ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Մարտունու շրջանի Գիշի համայնքի Դուզին Տափ տեղամասում Յունիսի 21ին շահագործման է յանձնուել 12րդ խորքային հորը: Այն կառուցուել է Հայաստան Համահայկական հիմնադրամի Արեւմտեան Ամերիկայի տեղական մարմինի նիւթական հովանաւորութեամբ:
«Արցախպրես»ի թղթակցի հետ զրոյցում Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանն ասել է, որ անցած տարի նախատեսուած էր հորատել 14 խորքային հօր, ներկայումս ամբողջութեամբ աւարտուած են 12ի աշխատանքները:
«Խորքային հորերի հորատման ամենամեծ դժուարութիւնն այն է, որ հորը կարող է շատ խորը լինել, եւ ծրագիրը դառնում է ծախսատար: Ներկայումս փորձում ենք աւելի արդիւնաւէտ դարձնել ծրագիրը: Այս վայրում մօտ 40 լիտր վայրկեանում ջուր է դուրս գալիս եւ շատ հազուադէպ է այդպէս լինում: Ներկայումս մօտ 50ից աւելի հնարաւոր շահառու կարող է ունենալ ջրի այս պաշարը: Նախատեսում ենք տարուայ ընթացքում հորատել նոր հորեր, սակայն առայժմ հետազօտական աշխատանքներ են տարւում՝ պարզելու, թէ յատկապէս, որ վայրերում ջուր կայ», նշել է Հայկակ Արշամեանը:
Հայաստան Համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտեան շրջանի նախագահ Մարիա Մեհրանեանն էլ նշել է, որ ծրագրի իրականացման սկզբնական շրջանում որոշակի դժուարութիւններ կային հորատման հետ կապուած, սակայն այսօր դրական արդիւնքներ կան:
«Պէտք է շարունակուի ծրագիրը, քանի որ շնորհիւ այս հորերի մեր հայրենակիցների համար հնարաւորութիւն է ստեղծւում ծաղկեցնել շրջակայ տարածքը: Այն նաեւ տնտեսական զարգացման համար է մեծ հնարաւորութիւններ ստեղծում, օգնում մեր փոքրիկ գիւղերին կայունութիւն ապահովել», նշել է Մարիա Մեհրանեանը:
Իսկ Արցախի Հանրապետութեան գիւղատնտեսութեան նախարար Ժիրայր Միրզոյեանն ասել է, որ հիմնականում առանձնացւում են այնպիսի տարածքներ, որտեղ մակերեւութեային ջրեր չկան կամ էլ չեն բաւարարում:
«Խորքային հորը կառուցուած է Մարտունու շրջանի այնպիսի տարածքում, որտեղ ընդհանրապէս բացակայում են մակերեւութային ջրերը: Իւրաքանչիւր խորքային հոր, կախուած իր պահեստից, մօտաւոր ոռոգում է 20 հեկտար տարածք: Այս տարածքում առկայ է 10 հեկտար խաղողի այգի, եւս 12 հեկտար դաշտավարական նշանակութեան տարածքներ կան, որոնք առաջիկայում կ՛օգտագործուեն այգեգործութեան զարգացման համար: Բացի դրանից, իւրաքանչիւր խորքային հոր հնարաւորութիւն է տալիս ներդնել ոռոգման տեխնոլոգիական համակարգեր, որոնք գիւղատնտեսութիւնը դարձնում են բարձրարժէք», նշել է Ժիրայր Միրզոյեանը: