ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Հայաստանի ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցոյթների դափնեկիր, կառավարական բարձրագոյն «Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատուոյ» շքանշանների ասպետ, դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանը, ում վերջերս ունեցած նախագահական համերգին հետեւել էինք համացանցով, գտնուելով Կալիֆորնիայում՝ ներկայ էր «Լարք» երաժշտանոցի տարեվերջեան համերգներին: Մօտակայ օրերին նա մեկնում է Փարիզ, ուր հրաւիրուած է Ecole Normal բարձրագոյն երաժշտական հաստատութեան կողմից՝ մասնակցելու մրցոյթային ժիւրիի աշխատանքներին:
Յաջողութիւն մաղթելով Սվետլանա Նաւասարդեանին իր հետագայ ծրագրերի իրականացմանը՝ ստորեւ ներկայացնում ենք նրա գրութիւնը, որտեղ «Լարք»ի լաւ բարեկամը կիսւում է այս հաստատութեան գործունէութիւնների մասին ունեցած իր տպաւորութիւններով.
Իսկական տօնի վերածուեցին օրերս կայացած «Լարք» երաժշտական հաստատութեան ուսանողների տարեվերջեան համերգները՝ մենանուագային ծրագրերով եւ սիմֆոնիկ նուագախմբի ընկերակցութեամբ: Նուագավարներն էին՝ Րաֆֆի Միքայէլեանը ու Տիգրան Առաքէլեանը: Երեք օր շարունակ լեփ լեցուն դահլիճը յոտնկայս ծափահարում էր պատանի երաժիշտներին եւ նրանց ուսուցիչներին: Ծաղկեփնջերով ողողուած էր բեմը…
Անասելի յուզում եւ հպարտութիւն ապրեցի՝ ինձ հարազատ օջախի համար, որի շռայլ հիւրընկալութիւնը վայելում եմ ժամանակ առ ժամանակ: Համերգային բազում ծրագրեր եմ պատրաստել այստեղ, անցկացրել վարպետութեան դասեր՝ ուսանողութեան եւ ուսուցիչների համար, ըմբոշխնել գործընկերներիս հետ շփման հաճոյքը եւ հասկացել՝ օտար ափերում հայրենի հողը չկորցնելու գինը:
Զարմանահրաշ այս հաստատութիւնը արուեստի իդէալներին անդուլ ծառայելու խորհրդանիշ է: Մեծատառով կրթօջախ է այն, ուր հիմնական դասաւանդուող առարկան մարդասիրութիւնն է: Սիրոյ եւ ջերմութեան գոյներով շաղախուած, ունայնեաց ամէն բանից հեռու մթնոլորտում են ձեւաւորւում սովորողների արուեստավարժ հմտութիններն ու մարդկային նկարագիրը: Հայրենասիրական ոգին նաեւ: Ամէնուր հնչող հայերէնից բացի, դա են հաստատում հայոց պատմութեան եւ գրաբարի դասընթացները, հայերէնով՝ ներկայացումներն ու հաստատութեան փոխտնօրէն տիկին Թագուհի Արզումանեանի հայ երաժշտութեանն ու պօէզիային նուիրուած սքանչելի երեկոները, հայ ժողովրդի նշանակալից տարելիցների առիթով: Ինքնին արդէն արուեստ է եւ հայերէնի մեծ դաս այդ տաղանդաշատ հայուհու իւրաքանչիւր խօսքը, որով համեմւում է դպրոցի ցանկացած միջոցառում: «Լարք»ում նոյնիսկ դասարաններն են կոչւում հայ մեծ մտաւորականների անուններով…
Այստեղ մեծապէս յարգուած են Երաժշտութիւնը եւ երաժշտութեամբ զբաղուող իւրաքանչիւր պատանի, մանուկ: Դաշնամուրային, լարային, փողային եւ հարուածային գործիքների, նաեւ երգեցողութեան, կոմպոզիցիայի եւ այլ բաժիններում դասաւանդող «Լարք»ի ուսուցիչները պատրաստուածութեան մակարդակով, թէ դասաւանդման որակով, պատիւ կը բերէին նմանատիպ ցանկացած հաստատութեան: «Լարք»ն, անշուշտ, ունի բոլոր հիմքերը վերաճելու օրինաւոր միջնակարգ հաստատութեան, եւ ես կը կամենայի սիրելի երաժշտանոցին եւ նրա համակրելի տնօրէն Աշոտ Քարթալեանին մաղթել բազում յաջողութիններ նորանոր բարձունքներ նուաճելու ճանապարհին:
Այս ամէնով հանդերձ, որքան էլ խօսենք «Լարք» երաժշտանոցի մասին, չպիտի մոռանանք, որ այն մէկ ճիւղն է միայն «Լարք» ընկերակցութեան, որը միաւորում է իրենում կրթական, հրատարակչական, համերգային եւ այլեւայլ շատ բնագաւառներ: Այստեղ է, որ ես պիտի անդրադառնամ բացառիկ մի անձնաւորութեան, որի մտքի եւ հոգու թռիչքով է ուղեծիր դուրս եկել «Լարք»ը եւ դարձել նրա կեանքի ամենափայփայած, իրականացած երազանքը:
Խօսքս հայ մշակոյթի մեծ նուիրեալ, մշակոյթի իսկական ջատագով, Վաչէ Պարսումեանի մասին է: Հուժկու տաղանդի տէր մարդ, ով, քաջ գիտակցելով իրեն ի վերուստ տրուած առաքելութիւնը, տասնամեակների տքնաջան արարումով կերտել է իր երջանիկ մարդու կեանքի բազմահատոր տարեգրութիւնը:
Մեր ծանօթութեան առաջին իսկ պահին ինձ մեկնեց նոր հրատարակուած, արդի խազաբանութեանը նուիրուած Նիկողայոս Թահմիզեանի ուսումնասիրութիւնը: Գնահատեցի նուրբ ընտրութիւնը: Զգացի նաեւ ակնյայտ մտահոգութիւնը, կապուած մշակոյթի հազուագիւտ գոհարները մոռացութիւնից փրկելու, եկող սերունդներին անաղարտ փոխանցելու հետ: Այս ազնիւ մղումով էին կեանքի կոչուել բազմաթիւ արժէքաւոր հրատարակումներ՝ նուիրուած ժողովրդական երգին, Կոմիտասի, Չուխաջեանի եւ այլոց կեանքի եւ ստեղծագործութեան նուազ լուսաբանուած էջերին: Ն. Թահմիզեանի, Ա. Սահակեանի եւ Ա. Փահլեւանեանի հետաքրքրական ուսումնասիրութիւնները չէին վրիպել Վ. Պարսումեանի աչքից:
Երեւանում յաճախ էի լսում խորհրդաւոր «Լարք» բառը: «Լարք»ն էր, որ բացեց Հայաստանում ճանաչուած շատ ու շատ երաժիշտների ճանապարհը դէպի ամերիկացի ունկնդիրը: «Լարք»ն էր, որ իրականութիւն դարձրեց Կալիֆորնիայում մեծանուն կոմպոզիտորներ Առնօ Բաբաջանեանի, Էդուարդ Միրզոյեանի, Ալեքսանդր Յարութիւնեանի, Տիգրան Մանսուրեանի հեղինակային համերգները պատշաճ մակարդակով, ներկայացրեց Արմէն Տիգրանեանի «Անուշ» օպերան ամերիկացի հանդիսատեսին:
«Լարք»ի հրաւէրով են այստեղ ելոյթներ ունեցել նշանաւոր դիրիժոր Օհան Դուրեանը, ջութակահար Սերգէյ Խաչատրեանը, երգիչներ Բարսեղ Թումանեանը, Յասմիկ Պապեանը, տողերիս հեղինակը եւ այլք: Յայտնի է, որ «Լարք»ն առաջինն էր, որ տարիներ առաջ Սփիւռքում կազմակերպեց Կոմիտասին նուիրուած համահայկական սիմպոզիում: «Լարք»ն անց է կացրել հայագիտական կոնֆերանսներ, կազմակերպել է տարբեր բնոյթի բանախօսութիւններ, նաեւ՝ հայ միջնադարեան եւ արդի երաժշտութեան շուրջ: «Լարք»ի թեթեւ ձեռքով եւ անմիջական մասնակցութեամբ է իրականութիւն դարձել այժմ լայն համբաւ ձեռք բերած՝ «Դիլիջան» միջազգային փառատօնը (գեղ. ղեկավար Մովսէս Պօղոսեան):
Իբրեւ նոր գործերի պատուիրատու, «Լարք»ը մշտապէս խթանել է հայ ժամանակակից, յատկապէս՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործութիւնները: Ձգտել է նաեւ հետաքրքրել հայկական թեմաներով օտարազգի կոմպոզիտորների, ինչպէս եղաւ ամերիկացի կոմպոզիտոր Իան Կրաուսի «Հայկական Ռեքվիէմ»ի դէպքում, որն արժանացավ բացառիկ ընդունելութեան: Վերջերս «Նաքսոս» միջազգային յայտնի մակնիշի տակ թողարկուեց այս կատարման ձայներիզը:
Ես յիշում եմ հիմա «Լարք»ի նկարահանած Տիգրան Մանսուրեանի «Մենախօսութիւն»ը, յիշում՝ «Լարք»ի հրատարակած հայ կոմպոզիտորների գործերի նոտաները, ձայներիզները եւ տեսաերիզները, յիշում այլեւայլ շատ բաներ եւ մտածում, որ անընդգրկելի է «Լարք»ի գործունէութիւնը եւ զարմանում, ինչպէս է յաջողւում մէկ մարդուն այս ամէնը կառավարել…
«Լարք»ի յայտագրուած համերգները միշտ էլ Լոս Անջելես շրջանի համերգային կեանքի անբաժան եւ արժէքաւոր մասն են կազմել: Առանձին շուքով են դրանց մէջ առանձնանում Վաչէ Պարսումեանի անուան հետ առնչուող համերգները: Ականաւոր երաժիշտ, դիրիժոր, խմբավար Վաչէ Պարսումեանի ղեկավարած սիմֆոնիկ եւ բազմաբնոյթ այլ համերգները Փասադենայի նշանաւոր «Ամբասադոր» համերգասրահում մշտապէս երեւութային են որակուել Կալիֆորնիայի համերգային կեանքում: Դրա հաւաստումն են Մոցարտի «Mass in C Minor»ի, Բրամսի «Ein Deutsches Requiem»ի, Բրիտենի «War Requiem»ի, Ստրավինսկու «Svadebka»ի, Մանսուրեանի «Ars Poetica»ի եւ այլ գործերի կատարումների Հայաստան հասած արձագանգները:
Պարսումեանի՝ իմ ունկնդրած ելոյթներից յիշողութեանս մէջ անջնջելի հետք են թողել Բախի «Քրիստոսի Չարչարանքներն Ըստ Մատթէոսի» եւ Նարեկացու խօսքերով գրուած Շնիտկէի «Երգչախմբային Կոնցերտ»ի փայլուն մեկնաբանութիւնները: Ուշագրաւ էր, որ երկու համերգում էլ երգչախմբի կազմում ընդգրկուած էին եւ «Լարք»ի երիտասարդ ուսանողները:
Նման ելոյթներն ու փորձերը (ի դէպ, փորձերն անց էին կացւում «Լարք»ի կամարների տակ) յիրաւի անփոխարինելի «երաժշտական համալսարաններ» էին կեանք մտնող երաժիշտների համար: Ի՜նչ հրաշալի միտք…
Երջանկութիւն է «Լարք»ում Վաչէ Պարսումեանի պէս ղեկավար ունենալ: Շփուել մի մարդու հետ, որի կեանքն ու գործը ուսանելի են բոլորիս համար, ըմբոշխնել նրա լոյս ճառագող էութիւնը… Հասկանում ես, որ պատահական չէ «Լարք»ի սրահում կախուած Էմանուիլ Կանտի խօսքերը մէջբերող պաստառը՝ «Երկու բան են ինձ շարունակ զարմացրել՝ աստղալից երկինքը գլխավերեւում, եւ բարոյական օրէնքը սրտի մէջ»: Սա է Պարսումեանի դաւանանքը:
Հոգիս թռչում է ինձնից արագ, Վաչէ Պարսումեանի ստեղծագործական նորանոր առկայծումներին ընդառաջ:
Ընդամէնը մի քանի ամիս է մնացել Մեծն Կոմիտասի հարիւր յիսունամեայ յոբելեանից: Արդէն լսել եմ, որ «Լարք»ը ծրագրել է գեղեցիկ համերգաշար՝ նուիրուած կոմպոզիտորի ստեղծագործութեանը, նպատակ ունենալով հանրութեանը ներկայացնել վերջինիս յայտնի եւ անյայտ էջերը: Չեմ կասկածում, որ ինչպէս միշտ, «Լարք»ը կը լինի իր բարձրութեան վրայ, անմասն չմնալով այս բացառիկ առիթից: Այսպիսով նա մէկ անգամ եւս կ՛արտայայտի իր խորին սէրն ու ակնածանքը հանճարեղ հայի հանդէպ, նորանոր դափնիներով պանծացնելով նրա անունը…
Ռալֆ Էմերսոնը ասում էր. «Բարօրութեան խորհուրդը, Ուրախութիւնը մեր ձեռքերում պահելու կարողութեան մէջ է»: Սիրելի Վաչէ, թւում է, սա քո մասին է ասուած:
Ի յեճուկս ամէն փորձութեան, արգելքի ու դժուարութեան տանում ես առաջ «Լարք»ը, քո երազների նաւը, եւ շարունակելու ես տանել խիզախօրէն՝ թեւաւորուած փառայեղ յաղթանակներով եւ հաստատելով Ուրախութիւնն այս երկրի վրայ…