ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ, Հոկտեմբերի 28ից 30ը Բելգիայի խորհրդարանի պատգամաւոր Ժորժ Դալեմանը եւ մի խումբ բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ: Պատուիրակութեանն ուղեկցեցին Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը եւ Բելգիայի Հայ Դատի յանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսեանը:
Դալեմանն առաջին եւրոպացի պատգամաւորներից է, որ այցելեց Արցախ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից յետոյ:
Այցի ընթացքում պատգամաւորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանի եւ Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանի հետ:
Նախագահ Յարութիւնեանի հետ հանդիպման ընթացքում Դալեմանը նշեց. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Արցախի հետ Բելգիայի ֆրանսախօս բարեկամութեան խմբի անդամների, ինչպէս նաեւ բելգիացի բազմաթիւ գործընկերների աջակցութիւնն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանւում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ եւ Թուրքիայի Էրդողանի ռեժիմը (վարչակարգը-Խմբ.): Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եւրոպան պէտք է ամէն ինչ անի հայերի դէմ ջարդերն ու ռազմական յանցագործութիւնները դադարեցնելու համար»:
Ստեփանակերտի վրայ ադրբեջանական յարձակումներն ու ռմբակոծութիւնները յատկապէս սաստիկ էին պատուիրակութեան` այնտեղ գտնուելու ընթացքում: Մասնակիցներն ականատես եղան ադրբեջանական բանակի կողմից գործած ռազմական յանցագործութիւնների պատճառով մարդկային եւ նիւթական վնասին, յատկապէս Ստեփանակերտի ծննդադատան վրայ անմարդկային եւ կանխամտածուած հրետակոծութիւնից յետոյ, որը տեղի ունեցաւ պատուիրակութեան Արցախ ժամանելուց ընդամէնը մի քանի ժամ անց:
Պատուիրակութիւնն այցելեց նաեւ քաղաքացիական անձանց, ովքեր հիւանդանոց էին տեղափոխուել վերջին օրերին Ստեփանակերտում եւ յարակից շրջաններում գտնուող քաղաքացիական դիրքերի վրայ ադրբեջանական հրետանակոծութեան արդիւնքում:
Դալեմանը նաեւ հնարաւորութիւն ունեցաւ հանիդիպելու ներքին տեղահանուած հայ ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանի զինուած ուժերի կողմից այսօր զբաղեցրած գիւղերից են եւ ներկայումս ապրում են Ստեփանակերում՝ թաքնուելով ապաստարաններում:
Հայաստան վերադառնալու ճանապարհին պատուիրակութիւնն արձանագրեց ադրբեջանական կողմի հրետակոծութիւնից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հասցուած նիւթական վնասը եւ Շուշիի մշակոյթի կենտրոնի լիակատար աւերումը: Անցնելով Հայաստանի սահմանը` պատուիրակութիւնը հանդիպեց Գորիս քաղաքում ապաստան գտած արցախցի ընտանիքների:
Մեկնաբանելով այցը` Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ Յարութ Շիրինեանը նշեց. «Շնորհակալալ ենք այս պատուիրակութեան մասնակիցներին, որոնք վճռականօրէն որոշեցին պատերազմի ժամանակ Արցախ գալ, որպէսզի բարձրաձայնեն Արցախի բնիկ հայ բնակչութեանը սպառնացող օրհասական վտանգի մասին: Այսօր Արցախի հերոսական ժողովուրդը հակահարուած է տալիս թուրք սուլթան Էրդողանի պանթուրքական յաւակնութիւններին եւ Ադրբեջանի բռնապետ Ալիեւին: Այս պայմաններում Արցախի բնակչութեան ֆիզիկական անվտանգութիւնը պաշտպանելու միակ ընդունելի լուծումը Արցախի Հանրապետութեան ճանաչումն է»: