ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Նախագահ Բակօ Սահակեան Չորեքշաբթի, 17 Ապրիլին, Ազգային ժողովի նիստին ընթացքին պատասխանեց պատգամաւորներու հարցումներուն:
«Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեան հարցուց Արցախը Հայաստանին կապող երրորդ՝ Հադրութ-Մեխակաւան-Կովսական-Կապան ռազմավարական ճանապարհի կառուցման մասին. նախագահը պատասխանեց՝ ըսելով, որ նախնական քննարկումներ կատարուած են Հայաստանի վարչապետին, նախագահին, Հայաստան Համահայկական հիմնադրամի տնօրէնութեան եւ Հայաստանի փոխադրամիջոցներու նախարարին հետ: Չի բացառուիր, որ Արցախի հարաւային շրջանը Հայաստանին կապող ճանապարհի կառուցումը դառնայ Հայաստան Համահայկական հիմնադրամին կողմէ Արցախի մէջ իրականացուելիք յաջորդ ծրագիրը:
«Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ես բարձրացրել եմ ազգային օրակարգ մշակելու հարցը, որը ողջունուել է Հայաստանի վարչապետի եւ ՀՀ միւս գործընկերների կողմից: Արցախը Հայաստանին կապող 3րդ ճանապարհի կառուցումը այս օրակարգում ընդգրկուելիք առաջադրանքներից մէկն է: Չի կարելի համեմատել, թէ հայրենիքի որ մասն է կարեւոր՝ Վարդենիս-Սոթք-Մարտակերտը՞, թէ՞ պայմանական Կապան-Հադրութ-Արաքսը, որովհետեւ դրանք հաւասարաչափ նշանակութիւն ունեն մեր երկրի համար: Ազատագրուած տարածքների ճակատագրի վերաբերեալ մեզ ուղղուող քաղաքական հարցերի պատասխանը պէտք է լինեն նմանօրինակ ծրագրերը, որոնք աւելի խօսուն են, քան ցանկացած փայլուն պատասխան», ըսաւ նախագահ Սահակեան՝ աւելցնելով, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը արդէն իսկ կը կատարէ չափագրումներ, որոնց հաշուարկը կը հրապարակուի մօտ ապագային:
«Այդ ճանապարհի կառուցումն այս շրջանում ամենապահանջուած առաջադրանքներից մէկն է, որը կը նպաստի մեր միւս ռազմավարական առաջադրանքի կատարմանը՝ Արաքսի հովտի զարգացմանը», ըսաւ նախագահը: