«ՓանԱրմինիըն»ի Սեպտեմբեր 21, 2018ին կատարած այս տեղեկագրութիւնը կը հրապարակենք Քոչարեանի դատավարութեան մթնոլորտի դրդումով:
«2001 թուականի Սեպտեմբերի 25ի լոյս 26ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի թիկնապահների կողմից «պրիւետ Ռոբ» արտայայտութեան համար «Առագաստ» սրճարանում սպանուած Պօղոս Պօղոսեանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկուել Գլխաւոր դատախազութիւն եւ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւն: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, յայտնել է Պօղոսեանի եղբօրորդին՝ Սամուէլ Պօղոսեանը:
Պօղոսեանի եղբօրորդին ասել է, որ հայրը՝ Անդրանիկ Պօղոսեանը, նոր քննութիւն է պահանջել «նաեւ Ռոբերտ Քոչարեանի մեղսակցութիւնը բացայայտելու նպատակով, որի հրամանով է սպանութիւնը կատարուել»: Հարցին, թէ արդեօք իր հայրը կարծում է, որ Քոչարեանի հրամանով է տեղի ունեցել սպանութիւնը, Սամուէլ Պօղոսեանը դրական պատասխան է տուել:
«Միանշանակ, չի կարող թիկնազօրը նախագահին թողնել ու հետ վերադառնալ, եթէ հրաման չկայ յատուկ դրա համար: Վերջերս նախկին դատաւոր Պարգեւ Օհանեանը հարցազրոյց էր տուել՝ նշելով, որ Քոչարեանը հրամայել է՝ «տարէք, սատկացրէք»», ասել է Սամուէլ Պօղոսեանը:
2001 թուականին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պօղոս Պօղոսեանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին տեսնելիս դիմել էր՝ «պրիւետ Ռոբ», որից յետոյ Քոչարեանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում՝ հասցնելով մահուան:
Ըստ մեղադրական եզրակացութեան, Պօղոս Պօղոսեանի եւ Քոչարեանի անվտանգութեան ծառայութեան աշխատակից՝ «Կուկու» մականունով յայտնի Աղամալ Յարութիւնեանի միջեւ ծագած քաշքշուկի արդիւնքում Պօղոս Պօղոսեանը մահացել է: Աղամալ Յարութիւնեանին մեղադրանք էր առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 103 յօդուածի՝ անզգոյշ սպանութեան յատկանիշներով: Այս յօդուածով նախատեսուած առաւելագոյն պատիժը երեք տարուայ ազատազրկումն է: Գործը քննել է դատաւոր Մնացական Մարտիրոսեանը, նա դատապարտել էր Յարութիւնեանին երկու տարուայ պայմանական ազատազրկման:
Սպանութիւնից մի քանի օր յետոյ Ռոբերտ Քոչարեանը յայտարարել է, որ եթէ Պօղոս Պօղոսեանը ողջ լինէր, ինքը դեռ ասելու բան կ՛ունենար: