Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«Հրաժեշտ Այնթուրային» գիրքն ընթերցողին է ներկայացնում 1915թ ստուերում մեծացած սերնդի հետ պատահածները: Գառնիկ Բանեանը, ով հինգ տարեկան հասակում տեղահանուել է, բռնելով մահուան ճամփան, Ջեմալ փաշայի կողմից Այնթուրայում կառուցուած որբանոցում իր հետ տեղի պատահածներն է պատմում ու ընթերցողին կոչ անում ականջալուր լինել որբացած սերնդի պատմութեանը։
Գառնիկ Բանեանը 1915-1918թթ մնացել է Միութիւն ու առաջադիմութիւն կուսակցութեան հիմնական ղեկավարներից Ջեմալ փաշայի կողմից ստեղծուած ու մի որոշ շրջան Հալիդէ Էդիփի պատասխանատուութեան տակ եղած‘ Լիբանանում գտնուող Այնթուրայի որբանոցում, որտեղ հաւաքում էին հայ, թուրք ու քուրդ երեխաների: Ջեմալ փաշան, ով չէր ցանկանում, որ որբ մնացած հայ երեխաները արտասահմանեան կազմակերպութիւնների հետ գործ ունենան, ցանկանում էր դաստիարակել նրանց իր սեփական մեթոդներով: Այդ նպատակով հէնց առաջին օրուանից կիրառուած ճնշումները երեխաների պայքարի համար սկզբնակէտ են հանդիասանում: Միեւնոյն ժամանակ տուեալ շրջանում տիրող սովը երեխաների համար նշանակում էր աչքի առաջ ունենալ կեանքի ամէն տեսակ դժուարութիւնները:
«Հրաժեշտ Այնթուրային» գր-քում ներկայացւում է Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած աւերածութիւններից իրենց մասնաբաժինն ունեցած ու աշխարհագրական այդ տարածքում մի տեղից միւսը դեգերող որբերի սովամահութեան ու ինքնութիւնների ժխտման դէմ տարուած պայքարի պատմութիւնը. պատմւում է նրանց համար, ովքեր ցանկանում են լսել վաղ տարիքում հասունացած ու իրենց մանկութիւնը լիարժէքօրէն չապրած սերնդին:
Հատուած գրքից.
«Աշխարհ եկած ամէն կենդանի արարած ծնուած պահից ուզում է ուտել: Ադամից ու Եւայից սկսած՝ դա այդպէս է, նրանց պատմութիւնն ինձ մայրս է պատմել: Այդ օրուանից մինչ օրս մարդկանց հիմնական մտածմունքը մշտապէս կուշտ լինելն է եղել: Քարանձաւի դիմացի մրջիւնները ցորենի հատիկները շատ դժուարութեամբ հաւաքում ու իրենց բոյն էին տանում, թռչունները ճիւղերի վրայ իրենց երգածի չափ տերեւ ու պտուղ էին ուտում, դիմացի լեռան գագաթին գտնուող կովերն իրենց գլուխներն անընդհատ թաղում էին խոտերի մէջ: Մենք էլ առաւօտեան աչքերը բացելուն պէս մտածում էինք՝ ինչ ուտենք. ուտել էինք ուզում, քանի որ ապրել էինք ցանկանում: Որեւէ վտանգ, որեւէ յոգնածութիւն հաշուի չառնելով՝ խոտ, արմատ, միրգ գտնելու յոյսով այս լեռներ էինք եկել, քանի որ որբանոցում մեզ տրուածը ուտելիք չէր, այդ տուածներով ապրել էլ հնարաւոր չէր: Այդ դէպքում, ապրե՜ն այդ լեռները, մեզ իրենց օրհնութիւնը տուած այդ ծառերը, շատ ապրե՜ն այն քարանձաւները, որոնք որբերի համար տուն են եղել»:
ԳԱՌՆԻԿ ԲԱՆԵԱՆ
Գառնիկ Բանեանը ծնուել է 1910թ, Սուասին (Սեբաստիա-Ակունքի խմբ.) կից Գիւրիւն գաւառում: Համադում, որը եղել է նրա քարաւանի վերջին կանգառը, կորցրել է մօրն ու եղբայրներին: Նախ՝ մնացել է Համայի որբանոցում, ապա Ջեմալ փաշայի կողմից Լիբանանում՝ Այնթուրայում ստեղծուած որբանոցում: Երբ Օսմանեան կայսրութիւնը Առաջին համաշխարհային պատերազմում պարտուեց եւ կորցրեց շրջանի նկատմամբ իր վերահսկողութիւնը, որբանոցի ղեկավարումն ստանձնեց Ամերիկեան մերձաւորարեւելեան նպաստամատոյց կոմիտէ: 1920-1925թթ նա մնացել է այդ կազմակերպութեան պաշտպանութեան տակ գտնուող Բիբլոսի որբանոցում: Որբանոցներում անցկացրած այդ տարիներից յետոյ նա ընդունուել է Բէյրութում Համազգայինի կողմից հիմնուած ճեմարան: 1935 թ. աւարտել է այն: Յետագայում աշխատել է որպէս մանկավարժ, զբաղուել է նաեւ վարչական աշխատանքով: Եղել է Լիբանանի հայկական համայնքին ապրելու ուժ հաղորդած առաջնորդներից մէկը: Մահացել է 1989 թ:
Akunq. Net