ՍԻԷԹԸԼ.- Հոկտեմբեր 26ին, Սիէթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցու Ծխական խորհրդի եւ հովիւ Վազգէն քհնյ. Բոյաջեանի անմիջական նախաձեռնութեամբ իրականացուեց երաժշտագէտ, բանահաւաք, խմբավար, հոգեւորական Կոմիտաս վարդապետի 150ամեակին նուիրուած գեղեցիկ միջոցառումը: Ս. Յարութիւն եկեղեցում, յիրաւի, տօն էր, որտեղ հաւաքուած հայութիւնը իր խոնարհումի եւ յարգանքի տուրքը մատուցեց «ամենայն հայոց երգի վեհափառ»՝ Կոմիտաս վարդապետին:
Յոբելեանական միջոցառման բացումը կատարեց Վանա Դաւիթեանը, որը հանդէս եկաւ Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն»ից գեղեցիկ ընթերցանութեամբ: Դաշնակահարուհի Ալիսա Սարգսեանը յուզեց ներկաներին՝ նուագելով «Գարուն ա» ստեղծագործութիւնը, ապա ջութակահարուհի Գայիանէ Գրիգորեանի հետ հնչեցրին Յովհաննէս Թումանեանի բառերով գրուած եւ Կոմիտաս վարդապետի հեղինակած «Կաքավիկ» ստեղծագործութիւնը:
Երգչուհի Ելենա Ասլանեանը իր անկրկնելի հմայիչ ձայնով ներկայացրեց «Լորիկ», «Ալագեազ», «Շախկր-շուխկր» ստեղծագործութիւնները:
Երգիչ Ռուբէն Խաչատրեանը ներկայացրեց հայ գութաներգերից ամենայուզիչն ու սիրուածը՝ «Հորովել»ը, ապա երգչուհի Ելենա Ասլանեանի հետ կատարեցին կոմիտասեան յայտնի «Հաբրբան» զուգերգը:
Ելոյթ ունեցաւ նաեւ երգչուհի Կարինէ Ստեփանեանցը, որը կիթառահար Արամ Մկրտչ-եանի նուագակցութեամբ ներկայացրեց «Ճանապարհ» ստեղծագործութիւնը:
Երեկոն շարունակեց «Նանօր» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Վարսեր Սարգսեան), որը ներկաներին փոխանցեց Կոմիտաս վարդապետի սիրային ամենագեղեցիկ՝ «Սոնա եար» եւ «Շողեր ջան» երգերը: Երգչախումբը վարպետօրէն ներկայացրեց նաեւ «Էսօր Ուրբաթ է, պաս է», «Ջուր կու գայ վերին սարեն», «Զար զընգը, թող զնգայ» եւ «Ով Զարմանալի» երգերը:
Ջութակահար Արտիոմ Ծատուրեանը կատարեց հայ ժողովրդի պանդխտութեան ողբերգութիւնն արտացոլող ամենագեղեցիկ երգերից մէկը՝ «Կռունկը»:
Ներկաները մեծագոյն սիրով ունկնդրեցին նաեւ Արմինէ Նաղդեանի դաշնամուրային կատարումները՝ «Ես աղջիկ եմ», «Էրւում եմ», «Տուն արի» եւ այլն:
Միջոցառման երկրորդ հատուածում, Կոմիտասի կեանքին եւ գործունէութեանը վերաբերող հետաքրքիր բանախօսութեամբ հանդէս եկաւ Վազգէն քհնյ. Բոյաջեանը: Տէր հայրը ներկայացրեց Կոմիտաս վարդապետի անցած դժուարին ուղին՝ Էջմիածնի Գէորգեան ճեմարանից մինչեւ Փարիզի հիւանդանոցներում անցկացրած ողբերգական տարիները: Նա հանգամանօրէն խօսեց նրա թողած ստեղծագործական հարուստ եւ բազմաշերտ ժառանգութեան մասին: Տէր Վազգէնն ընդգծեց, որ Կոմիտասն իր տիտանական աշխատանքով եւ բացառիկ տաղանդի շնորհիւ մեզ մօտեցրել է հայկական երաժշտութեան մաքրամաքուր ակունքներին, գտել խազերի վերծանման բանալին, դարձել հայ յօրինողական դպրոցի հիմնադիրը: Տէր հօր վկայակոչմամբ՝ Կոմիտաս վարդապետն իր ապրած կեանքի եւ ստեղծագործութիւնների միջոցով բոլորիս ներկայանում է իբրեւ տիպար մարգարէ, որով ապրում, կրթւում եւ առաջնորդւում է մի ամբողջ ազգ:
Քանդակագործ-գեղանկարիչ Գեղամ Աբրահամեանի հեղինակած Կոմիտասի դիմանկարը եկեղեցու խորանէն, իր առինքնող ու խոնարհ հայեացքի ներքոյ հովանաւորում էր ամբողջ երեկոն՝ իր տիրական ներկայութեամբ:
Տէր հայրը իր խօսքի վերջաւորութեան երախտիքի խօսք ուղղեց բոլոր կազմակերպիչներին եւ արուեստագէտներին, որոնց բարձորակ կազմակերպութեան եւ կատարման շնորհիւ համայնքը իր խոնարհումն ու յարգանքը մատուցեց մեծ հային։
Սիէթըլի Ս. Յարութիւն եկեղեցում, յիրաւի, թեւածում էր կոմիտասեան ոգին եւ շունչը. Կոմիտաս վարդապետը իր «ներկայութեամբ» համախմբել էր հայրենիքից կտրուած հայութեան բեկորներին, որոնց համար Կոմիտաս վարդապետի անաղարտ երգն ու երաժշտութիւնը սնուցող ակունք է, որը օգնում է օտար ափերում հայեցի ապրել եւ ապրեցնել մեր սերունդներին:
Յիշարժան երեկոն աւարտուեց Վանա Դաւիթեանի «Անլռելի Զանգակատուն»էն գեղեցիկ եւ վարպետօրէն արտասանութեամբ եւ «Նանօր» երգչախմբի կոմիտասեան «Հայր Մեր»ի աղօթալից երգեցողութեամբ:
(Թղթակցութիւնը՝ եկեղեցիէն)