ՀԵՂԻՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ
«Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնն www.peaceofart.org իր ամէնամեայ գործունէութեան շրջանակներում՝ Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխաւոր մայրուղիների վրայ, Մարտ-Ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակներ՝ յարգելով բոլոր ցեղասպանութիւնների անմեղ զոհերի յիշատակը, յիշեցնելով միջազգային հանրութեանը 20րդ դարի առաջին ցեղասպանութեան՝ Հայոց Մեծ Եղեռնի ողջ իրողութիւնը՝ որպէս անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացուի» կարգախօսով:
Այս տարուայ վահանակը ներկայանում է հայ պատանու դէմքով, որի մի մասը խաւար է ու մռայլ, ինչպէս 1915ի վիրաւոր Հայաստանը՝ խոցուած օսմանեան կայսրութեան կողմից, իսկ միւս կողմը լուսաւոր է 2019ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման։
«Վահանակի վրայի պատանին, որ 1915ին որբացաւ, ենթարկուեց ցեղասպանութեան կտտանքներին նոյն պատանին է, որ բնօրանից արմատախիլ արուելով՝ թափառեց աշխարհով մէկ, նոյն պատանին է, որ ծնուեց օտարի հողի վրայ, նոյն պատանին է, որ ազատագրեց Արցախը եւ նոյն պատանին է, որ 2019ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում։ Ամէն մի հայի հոգում լինի հայրենիքում թէ հայրենիքից դուրս ապրել է ապրում է եւ ապրելու է նոյն պատանին, որ երբեք չի մոռանալու եւ երբեք չի հրաժարուելու՝ պահանջելով դատապարտում եւ հատուցում անպատիժ եղեռնագործութեան համար», իր խօսքում նշեց արուեստագէտ, «Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութեան նախագահ Դանիէլ Վարուժան Հեճինեանը:
Ինչպէս նախորդ 23 տարիների ընթացքում այս տարի նոյնպէս վահանակների ակցիան հովանաւորւում է «Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութեան կողմից, որը անշահոյթ կրթական մարդասիրական կազմակերպութիւն է՝ ձօնուած աշխարհի խաղաղութեան պահապաններին եւ իրագործողներին, նաեւ նրանց, ովքեր ունեցել են քաջութիւն իրենց կեանքը վտանգելու մարդկութեան բարօրութեան համար։
«Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնն օգտագործում է արուեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը: Այն ծառայեցնում է արուեստն յանուն խաղաղութեան եւ չունի որեւէ քաղաքական կամ կրօնական ուղղուածութիւն՝ առանցք ունենալով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ Հայաստանի հեղինակութեան բարձրացումը արտերկրում։
Այս տարի էլեկտրոնային վահանակները կը ցուցադրուեն մինչեւ 2019թ. Ապրիլի 30ը: