2019 թուականի Դեկտեմբերի 11ին, Թբիլիսիում, Վրաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան հանդիսութիւնների սրահում կայացաւ միջոցառում, որը դարձաւ Յովհաննէս Թումանեանի երեք նոր գրքերի շնորհանդէս եւ երկու հանճարների՝ Թումանեանի եւ Կոմիտաս վարդապետի 150ամեայ յոբելեաններին նուիրուած միջոցառումների ամփոփում:
Իրենց օրհնաբեր ներկայութիւնն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանը, Ախալքալաքի եւ Գումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին, քոյր եկեղեցիների առաջնորդներ, վիրահայոց թեմի հոգեւորականաց դասը:
Միջոցառմանը ներկայ էին Վրաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի առաջին փոխնախարար Բադրի Մաիսուրաձէն, Վրաստանի հաշտութեան եւ քաղաքացիական հաւասարութեան նախարարութեան, Աբխազիայի մշակոյթի նախարարութեան բարձր պաշտօնեաներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, դիւանագէտներ, համայնքային գործիչներ, հասարակայնութեան ներկայացուցիչներ:
Երեւանից ժամանել էր հեղինակաւոր պատուիրակութիւն՝ Թումանեանի թանգարանի տնօրէն Անի Եղիազարեանի գլխաւորութեամբ:
Դահլիճը զարդարել էր «Արմէնպրես» գործակալութեան «Յետահայեաց» ցուցահանդէսը, որտեղ ներկայացուել էին գործակալութեան կողմից Թումանեանի 100ամեակի առթիւ պատրաստուած ու ներկայացուած լուսանկարները:
Վրաստանի Մշակոյթի դեպարտամենտի (բաժանմունքի-Խմբ.) աշխատակից Նանա Դոլիձէն, Հաշտութեան եւ քաղաքացիական հաւասարութեան նախարարութեան ներկայացուցիչ Թինաթին Ղողելիանին, բանասիրական գիտութիւնների դոկտոր Վարդան Դեւրիկեանը, Երեւանի Թումանեանի թանգարանի տնօրէն Անի Եղիազարեանը, «Արմէնպրես» գործակալութեան տնօրէն Արամ Անանեանն իրենց ելոյթներում անդրադարձ կատարեցին Լոռու Դսեղ գիւղում ծնուած եւ տարիներ անց Թբիլիսիում հաստատուած, իր ողջ գիտակցական կեանքը ժողովուրդների բարեկամութեան փառաբանմանը նուիրած Յովհաննէս Թումանեանի կեանքին եւ գործունէութեանը, ում աճիւնը ամփոփուած է Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթէոնում:
Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանը կարեւորեց Թբիլիսիում ամենայն հայոց բանաստեղծի արձանի տեղադրումը, ընդգծեց, որ դեսպանութիւնը շարունակում է աշխատանքներն այդ ուղղութեամբ:
Դահլիճում ներկայացուած էին Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150ամեայ յոբելեանին նուիրուած երեք նոր գրքերը: «Տասը Հեքիաթ» ժողովածուն, որտեղ զետեղուած են վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի կողմից թարգմանուած Թումանեանի չորս հեքիաթները, աւելացել էր եւս վեց հեքիաթ, որոնց թարգմանութիւնն իրականացրել է բանաստեղծ-թարգմանիչ Գիւի Շահնազարը: Վերջինս իր խօսքում անդրադարձ կատարելով Յովհաննէս Թումանեան մեծութեանը, կարեւորեց նրա հեքիաթների պարզ ու հասկանալի, խրատական, փիլիսոփայական եւ արդիական լինելը, որոնք հարազատ են հասարակութեան բոլոր անդամներին՝ մեծից-փոքր եւ փոքրից-մեծ: Նկարազարդումներն իրականացրել են Իւանէ Կեզվան եւ Շորենա Չաչանիձէն:
Հեքիաթների գրքի թարգմանութեան, հրատարակութեան եւ տպագրութեան աշխատանքները իրականացրել է Երեւանի Թումանեանի թանգարանը:
Վրաստանի գրողների միութեան համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին մանրամասն խօսեց «Թումանեան-150» գրքի մասին, որի հրատարակութիւնն իրականացուել է Վրաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակներում: «Թումանեան-150»ում տեղ են գտել Թումանեանի չթարգմանուած քառեակները, աւելի վաղ թարգմանուած մի քանի բանաստեղծութիւններ եւ նամակներ: «Թումանեան Լուսեղէն»ը կազմել է վրացագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Հրաչեայ Բայրամեանը եւ ընդգրկում է Թումանեանի՝ Վրաստանին ու վրաց բարեկամներին նուիրուած բանաստեղծութիւնները, յօդուածները եւ նամակները, ինչպէս նաեւ վրացի գործիչների՝ Թումանեանին ուղղուած նամակները, բանաստեղծութիւնները, գնահատականները: Գիրքը տպագրուել է ՀՀ մշակոյթի նախարարութեան, Վիրահայոց թեմի եւ անհատ բարերար Սերգէյ Սիմոնեանի ծախսերով:
Յոբելեանների նշանաւորումը, համատեղ միջոցառումների իրականացումը նաեւ մայր հայրենիքից դուրս ազգայինը պահպանելու, ներկայացնելու, տարածելու աշխարհասփիւռ հայութեանը ընձեռուած լաւագոյն միջոցներից է: Ժամանակին ստեղծուած յոբելեանական յանձնաժողովը, որն իր կազմում ընդգրկում էր Թբիլիսիի եւ հայաբնակ տարածաշրջանների հայկական կառոյցների ներկայացուցիչներին, Վիրահայոց թեմի այն ժամանակի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի նախագահութեամբ, բարձր մակարդակի միջոցառումներով նշեց Թումանեանի, Կոմիտաս վարդապետի յոբելեանները Թբիլիսիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխէում, Բաթումիում, Մառնէվլիում եւ միւս հայաբնակ վայրերում, գրեթէ ամէնշաբաթեայ միջոցառումներ իրականացուեցին «Յովհաննէս Թումանեանի տուն», «Հայարտուն», «Ռաֆայէլ Ջաւախ» կենտրոններում:
Յոբելեանական յանձնաժողովի անունից երախտագիտութեան խօսքեր ուղղուեցին Վազգէն սբազանին՝ միջոցառումները նախանշելու, համակարգելու եւ ծրագիրը իր գլխաւորութեամբ մասամբ իրագործելու համար:
Յոբելեանական միջոցառումների իրականացմանը հայրական օրհնութեան եւ առաջնորդական աջակցութեան համար Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանին փոխանցուեց Վիրահայոց թեմի «Յովհաննէս Թումանեան-150» յուշամեդալը: Երեւանի Թումանեանի թանգարանը «Յովհ. Թումանեան-150» յուշամեդալով պարգեւատրեց բանաստեղծ-թարգմանիչ Գիւի Շահնազարին, Վրաստանի գրողների միութեան համանախագահ Մաղուալա Գոնաշվիլիին եւ «Յովհաննէս Թումանեանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանին: Իսկ Թումանեանի ծոռնուհի Ալեոնա Կոլեսնիկովան «Յովհ. Թումանեանի տուն» կենտրոնին նուիրեց ընտանեկան մասունքներից:
Միջոցառումն ամփոփեց առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանը: Իր օրհնութիւնը յղելով կազմակերպիչներին, հայր սուրբը գնահատանքի խօսք ասաց Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանին, Վրաստանի եւ Հայաստանի մշակոյթի նախարարութիւններին, Երեւանի Յովհաննէս Թումանեանի թանգարանին, Վրաստանի գրողների միութեանը, Վրաստանում ՀՀ դեսպանութեանը, «Վրաստան» թերթին, Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան հայպետդրամայի թատրոնին, պետական, հասարակական, համայնքային բոլոր կառոյցներին, Վրաստանի հայկական դպրոցներին՝ Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտաս վարդապետի յոբելեանական միջոցառումները յաւուր պատշաճի իրականացնելու համար:
Իրենց ասմունքով, երգով եւ նուագով միջոցառումը գեղեցկացրին թիւ 104 դպրոցի աշակերտները Ալիսա Ումուրշատեանը, Դաւիթ Մաղալովը, երաժիշտ Եսայի Աբովեանը, «Մակար Եկմալեան» եկեղեցական երգչախմբի մենակատար Սվետլանա Տատոեւան, նրա սան Էլեն Ռէյհանովան: Յոբելեանական երեկոն ամփոփուեց Կոմիտասի երաժշտութեամբ, որը կատարեց Կոնստանտինէ Վարդելիի անուան լարային քառեակը պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ղեկավարութեամբ:
Շնորհանդէսը վարեցին «Յովհաննէս Թումանեանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանը եւ Վիրահայոց թեմի մշակոյթի բաժնի տնօրէն Սուրէն Աբրամեանը: