Յունիսի 1ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթի 6րդ համարը:
Այս համարի հարցազրոյց խորագրի հիւրն է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեանը: Ուշագրաւ հարցազրոյցում անդրադարձ է կատարւում մասնաւորապէս Արեւմտեան Ամերիկայի շրջանում համաշխարհային համավարակի պատճառով ընկերային եւ այլ խնդիրների առջեւ յայտնուած հայրենակիցներին ՀՅԴի, ուղեկից եւ քոյր կառոյցների միասնական ջանքերով ցուցաբերուող օգնութիւնների թեմային: Պատասխանելով Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների առկայ վիճակի մասին հարցին Վիգէն Եագուպեանը ասում է. «Անկախութենէն ի վեր Սփիւռքի վերաբերէալ ՀՀ իրարայաջորդ իշխանութիւններու որդեգրած հայեցակարգը ցոյց կու տայ Սփիւռքին նկատմամբ լուրջ անտեղեակութիւն մը»:
Հարցազրոյցում ներկայացւում է այն իրականութիւնը, որը ձեւաւորուել է Սփիւռքի հանդէպ կաղապարուած պատկերացումների եւ այդ մտայնութիւններից բխող փոխյարաբերութիւնների որակի պատճառով:
Ինչպէս յուշում է համարի առաջնորդողը, «Դրօշակ»ի հերթական հրապարակման առանցքում է բնապահպանութեան թեման: Այս թեմայով գրուած Սիւզան Խարտալեանի յօդուածը կոչւում է. «Բնապահպանական Ուրոյն Փիլիսոփայութէան Համար» եւ անդրադառնում է մարդու բնութեան ու կենդանական աշխարհի փոխյարաբերութիւններին, մարդու իրաւունքներին եւ պարտականութիւններին բնութեան, մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, թէ՛ իրաւական եւ թէ բարոյական առումներով․ «կենդանիներու, բնութեան եւ բնավայրերու բարոյական եւ իրաւական կարգավիճակի չափն ու բնոյթը մարտահրաւեր է, որ պէտք է ընդունիլ», գրում է հեղինակը:
Նոյն թեմայով յաջորդ յօդուածի հեղինակը ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների յանձնախմբի նախագահ Արեգ Ղարաբէգեանն է: «Հայաստանի Բնապահպանական Որոշ Խնդիրների Մասին» յօդուածում Արեգ Ղարաբեկեանը անդրադառնում է Հայաստանի մի շարք բնապահպանական հիմնահարցերին եւ ներկայացնում է այս հարցում եղած գնահատականներն ու առաջարկները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսների եւ էկոնոմիկայի յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանը, խօսելով Հայաստանի գիւղատնտեսութեան վիճակի մասին, իր հերթին ներկայացնում է այս ոլորտի վերաբերեալ կատարուած ախտորոշումներն ու հիմնախնդիրների յաղթահարմանն ուղղուած անելիքների առաջարկները:
Պաշտօնաթերթի յունիսեան համարում անդրադարձեր կան նաեւ 102 տարի առաջուայ այս պատմական օրերի իրադարձութիւններին, Հայաստանի անկախացման դրամատիկ ընթացքին, Յունիսի 4ին կնքուած Բաթումի հաշտութեան պայմանագրին նախորդող ու յաջորդող գործընթացներին: Ընթերցողը այս համարում կը գտնի նաեւ հետաքրքրական այլ յօդուածներ:
«Դրօշակ»ի համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ: