«Հայ Ժողովրդին Պէտք Է Վերադարձուեն Իր Կրած Ցաւի Հատուցումը Եւ Իր Պապենական Հողերը»
Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցի կապակցութեամբ «Ապառաժ»ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:
«ԱՊԱՌԱԺ».- Օրեր առաջ յիշատակեցինք Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցը: Ինչպիսի՞ արդիւնքներ են գրանցուել վերջին տարիների ընթացքում Եւրոպայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Եւրոպայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շուրջ կարծես նոր աշխուժութիւն է նկատւում, եւ ասեմ, որ այսօր հայամէտ մթնոլորտ է տիրում այստեղ:
Ինչ վերաբերում է արդիւնքներին, ապա ասեմ, որ Ապրիլի 27ին Պորտուգալիայի խորհրդարանը հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման յայտարարութեամբ: Ապրիլի 10ին Իտալիայի խորհրդարանը երկրորդ անգամ պաշտօնապէս ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ կոչ արել կառավարութեանը՝ հետեւել իր օրինակին: Ֆրանսիայում Ապրիլի 24ը յայտարարուել է ցեղասպանութիւնների ոգեկոչման օր, իսկ անցեալ տարի Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչել եւ իր կառավարութեանն է դիմել՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ մասնակից դառնալ Ապրիլի 24ին Հայաստանում կազմակերպուող ոգեկոչման արարողութիւններին:
Եւրոպական այս երկրների վերը նշուած որոշումները ողջունելի են եւ կարող են բաւական մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրայ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ հատուցման գործընթացին անցնելու տեսանկիւնից:
«ԱՊԱՌԱԺ».- Ապրիլի 24-25ին Բելգիայի խորհրդարանն ընդունել է ցեղասպանութիւնների ժխտողականութեան դէմ քրէականացման օրէնք, որի մէջ, սակայն, Հայոց Ցեղասպանութիւնը չներառուեց: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք տեղի ունեցածը եւ ի՞նչ քայլեր է պատրաստւում նախաձեռնել Հայ Դատի գրասենեակը:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունուած ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրէնքը վերաբերում է միայն միջազգային դատարաններով վաւերացուած ցեղասպանութիւններին: Չնայած նրան, որ օրէնքի նախագիծն առաջարկուել է Եւրամիութեան կողմից՝ վերը նշուած յստակ սահմանափակումով, որը սակայն պարտադիր չէր, մենք յոյս ունէինք, որ խորհրդարանական, սենատի եւ կառավարութեան մակարդակներով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած Բելգիան հաշուի չի առնի Եւրամիութեան այդ սահմանափակումը:
Պէտք է ասեմ, որ Բելգիայի որոշման վրայ ազդել են շուրջ մէկ ամսից տեղի ունենալիք ընտրութիւնները: Այսօր Բելգիայում ապրում է 300 հազար թուրք եւ միայն 30 հազար հայ: Ընտրութիւնների նախաշեմին քաղաքական կուսակցութիւնները չուզեցին վնասել թուրքական մեծ գաղութին եւ կորցնել ձայներ: Սակայն ցաւալի է, որ Հայոց Ցեղասպանութեան քրէականացման հարցը, ընտրական հաշուարկների հետ պայմանաւորուած, դուրս է մնացել:
Մենք այս իրողութիւնը դիտարկում ենք որպէս մարդու իրաւունքների, այլատեացութեան եւ ռասիզմի դրսեւորում եւ ընտրութիւնների աւարտից յետոյ պատրաստւում ենք քայլեր ձեռնարկել, որպէսզի օրէնքը վերանայուի: Բոլոր ցեղասպանութիւնների ժխտողականութիւնը պէտք է քրէականացուի, եւ Բելգիան պէտք է պաշտպանի իր երկրում ապրող հայ քաղաքացիների իրաւունքները:
«ԱՊԱՌԱԺ».- Ի՞նչ առանձնայատկութիւն ունեն թուրքական եւ ադրբեջանական լոբբին եւ ինչպէ՞ս է հնարաւոր հակադարձել:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Հակահայկական լոբբիի առանձնայատկութիւնն այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մէկ ճակատ կազմած են աշխատում մեր դէմ՝ ֆինանսաւորում ստանալով իրենց պետութիւնների ղեկավարների կողմից: Ահա այս է մեր եւ իրենց լոբբիի տարբերութիւնը: Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Եւրոպայում ձեւաւորուած հայկական գաղութները ստեղծել են կազմակերպութիւններ, որոնք այս տարիների ընթացքում կապեր են հաստատել, եւ այսօր մենք շարունակում ենք այդ գործը:
Հայկական լոբբին Եւրոպայում աշխատում է տեղի մարդուժի եւ համայնքային անդամների նուիրուածութեան եւ աշխատանքի շնորհիւ՝ պաշտպանելով Հայ Դատը, բարձրացնելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, հատուցման եւ Արցախի անկախութեան ճանաչման հարցերը, պայքար է տանում Արցախի Հանրապետութեան մեկուսացման դէմ եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու ուղղութեամբ:
Այս բոլոր աշխատանքները մենք անում ենք համայնքային ներուժի շնորհիւ: Մենք մեր աշխատանքները կազմակերպում եւ յաջողութիւն ենք գրանցում առանց միլիոնաւոր դոլարների, առանց ազդեցութեան եւ ճնշումների:
«ԱՊԱՌԱԺ».- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի օրակարգում Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած աշխատանքներն ի՞նչ թիրախաւորումներ են ունենալու առաջիկայում:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարը կը մնայ առաջնային Հայ Դատի գրասենեակի համար, որովհետեւ կան դեռեւս Եւրոպական երկրներ, որոնք չեն ճանաչել մեր ցեղասպանութիւնը: Առաջիկայ ամիսներին մենք աշխատելու ենք յատկապէս Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի վրայ, որպէսզի մի քանի տարուց Եւրոպական միութեան բոլոր երկրները ճանաչած լինեն Հայոց Ցեղասպանութիւնը:
Եւրոպայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կարեւոր է, սակայն մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է եւ, իհարկէ, հատուցումը: Հայ ժողովրդին պէտք է վերադարձուեն իր կրած ցաւի հատուցումը եւ պապենական հողերը: