մէկ հակազդեցութիւն չի լինում իշխանութիւններից:
Լսում ենք լուրերից, որ Ալիեւը Եւրապական դատարաներում Հայաստանից պահանջելու է 50 միլեարդ դոլարի հատուցում, որ իբր թէ Արցախը 30 տարի իրենց հողերից օգտուելով հսկայական հասոյթ է ստացել, ուրեմն կամ այդ վնասի փողը պիտի վճարի կամ էլ յաւելեալ հողեր նուիրաբերի իրենց: Ո՞ւր է սրա հակադարձը մեր կողմից: Քանի՞ հարիւր միլիոն դոլարների մեր նուիրատուութեամբ հանգանակած կամ Համահայկական գումարներից ճանապարհներ, դպրոցներ հիւանդանոցներ եւ այլն կառոյցներ մնացին իրենց ձեռքը: Մեր կառավարութիւնը ինչո՞ւ չի ներկայանում Եւրոպական դատարաներին մեր պահանջներով:
Այսպիսի արհաւիրքներ մեր հայ ազգի գլխին շատ եկած է, բայց ասել Զիւանուն «Վհատելու չենք»: Ինքնասպանութիւն չպիտի գործենք: Մեր թշնամուն աւելի չուրախացնենք իրարու «միս ուտելով»: Աւելի լուրջ ու աւելի շատ աշխատենք: Մեր մէջի ամենափայլուն ուժերն ու խելքը գործի լծենք: Մենք կռուել ու յաղթել ենք աշխարհակալներին, Չենգիզ Խաներից սկսած մինչեւ նորանոր «բուսնած» գազան ցեղերին: Ազերու ասղն էլ մի օր կը մարի, Թուքն էլ երկար չի վայելի իր «հովանաւորների» բարիքները: Համբերող, յարատեւող ու դիմացող լինենք, կը յաղթահարենք: Մենք ունենք առաքելութիւն այս հողի վրայ: Մենք հայերս միշտ եղել ենք «քրիստոնեավայել» ներողներ, բայց այլեւս բաւ է: «Այսքան չարիք թէ մոռնան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդայ հայուն նախատինք»: Լինենք վրիժառու, վարուենք վայրագ թուրքի հետ իրեն վայել հէնց իր լեզուով:
Յունուար 22, 2021