Առողջ մարմինը ունակ է դիմակայելու հիւանդութիւններին: Covid-19 համավարակի դէպքում բժիշկները շատ են կարեւորում դիմադրողականութիւնը՝ մեր մարմնի պաշտպանական համակարգը: Երբ միկրօօրգանիզմները, ինչպիսին են, օրինակ, բակտերիաները եւ վիրուսները, թափանցում են մեր մարմնից ներս, մեր իմունային համակարգը պայքարում է՝ դրանց ոչնչացնելու համար: Դիմադրողականութեան կարեւորագոյն յատկանիշներից է նրա յիշողութիւնը: Այս համակարգի տարրերը, որոնք մեզ հեռու են պահում վարակներից, յիշում են նախկինում օրգանիզմ ներթափանցած բակտերիաներին եւ վարակներին եւ վերացնում դրանք:
Ցածր Իմունային Համակարգի Պատճառները
Գոյութիւն ունեն մի շարք արտաքին եւ ներքին գործօններ, որոնք նպաստում են դիմադրողականութեան անկմանը: Դրանցից է`ոչ առողջարար սնունդը: Մեր օրգանիզմը ոչ միայն ածխաջրերի, սպիտակուցների եւ ճարպերի կարիք ունի, այլ նաեւ վիտամինների եւ հանքանիւթերի մեծ պահանջ: Մարմնի դիմադրողականութիւնը խոցելի են դարձնում վտանգաւոր քիմիական նիւթերի հետ շփումը, քիմիական նիւթերով հարուստ սննդամթերքը, ծխախոտը եւ ալկոհոլը:
Մարսողութեան ընթացքում մեր մարմնում արտադրւում են տոքսիններ, եւ, եթէ այս տոքսինները դուրս չգան մեր օրգանիզմից, ապա դրանք կը նպաստեն դիմադրողականութեան անկմանը: Չափից շատ տոքսինների կուտակումը կարող է մեծ վնաս հասցնել ոսկրածուծին, որը համարւում է իմունային համակարգի «սիրտը»:
Ամէնօրեայ սթրեսները նոյնպէս թուլացնում են մեր դիմադողունակութիւնը:
Մեր օրգանիզմի ցածր իմունային համակարգը պայմանաւորուած է նաեւ հակաբիոտիկների չարաշահմամբ: Երբ հակաբիոտիկները յաճախակի են օգտագործւում, ապա յետագայում բակտերիաները կարողանում են դիմադրել այս հակաբիոտիկներին:
Ցածր իմունային համակարգի միւս պատճառներից է քնի պակասը, բարձր խօլեստերոլը, քաղցրի չարաշահումը, մարմինը հիւծող մարզումները: Կարեւոր դեր է խաղում հոգեկան կայունութիւնը: Ինչքան էլ բժիշկները խրախուսեն մեկուսացումը, հակասթրեսային լաւագոյն միջոցները մնում են մարդկային փոխադարձ յարաբերութիւնները, ծիծաղը: Այս սահմանափակումները չանտեսելով փորձէք պահպանել ձեր ընկերական յարաբերութիւնները, դիտէք ժամանակին բացթողնուած տեսաֆիլմերը: Ամէն ինչ ժամանակաւոր է, իսկ մեր առողջութիւնը մեզ տրուած է մեր ամբողջ կեանքի համար: