ՆԱԻՐԱ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ-ՓԵԼԹԵԿԵԱՆ
Հպարտութեան ու երախտագիտութեան զգացումով ուզում եմ գրել Լոս Անջելեսում արդէն վաղուց յայտնի կերպարուեստի եւ դիզայնի լաւագոյն, առաջատար՝ Աթանեան արուեստի դպրոցի մասին եւ ներկայացնել 25ամեայ պատմութիւնը: Աթանեան արուեստի կենտրոնի կենսագրութեան մէջ սա պատմական իրադարձութիւն է: Թերթում եմ արուեստի այս հրաշալի դարբնոցի պատմութեան էջերը հետընթաց եւ որքան մօտենում եմ նրա սկզբին՝ այնքան վառ ու յստակ եմ տեսնում ապագան: Վեց աշակերտով աշխատանքն սկսած արուեստի դպրոցն այսօր արդէն աւելի քան 200 սան ունի: Անուանի արուեստագէտ, արուեստի վաստակաւոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Վլադիմիր Աթանեանը, Գլենդելի ի կեանս Ադամանդէ մրցանակակիրը, Արշիլ Կորքու անուան մեդալակիրը, գեղանկարիչն ու քանդակագործը, Ֆրանսիայի եւ Իտալիայի միջազգային բիենալիների դիպլոմակիրը Լոս Անջելեսում որդու՝ արուեստագէտ Գոռ Աթանեանի հետ 25 տարի առաջ հիմնադրելով արուեստի այս դպրոցը, ոչ միայն կրթեց իր համար արդէն երրորդ սերնդին, այլեւ մեծապէս նպաստեց հայապահպանմանը: Շատերի նման ես էլ սփիւռքաբնակ լինելով, վախենում եմ ամերիկեան այս բազմազգ, բազմախառն ու խայտաբղէտ մշակոյթների ազդեցութեան մթնոլորտում հազարաւոր հայորդիների ձուլման վտանգից: Իսկ Աթանեան արուեստի կենտրոնում այդ վտանգն ուղղակի փոշիացւում է: Սա հայր եւ որդի Աթանեանների եւ դպրոցի փորձառու մանկավարժական կազմի, ինչպէս նաեւ դպրոցի գեղարուեստական ղեկավար Գոռ Աթանեանի, փոխտնօրէն Իրինա Սրապիոնեանի շնորհիւ է:
25 տարիների ընթացքում դպրոցը հաւատարիմ մնալով իր կոչմանը կրթութիւն է տուել աւելի քան 3500 աշակերտի, որոնց զգալի մասը շարունակելով ուսումը կերպարուեստի ու դիզայնի քոլեջներում եւ համալսարաններում՝ դարձել են բարձրորակ մասնագէտներ, որոնք ունեն լուրջ նուաճումներ: Նրանցից հարկ է նշել Արմէն Ղազանչեանի, Յարութ Դէմիրճեանի, Անջելա Աւանեսեանի, Արփի Պաղտասարեանի, Անոյշ Շահինեանի, Արփի Շահբանդարեանի, Արմէն Թութունջեանի անունները: Բազմաթիւ պարգեւներն ու պատուոգրերը, ինչպէս նաեւ դպրոցի մասին գրուած մի քանի տասնեակ յօդուածները փաստում են կենտրոնի հսկայական դերը երեխաների գեղագիտական դաստիարակութեան գործում եւ նշանակալից ներդրումը Լոս Անջելեսում: Այս տարիների ընթացքում կենտրոնի աշակերտները մասնակցել են 300ից աւելի մրցոյթների եւ ցուցահանդէսների՝ շահելով բազմաթիւ պարգեւներ, արժանանալով լաւագոյն մրցանակների: Ուշագրաւ է «Նուիրումի պատկերներ» ցուցահանդէսը՝ նուիրուած քրիստոնէութիւնը պետական կրօն ընդունելու 1700 ամեակին: Առաջնորդարանում եւ «Զօրայեան» թանգարանում կազմակերպուել են մի շարք ցուցահանդէսներ, որոնց թւում՝ Վլադիմիր եւ Արմէն Աթանեանների անհատական ցուցահանդէսները, կենտրոնի սաների աշխատանքները նուիրուած Եղեռնի 100ամեակին: Աթանեան արուեստի կենտրոնը համագործակցում է նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսարանի հետ, մասնակցելով բազմաթիւ միջոցառումների: Կենտրոնի հիմնադիրներ Վլադիմիր եւ Գոռ Աթանեանները կատարել են մի շարք մոնումենտալ գործեր Հայաստանում եւ այստեղ՝ Գլենդելի Փասիֆիկ համայնքային կենտրոնի նախասրահում, Բրբանկում՝ «Մուսա» խճանկարը (Burbank Senior Artist) շէնքի ճակատամասին: Այժմ նրանք իրականացնում են Հոլիվուդի Փոքր Հայաստանի «Դարպաս եւ կարաս» մուտք-մոնումենտը:
Կենտրոնի ստեղծագործական համագործակցութեան շրջանակներն ընդգրկել են նաեւ Գլենդելի քաղաքապետարանի նախագծերը, «Eastern Seals», «Sacura of Amerika», «Cirque du Soleil», «Nasau», Նիւ Եորքի օժտուած երեխաների թանգարան, Հայաստանի Հանրապետութեան կազմակերպած մանկապատանեկան, համահայկական մրցոյթ-փառատօնը, Ճապոնիայի «Աշխարհի երեխաների» նկարչական մրցոյթ-ծրագրերը: Կենտրոնը համագործակցում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի եւ Մշակոյթի նախարարութիւնների հետ՝ անցկացնելով դպրոցի սաների ստեղծագործութիւնների ցուցահանդէսը Երեւանում: «Ես սիրում եմ Հայաստանը» ցուցահանդէսին ներկայացուել էր 100 աշխատանք: «Մէկ ազգ մէկ մշակոյթ» խորագրով ցուցադրութեանը Արցախի արիներ, Երեւանի գեղարուեստական եւ Լոս Անջելեսի Աթանեան արուեստի կենտրոնների սաների հաւաքական բարեգործական ցուցահանդէս վաճառքից գոյացած ողջ հասոյթը տրամադրուեց վերոյիշեալ նկարչական կենտրոններին:
Ուսումնական կենտրոնի ձեռքբերումներն անխօս կապուած են նաեւ դասաւանդող մանկավարժների անուան հետ: Իրինա Սրապիոնեանի, Պոլետ Զարգարեանի, Լուսինէ Խաչիկեանի, Թալին Քելջեանի աւանդն այս կենտրոնում անգնահատելի է, իսկ նուիրումը՝ անսպառ: Նրանք ապրում են իրենց սաներից իւրաքանչիւրի յաջողութեամբ: Դպրոցի հետ մշտապէս կապի մէջ են նաեւ Արէն Հայրապետեանը, Մոնիկա Համբարձումեանը, Ալեքս Աթանեանը: Անցած տարիներին մեծ աշխատանք են կատարել Արտակ Աթանեանը, Թամար Խաչատրեանը, Յարութ Դէմիրճեանը, Վահան Աթանեանը, Արմէն Ղազանչեանը: Դպրոցում կայ նաեւ հայոց լեզուի դասարան:
Աթանեան դպրոցի սաների մասնակցութիւնը տարբեր մրցոյթներին, այդ թւում՝ միջազգային, նրանց հասցէագրուած դրուատանքի խօսքերն ու տարած յաղթանակներն արդէն ոչ ոքի չեն զարմացնում: Բացառութիւն չեն նաեւ «Easter Seals» համաամերիկեան գեղանկարչական մրցոյթները, որին մասնակցող պրոֆեսիոնալ նկարիչների կողքին լուրջ յաղթանակներ են գրանցել նաեւ Աթանեան դպրոցի սաներն ու արժանացել լաւագոյն մրցանակներին: Դպրոցի տաղանդաշատ սանուհի Լուսին Ենգիբարեանն այս մրցոյթում 2016թ. արժանացել է գլխաւոր մրցանակի: 2017 թուականին գլխաւոր մրցանակին է արժանացել Աննա Փիլաւջեանը, իսկ 2018ին յաղթող է ճանաչուել Սաբրինա Ալեքսանը: Կարեւոր նուաճումներից են Ճապոնիայում, Տոկիոյի «Աշխարհի երեխաների» նկարչական 2017թ. 24րդ մրցոյթին Նուարդ Աբրահամեանի ստացած բրոնզէ եւ 2018թ. Հայկ Շահբազեանի 25րդ մրցոյթի արծաթէ մրցանակները: Դպրոցի հիմնադրման 25ամեակին նուիրուած ցուցահանդէսի լաւագոյն մրցանակին արժանացաւ Լուսին Ենգիբարեանը: Ոսկէ մեդալներով պարգեւատրուեցին Գէորգ Գրիգորեանը, Ալինա Առուստամեանը, Ուլիանա Կմիտը, Լիլիթ Գէորգեանը, Միշել Քիւրքչեանը, Ռայմոնդ Շամիրեանը, Փաթիլ Մանուէլեանը եւ ուրիշներ:
Կրկին հայեացքս ուղղում եմ «Աթանեան արուեստի կենտրոն»ին, այնտեղ կրթուող մեր ապագայ սերնդին՝ փոքրից մինչեւ մեծ: Նրանք Աթանեան մեծութեան լաւագոյն քանդակներն են: Նրանք մեր սփոփանքն են, հայապահպանութեան յոյսն ու հաւատը: Նրանք իրենց ստացածն անխտիր փոխանցելու են իրենց զաւակներին: Նրանցից այլեւս հնարաւոր չէ հեռացնել հայեցիութիւնը, արուեստն ու գեղեցիկի հանդէպ սէրը, քանզի նրանք կրում են 25ամեայ պատմութիւն ունեցող Աթանեան արուեստի դպրոցի շունչն ու ոգին: