Կը պատասխանէ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեան:
«Երկիր Մեդիա»էն սփռուած զրոյցի մը ընթացքին Համբարձումեան անդրադարձաւ Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութեան՝ նշելով, որ ՀՅԴի դէմ այդ երեւոյթը կը սանձազերծուի պարբերաբար եւ իրականութեան մէջ չունի որեւէ հիմք:
«Պարզապէս մի բանը շատ ասելու պարագայում արմատաւորւում է մարդկանց գիտակցութեան մէջ, եւ յետոյ դրանց բացատրութիւնների համար երկար ժամանակ է պահանջւում: Ես ձեզ վստահեցնում եմ՝ որեւէ սուր քննադատութիւն ՀՅԴի հասցէին հիմնաւոր չէ, եւ այդ բոլոր հարցերն ունեն իրենց յստակ պատասխանները», նշեց ԳՄ ներկայացուցիչը:
Գրեթէ բոլոր ժամանակներու եւ տարբեր առիթներով կը հնչէ «Դաշնակցութիւնը մեղաւոր է» արտայայտութիւնը, իսկ թէ իսկապէ՞ս մեղաւոր է Դաշնակցութիւնը, թէ ոչ, Համբարձումեան պատասխանեց.
«Ասեմ, թէ որ հարցերում ենք մենք մեղաւոր: Երեւի մեղաւոր ենք, որ Դաշնակցութեան ստեղծումից յետոյ հայութիւնը, կրօնական ու դաւանական համայնք լինելուց բացի, ստեղծել է պետութիւն: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ 70 տարի տարագիր հայութիւնը մնացել է հայ: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ Արցախեան ազատամարտում՝ Գետաշէնում, մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին՝ զէնքով պայքար սկսելու համար. մենք Արցախում յաղթեցինք: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ մեր ընկերների 20 տոկոսը նահատակուեց Արցախում: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ մենք անցնող տարիների ընթացքում թալանով չենք զբաղուել: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ, իշխանութեան մէջ լինելով, օդիոզ դէմքեր չենք ունեցել: Այս «մեղքեր»ի շարանը կարող եմ թուարկել: Այլ կերպ ասած՝ այս ձեռքբերումների կողքին կարող են լինել նաեւ բացթողումներ, հնարաւոր չէ չունենալ դրանք: Մենք այդ քաջութիւնն էլ ունենք՝ խոստովանելու, թէ որ հարցերում չենք յաջողել: Ոչ մի խնդիր չունենք այդ առումով, բայց մենք որեւէ «մահացու մեղք», ճակատագրական սխալ չենք գործել»:
Ըստ Համբարձումեանի՝ իսկական խնդիրը այն է, որ Դաշնակցութենէն միշտ գերագնահատուած սպասելիքներ եղած են:
«Իրականում ժողովուրդը Դաշնակցութիւնից միշտ սպասել է աւելին, քան մենք կարողացել ենք տալ, երեւի մեր մեղաւորութիւնն այստեղ է: Անգամ մեր առաւելագոյն ջանքերի գործադրման պարագայում մենք չենք կարողացել բաւարարել այդ սպասելիքները, որ ունեցել են ՀՅԴից: Երբ խօսում են մեղքերի մասին, լաւ կը լինի ամէն ինչ համեմատութեան մէջ նայել՝ ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ է խոստացել, ով ինչ է արել, ով ինչ է ասել ու դրան ինչքանով է հետամուտ եղել: Ես ձեզ վստահեցնում եմ՝ դուք վերջին 28 տարուայ մէջ քաղաքական որեւէ կեցուածք չէք նշի, խօսքը ՀՅԴի որդեգրած սկզբունքային, կարեւոր հարցերի հետ կապուած մօտեցումների մասին է, որ մենք յետոյ արմատապէս վերանայած կամ փոխած լինենք: Մեր մօտեցումները ժամանակի հրամայականով միշտ կարող են թարմացուել, արդիականացուել, խմբագրուել, բայց փոխուել՝ երբե՛ք: Դրա համար էլ Դաշնակցութիւնը Դաշնակցութիւն է: Եւ եթէ հիմա ինչ-որ մէկին դուր չի գալիս այդ առումով Դաշնակցութեան կեցուածքը, կամ ինչ-որ մէկի համար հասկանալի չէ, դա մեր խնդիրը չէ: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը գնալ: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում շատերը կը համոզուեն մեր ճշմարտացիութեան մէջ», ըսաւ Համբարձումեան՝ շեշտելով, որ ՀՅԴի որոշումները կը բխին միայն ու միայն հայութեան եւ Հայաստանի շահերէն: