Յուլիսի 1ին հանրապետութիւնում մեկնարկել է 2020թ. ամառային զօրակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանաւորուած՝ զինուած ուժերի տարածքային ստորաբաժանումներում եւ հանրապետական հաւաքակայանում զօրակոչային աշխատանքներն ընթանում են խստօրէն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինուած ուժերում վարակի ներթափանցումը կանխելու նպատակով:
Զօրակոչային բոլոր աշխատանքները հաւաքակայանում իրականացւում են բացազատուած բացօթեայ տարածքներում: Զօրակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծոյթներով ախտահանում ձեռքերը, հաւաքակայանի բացօթեայ ամբողջ տարածքում առկայ են յատուկ գծանշումներ՝ զօրակոչիկների միջեւ սոցիալական հեռաւորութիւնը պահպանելու համար:
Հանրապետական հաւաքակայանում զօրակոչիկներին դիմաւորելուց յետոյ նրանց, փոքրաթիւ խմբերով, ուղեկցում են ջերմաչափման եւ արեան նմուշառման սենեակներ, որտեղ, սոցիալական հեռաւորութիւն պահպանելով, տղաները ջերմաչափւում են, այնուհետեւ կատարւում է արեան նմուշառում՝ COVID-19 համավարակի հակամարմինների առկայութիւնն արեան մէջ ստուգելու նպատակով:
Հաւաքակայանում գործում է յատուկ կահաւորուած լաբորատորիա՝ (տարրալուծարան-Խմբ.) կարճ ժամկէտում զօրակոչիկների արեան հետազօտութեան պատասխաններն ստանալու եւ կասկածելի արդիւնքների դէպքում զօրակոչիկներին յատուկ կահաւորուած սենեակներում արագ մեկուսացնելու եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստաւորում անցկացնելու նպատակով:
Այնուհետեւ, զօրակոչիկներն անցնում են ֆլիւորոգրաֆիկ (լուսածոր լուսանկարչութիւն-Խմբ.) հետազօտութիւն, եւս մէկ անգամ ստուգւում ու քննարկւում են նրանց անձնական գործերում բուժհետազօտութիւնների վերաբերեալ եզրակացութիւնները եւ խնդրայարոյց հարցերը:
Բանակ պէտք է զօրակոչուեն միայն բացառապէս առողջ եւ կասկածելի ախտանշաններ չունեցող զօրակոչիկները, վստահեցրել է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան զօրակոչային եւ զօրահաւաքային համալրման ծառայութեան պետ, գնդապետ Ա. Ավթանդիլեանը: Նա նաեւ նշել է, որ սահմանուած ընթացակարգով հանրապետական հաւաքակայանում բուժհետազօտութեան փուլերն անցնելուց յետոյ զօրակոչիկները, նախքան վիճակահանութեամբ ընտրուած զօրամասեր մեկնելը, անվտանգութեան նկատառումներով պայմանաւորուած, եւս 14 օր գտնուելու են կարանտինային (մեկուսացման-Խմբ.) գօտում, որից յետոյ յանձնելու են կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ եւ միայն երկու թեստերի արդիւնքները համադրելուց յետոյ նորակոչիկները համալրելու են զինուած ուժերի շարքերը:
Բժշկական փորձաքննութեանը յաջորդում է զօրակոչիկներին անձնական համարներով անուանապիտակների տրամադրումը: Ուսումնական զօրամասերը համալրող յանձնաժողովի անդամների հետ զրոյցից յետոյ զօրակոչիկների պայմանական համարներին աւելանում են դասակարգման տարբերանշանները: Դրանց հիման վրայ էլ զօրակոչիկները մասնակցում են վիճակահանութեանը՝ համապատասխան թմբուկից ընտրելով զօրամասի համարը:
Հաշուի առնելով երկրում շարունակուող համաճարակային իրավիճակը, ի տարբերութիւն նախորդ զօրակոչերի, այս անգամ զօրակոչիկների ծնողները վիճակահանութեան ընթացքին հետեւելու են տարածքային ստորաբաժանումներից՝ օնլայն (առցանց-Խմբ.) տարբերակով:
2020թ. ամառային զօրակոչի շրջանակում իրականացուող աշխատանքները տեղում դիտարկելու եւ բանակ զօրակոչուող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայութիւն մաղթելու նպատակով Յուլիսի 1ին հանրապետական հաւաքակայան է այցելել պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:
Զօրակոչի գործընթացին ներգրաւուած պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցութեամբ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը դիտարկել է հաւաքակայանում զօրակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծուած պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զօրակոչիկների բուժհետազօտութեան, վիճակահանութեան եւ սննդի կազմակերպման կարգը, որն այս զօրակոչի ընթացքում կրկին իրականացւում է հաւաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրութեան կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:
Նախարար Տօնոյեանը հետաքրքրուել է զօրակոչիկների տրամադրութեամբ եւ շնորհակալութիւն յայտնել ստեղծուած համաճարակային իրավիճակում իրականացուող միջոցառումներին ըմբռնումով մօտենալու համար:
Պաշտպանութեան նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանութեան սրահից դիմել է նաեւ տարածքային ստորաբաժանումներում գտնուող եւ վիճակահանութեան արդիւնքներին սպասող զօրակոչիկների հարազատներին՝ շնորհակալութիւն յայտնելով, որ գիտակցում են ստեղծուած իրավիճակում հանրապետական հաւաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու եւ հաւաքակայանի փոխարէն վիճակահանութեան ընթացքին օնլայն տարբերակով եւ փոքրաթիւ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետեւելու անհրաժեշտութիւնը: Դաւիթ Տօնոյեանը շեշտել է, որ զօրակոչիկների անվտանգութեան ապահովումն այս պահին ամենակարեւոր խնդիրն է: