ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Հայ առաքելական եկեղեցւոյ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին շուրջ ստեղծուած իրավիճակին վերաբերեալ նախագահ Արմէն Սարգսեանի դիրքորոշումը իմանալու համար, «Թերթ»ը դիմեց Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, որ փոխանցեց նախագահին հետեւեալ պատասխանը.
«Մեր Սահմանադրութեամբ իսկապէս եկեղեցին անջատուած է պետութիւնից: Սակայն Հայ առաքելական եկեղեցին չի ներկայացնում միայն Հայաստանի Հանրապետութեան հայ ուղղափառ հաւատացեալներին, այն համահայկական կառոյց է եւ ներկայացնում է նաեւ աշխարհով մէկ սփռուած հայերի մեծամասնութեանը:
Մեր եկեղեցու աւելի քան 1700ամեայ պատմութիւնը լի է վայրիվերումներով, օտար տիրապետութեան տակ եկեղեցու եւ նրա պետերի դէմ հալածանքներով, դաւերով ու եկեղեցու գործերին միջամտութիւններով: Դարերով մեր եկեղեցու պետն ընտրւում էր կամ օսմանեան, կամ պարսկական, կամ էլ ռուսական միապետների կամքով:
Վերջին հարիւրամեակում մենք, որպէս անկախ ժողովուրդ, առաջին անգամ ինքնուրոյն Հայոց հայրապետ ընտրեցինք 1995ին՝ Գարեգին Ա.ին: Ուստի, Ամենայն Հայոց կաթողիկոսին առընչուող ցանկացած գործողութիւն պէտք է դիտարկել ոչ թէ այսրոպէական տեսանկիւնից, այլ ժամանակի եւ տարածութեան մեծ կտրուածքով:
Կարելի է, իհարկէ, քննարկել որեւէ կոնկրետ հարցում եկեղեցու կամ նրա պետի գործունէութիւնը, դիրքը եւ վերաբերմունքը: Կարծում եմ, հաւատացեալները դրա իրաւունքն ունեն, որոնք փափաքում են Հայոց եկեղեցին տեսնել ամուր եւ առողջ, իսկ նրա սպասաւորներին՝ անբիծ եւ նուիրեալ:
Միւս կողմից, քանի որ եկեղեցին աշխարհիկ կառոյց չէ, աւելին՝ յատուկ համազգային հաստատութիւն է, այն չի կարող ենթարկուել աշխարհիկ եւ քաղաքական կեանքին յատուկ տրամաբանութեանը:
Հետեւաբար, պէտք է ապաւինել սթափ դատողութեանն ու զերծ մնալ մեր հոգեւոր ու բարոյական յենարանները խարխլելու փորձերից»: