ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29րդ տարեդարձին առիթով յղեց շնորհաւորական հետեւեալ ուղերձը.
«Այսօր տօնում ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29րդ տարեդարձը, տօնում ենք ազգովի՝ որպէս անբաժանելի մի մարմին եւ անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամութեամբ ու վճռականութեամբ, խիզախ ու աննկուն: Տօնում ենք՝ որպես ժողովրդավարութեան, մարդասիրութեան ու համամարդկային արժէքների յաղթանակ:
«Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տէրն ենք մեր բազմադարեայ պատմութեան եւ գալիք սերունդների ապագայի, եանուն ազատութեան մղած պայքարի եւ այդ պայքարում տարած փառաւոր յաղթանակի: Տէրն ենք եւ պատասխանատուն:
Ուրեմն, եկէք միասին կառուցենք, շէնացնենք ու զօրացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է եւ օջախ իւրաքանչիւր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամէն ինչ, որպէսզի միշտ խաղաղութիւն ու բարօրութիւն տիրի մեր օջախներում եւ հայրենիքում»: