ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Վերջին էլեկտրոնային նամակներից մէկը՝ ադրբեջանական «Լուացքատան» մասին OCCRP-ի ամերիկեան հետաքննութեան զեկոյցի եւ Օհայիոյի օրէնսդիր մարմնում ընտրուելու մի ադրբեջանցու առաջադրուած թեկնածութեան տապալման մասին էին. «Happy Monday» աչքալուսանքով:
Տարիներ առաջ ԱՄՆ Հայ Դատի Արեւելեան յանձնախմբի նախաձեռնութեամբ ստեղծուել էր մի խումբ, որի գործունէութեան նպատակը ադրբեջանական քարոզչամեքենայի պատուիրած հակահայ յօդուածներին հնարաւորինս հակազդելն էր՝ առցանց մեկնաբանութիւնների, խմբագրին ուղղուած նամակ-բողոքների, պատասխան յօդուածների միջոցներով: Այս հարթակը լաւագոյն առիթը հանդիսացաւ, Գլենդելի հայ համայնքում քաղաքական, տեղական ինքնակառավարման աշխատանքներում ակտիւօրէն ներգրաւուած Մովսէս Տէր Յովհաննիսեանի համար, դրսեւորուելու նաեւ որպէս՝ լրագրող եւ վերլուծաբան: Շուտով «Լոս»ի Մովսէսը, այդպէս էինք նրան կոչում խմբում մէկ այլ՝ Նիւ Եորքում ապրող Մովսէսից տարբերելու համար, դարձաւ այն առանցքը, որի գրած յօդուածների տպագրութեան համար պայքարում էր ամբողջ թիմը, անհրաժեշտ նիւթերի որոնումներից սկսած մինչեւ հեղինակաւոր պարբերականների դռների բախման յամառ եւ տքնաջան աշխատանքը: Արդիւնքում, նրա գրած փայլուն յօդուածները լոյս տեսան՝ Daily Wire, The Hill, National Interest, Forbes առցանց եւ տպագիր մեդիամիջոցների էջերում, յայտնուեցին Yahoo-ի կայքում, թարգմանուեցին հայկական լրատուամիջոցներում:
Ծնուել, կրթուել ու հասակ էր առել Գլենդելում ու սերտօրէն կապուել տեղի հայ համայնքի հասարակական կեանքին, անշահախնդիր լծուել քաղաքային պաշտօնական կառոյցներում հայանպաստ ծրագրերի կայացմանը: Մովսէսն աւարտել էր Կալիֆոռնիայի պետական համալսարանի անգլերէն լեզուի բաժինը, սակայն նրա հայերէնի իմացութիւնը նոյնքան վարժ էր, ինչն իր արմատների, Հայաստանի նկատմամբ տածած մեծ հետաքրքրութեան ու նուիրումի մասին էր փաստում, մի կենսակերպ, որի առաջին ուղղորդողներն իր ծնողներն էին ու նրանց փոխանցած ընտանեկան դաստիարակութիւնը: Բանասէրի, քաղաքական տեսաբանի ունակութեանը համատեղ նա օժտուած էր նաեւ դաշնակահարի տաղանդով ու իր կատարմամբ արժանացել լեցուն դահլիճների գնահատանքին:
Այս տարուայ գարնանը մեր խումբը դադարեց իր գործունէութիւնը՝ դրա հրատապութիւնն այլեւս չունենալու պատճառով: Մեր միջեւ վերջին էլեկտրոնային շփումը Յուլիսի 30ին էր՝ իր ծննդեան 27րդ տարեդարձի առիթով: Ամիսներ յետոյ սակայն յայտնի պէտք է դառնար, որ Սեպտեմբերին, կամաւոր ընդգրկուած լինելով սփիւռքահայերից բաղկացած միջազգային խմբի մէջ, որոշել էր մեկնել Հայաստան (առաջին անգամ լինելով), ապա՝ Արցախ, մասնակցելու Քարվաճառում (Եղնիկներ) կազմակերպուող Վովա Վարդանովի ղեկավարած «ՎՈՄԱ/VOMA – Ողջ մնալու արուեստը» ուսումնառազմական վարժանքներին:
Հոկտեմբերի 7ին, համակարգչիս էկրանի վրայ Մովսէսի ծանօթ նկարն էր: Գուցէ նոր յօդուածի առիթով է տարածել Facebook–ում, մտածեցի: Ստորեւ Հայ Դատի յանձնախմբի տարածած մահախօսականը գուժեց անընդունելին, անտրամաբանականը, անհամատեղելին… ու շանթեց տեղում:
Մովսէսն Արցախում իր առաքելութիւնն աւարտելուց անմիջապէս յետոյ վերադարձել է Գլենդել, ուր յանկարծակի նրա ինքնազգացողութիւնը կտրուկ վատացել է: Հիւանդանոցում, ցաւօք, հնարաւոր չի եղել փրկել 27 ամեայ երիտասարդի կեանքը: Ընդամէնը երկու օրուայ ընթացքում պատուհասած այս սրընթաց մահուան պատճառը մինչ օրս նրա ընտանիքի, հարազատների, ընկերների համար մնում է շոկային ու անբացատրելի…
Մովսէսի անժամանակ վախճանը ազգային նշանակութեան կորուստ էր: Նրա խարիզմատիկ (հմայող-Խմբ.) տեսակը, ազդեցիկ քաղաքական խորհրդատուի, ընտրարշաւներ կազմակերպող փորձագէտի ունակութիւնները՝ մագնետիկ (քաշողական-Խմբ.) մի ուժով իր շուրջն էին հաւաքում բազմաթիւ երիտասարդ համակիրների: Կեանքից նրա անսպասելի հեռանալը հարուած էր ոչ միայն իր մերձաւորների, այլեւ՝ այն մարդկանց համար, ովքեր նրան ճանաչել են կարճ ժամանակ՝ այնքան ջերմ ու տպաւորիչ էր նրա անհատականութեան թողած ազդեցութիւնը շրջապատում:
Ազգանպաստ շատ գործեր չարուեցին, շատ երազանքներ չիրականացան: Մովսէսը նպատակ ունէր Գլենդելում հիմնել սոցիալական առումով մատչելի հայկական դպրոց՝ հայոց լեզուի, մշակոյթի, ազգային աւանդոյթների պահպանման նպատակով, որպէսզի ամերիկահայ սերունդների միջեւ կապը չընդհատուի: Իր եղբայրների, ընկերների նախաձեռնութեամբ կատարուել է դրամահաւաք եւ ստեղծուել հիմնադրամ՝ ապագայ կրթօջախի կառուցման համար, որը կրելու է Մովսէս Տէր Յովհաննիսեանի անունը:
Նա ապրեց շատ կարճ՝ երկնային շողաձիգ աստղի պէս, սակայն իր հայրենասէր կեանքով օրինակ եղաւ ազգային արմատներից հեռացող ամերիկաբնակ շատ հայորդիների համար:
Նիւ Եորք