ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Երկուշաբթի, 29 Ապրիլին, կառավարական առանձնատան մէջ հիւրընկալեց աշխատանքային այցելութեամբ Երեւան ժամանած Ռուսիոյ կառավարութեան ղեկավար Տմիթրի Մետվետեւը: Այս մասին կը յայտնեն վարչապետի աշխատակազմէն։
«Յարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում՝ Երեւանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած յայտնի իրադարձութիւններից յետոյ սա ձեր առաջին այցն է, ինչը իւրայատուկ նշանակութիւն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունուած է ամենաթանկագին հիւրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարաւորութիւն: Կարծում եմ, որ նախորդ տարուայ ընթացքում մեր յարաբերութիւնները զարգացել են ըստ նախատեսուածի, իհարկէ, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր յարաբերութիւններում շատ կարեւոր պահ է եւ ես վստահ եմ, որ ի հեճուկս յոռետեսների՝ մեզ կը յաջողուի մեր յարաբերութիւնները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թէ ի հեճուկս յոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պէտք է յոռետեսներին դարձնել լաւատեսներ: Իհարկէ, մենք ամէն ինչ կ՛անենք դրա համար», ըսաւ Փաշինեան ողջոյնի իր խօսքին մէջ:
Վարչապետ Մետվետեւ, իր կարգին, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրին համար եւ ըսաւ. «Իրականում կայ լաւ առիթ, որպէսզի հանդիպենք, դա Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների կառավարութիւնների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկւում են տարբեր հարցեր, այդ թւում՝ դժուար: Այժմ Եւրասիական միութիւնում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետութիւն եւ իհարկէ մեզ համար կարեւոր է, որպէսզի առաջ շարժուենք եւրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղութեամբ:
Միւս կողմից, սա լաւ հնարաւորութիւն է՝ քննարկել նաեւ մեր երկկողմ յարաբերութիւնները: Մենք ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նոյնպէս հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկուա՝ որպէս նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարագային հարցերը: Այժմ էլ կ՛անցնենք հիմնական կէտերով, առաւել եւս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր»:
Հանդիպման ընթացքին զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցութեան եւ Եւրասիական տնտեսական միութեան ծիրին մէջ փոխգործակցութեան արդիական հարցեր: