ՍԻԷԹԸԼ.- Յունիս 16ը նշանաւորուեց որպէս պատմական եւ յիշարժան օր Սիէթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցու համայնքի անդամների համար, ովքեր մեծ խանդավառութեամբ եւ ցնծութեամբ դիմաւորեցին եւ բարի գալուստ մաղթեցին թեմիս առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանին:
Օրը սկսուեց սրբազան հօր կողմից մատուցուող Ս. պատարագով:
Պատարագի ընթացքում սրբազան հայրը եկեղեցուս երկու ծառայողների՝ Գէորգ Ստեփանեանցինի եւ Տիգրան Սաֆարեանին արժանացրեց դպրաց ձեռնադրութեան: Պատարագի ընթացքում եկեղեցու վարժարանի բոլոր սաները մօտեցան Ս. խորանին եւ սրբազան հօր հետ ջերմ եւ անմիջական զրոյցից յետոյ ստացան նրա օրհնութիւնը:
Պատարագի աւարտին, սրբազան հայրը կատարեց երգչախմբի անդամների գլխաշորերի օրհնութիւն, որից յետոյ բոլորը թափօրով առաջնորդուեցին դէպի նոր գնուած կալուած, ուր սրբազան հօրը աղ ու հացով դիմաւորեցին վարժարանի սաները: Այնուհետեւ, սրբազան հայրը օրհնեց նոր կալուածը, որից յետոյ հատեց ժապաւէնը:
Իր օրհնութեան խօսքում, սրբազան հայրը յոյս յայտնեց, որ նոր կալուածը կը ծառայի որպէս դպրոց եւ իր առաքելութեամբ կը հանդիսանայ իբրեւ Հայ Տուն՝ զարկ տալով հայ մշակոյթի պահպանմանն ու տարածմանը համայնքում:
Աղօթքից եւ օրհնութիւնից յետոյ Հայ տան բակում բոլորին սպասւում էր հաճելի անակնկալ, որտեղ պատրաստուած էր բեմ։
Նորից ծփում էր վարժարանի բեմը. հերթական գեղեցիկ ու հարուստ բովանդակութեամբ միջոցառումն էր՝ վառ, գունագեղ ու հայեցի ոգով: Օրը լցուած էր Թումանեանով եւ Կոմիտասով: Հայ տան բակը վերածուել էր Բիբլիական Հայաստանի, ուր մանկան շուրթերով, ինչպէս աղօթք, հնչում էր Աստուածային հայոց լեզուն:
Դպրոցի ծրագիրը ամփոփուեց սաների «Քոչարի» պարով եւ սրբազան հօր օրհնութեամբ: Անմիջապէս յետոյ աշակերտները ստացան իրենց գովասանագրերը:
Վարժարանի ծրագրի աւարտից յետոյ, բոլորը ուղղորդուեցին դէպի Հայ տան ետնամաս, որտեղ եկեղեցու մեծ ընտանիքի կողմից պատրաստուած էր հիւրասիրութիւն: Սեղանների օրհնութիւնից յետոյ, սկսուեց նաեւ գեղարուեստական ծրագիրը, որտեղ համայնքի անդամների կողմից հնչեցին հայկական երգն ու երաժշտութիւնը:
(Քաղուած Էլա Աբրահամեանի թղթակցութենէն)