2019 թուականի Յուլիսի 6ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացաւ Յովհաննէս Թումանեանի հեքիաթների գերմաներէն գրքի շնորհանդէսը: Հեքիաթների թարգմանութիւնը կատարել են ՀՀ Գրողների միութեան անդամ, գերմանաբնակ գրող, թարգմանիչ Ագապի Մկրտչեանը եւ պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը:
Միջոցառումը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եւգենեա Մարկոսեանը, ով կարեւորեց գերմաներէն ժողովածուն, որտեղ առկայ է երեխաների ընկալմամբ ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթների պարզ եւ խորաթափանց միտքը:
Գրող-թարգմանիչ Ագապի Մկրտ-չեանն իր խօսքում անդրադարձ կատարեց այն հսկայական աշխատանքին, որ երկու տարուայ ընթացքում իրականացուել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքի 3 դպրոցների 8-14 տարեկան աշակերտներին Մեծ Լոռեցու հեքիաթներին ծանօթացնելու եւ նրանց զգացածը թղթին վերարտադրելու ուղղութեամբ: Շնորհանդէսին ներկայացուած էին երեխաների ձեռքով արուած 30ից աւելի նկարազարդումները:
Պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը խօսեց, թէ ինչ դեր են կատարել Յովհ. Թումանեանի ստեղծագործութիւնները Հայաստանին ծանօթանալու, այդ երկիրը սիրելու հարցում, ընդգծելով, որ իր համար անգերազանցելի է մնում Թումանեանի «Հայոց Լեռներում» բանաստեղծութիւնը:
Յովհ. Թումանեանի 20 հեքիաթների թարգմանութեանը եւ նկարազարդումներին անդրադարձան մանրանկարիչ Մերուժան Շահումեանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպութեան նախագահ Սամուէլ Մկրտչեանը, «Յովհ. Թումանեանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանը, գրող-թարգմանիչ Արտէմ Կիրակոսեանը եւ ուրիշներ:
Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգեւոր տեսուչ Տաթեւ քահանայ Մարուքեանը: Վերջինս խօսելով ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործութիւնների, ի մասնաւորի հեքիաթների մշտապէս արդիական գաղափարների մասին, օրհնութեան եւ գնահատանքի խօսքեր ուղղեց պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկին եւ գրող-թարգմանիչ Ագապի Մկրտչեանին նման ազգանուէր գործ իրականացնելու համար:
Յովհ. Թումանեանի հեքիաթների ժողովածուն հրատարակուել է Աւստրիայի Վոլգան Հագեր հրատարակչութիւնում եւ նուիրուած է հայոց մեծ բանաստեղծի 150ամեայ յոբելեանին: Գրքի շնորհանդէսը կայացել է Երեւանում, Գիւմրիում, Թբիլիսիում: Աշնանը գիրքը կը ներկայացուի Աւստրիայի եւ Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԻՒԱՆ