ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Կեանքիս մի զգալի մասն անցկացնելով դպրոցում, տասնամեայ կրթութիւն՝ 114ում, ինստիտուտ՝ Բրիւսովում, Northridge, Long Beach, Thousand Oaks, հանրակրթական դպրոցի ուսուցիչ՝ Վարդանաշէն գիւղում, Los Angeles-ում, (փաստօրէն մինչեւ 6 տարեկան, 17ից մինչեւ 19, 28ից մինչեւ 34ն է որ, դպրոցում չեմ եղել. միագումարը՝ 14 տարի է, որ 41ի հետ համեմատած ոչինչ է) յանգել եմ հետեւեալ եզրակացութեան. նոր գաղափարներն ու գիտելիքները ստանալուց յետոյ դրանք կեանքի կոչելու ճանապարհին սխալուելու ճանապարհները շատ են ու երեւի թէ՝ օգտակար: Աւելի շուտ, սխալները լաւագոյն ուսուցիչները կարող են դառնալ, ու երբեք նրանցից վախենալ ու զգուշանալ պէտք չէ: Իսկ հասարակութիւնը, տարբեր համակարգների վերաբերմունքը սխալների նկատմամբ, դրանց փնովումը, աշակերտներին, նոյնիսկ չափահասներին դարձնում է զգուշաւոր, վախուորած, ու կեանքի փորձ ստանալով, մարդը դառնում է կաղապարուած, վախենում վատ գնահատականներից, աւելի ու աւելի քիչ է նոր սխալներ գործում, եթէ յարմարւում է «ընդունուած կանոններին». բայց որքա՜ն նոր գաղափարներ, յայտնագործութիւններ, մօտեցումներ են չքանում արդիւնքում…
Տարիներ առաջ, երբ դեռ դասաւանդում էի դասարանում, դպրոցի տնօրէնը մտաւ դասասենեակս ու վերջին նստարանին նստելով, դրեց ոսկեջրած ակնոցները, վերցրեց գրիչը, ակնոցների տակից նայեց ինձ: Դա նշան էր, որն ինձ էր ուղղուած՝ «հիմա սկսւում է քո քննութիւնը»: Տարուայ մէջ մի քանի անգամ տնօրէնը կամ փոխտնօրեններից մէկն այցելում էին դասարաններն ու որակաւորում էին ուսուցչին: Ատում եմ քննութիւնների շրջանը: Ակամայ տեղափոխւում եմ Երեւան, Կոմիտասի թաղամաս, որտեղ մեր Բրիւսովն էր: Ասմանգուլեանի դասերն եմ յիշում: Խստաբարոյ կին էր. ասում են, թէ իր եղբօր աղջկան, ինչպէս նաեւ Կարէն Դէմիրճեանի զարմիկին կամ զարմուհուն դուրս էր թողել ինստիտուտից, քանի որ պատրաստուած չէին ներկայացել, ու կտրուել էին անգլերէնի պատմութիւնից: Դէմը խաղ չկար, եթէ մէկն անպատրաստ էր, ոչ մի ծանօթ, ոչ մի փող չէր կարող ստիպել, որ Ասմանգուլեանը 3 նշանակեր ուսանողին: Բրիւսովի ահն ու սարսափն էր, ում համբաւը թնդում էր Հայաստանով մէկ: Ես վատ չէի սովորում, ու Ասմանգուլեանի դասաւանդած երկու առարկաներից մէկից գերազանց, միւսից՝ լաւ գնահատականով «դուրս պրծայ»: Ճիշդ այդպէս, դուրս պրծայ, քանի որ քննութիւնների ժամանակ գիտելիքներիս կէսը սրբւում էր ուղեղիցս, միւսները դառնում էին անհասկանալի կամ անկապ ինֆորմացիայի մի կոյտ, որ սփռուած էր գլխիս տարբեր հատուածներում, ու միւսների պէս Աստուած էի կանչում, որ հարցատոմսը վերցնելիս չպապանձուէի՝ չխայտառակուէի: Վախը, խայտառակուելու վախը զօրաւոր ու ահարկու թշնամի էր: Բա որ կտրուէի՞: Հօրս, իսկ առաջին հերթին՝ մօրս աչքերին ինչպէ՞ս կարող էի նայել: Փողատէր չէինք, տակից դուրս գալ չէր լինի: Ուրիշ ինստիտուտ չէի տեղափոխուի: Բայց առաւել վտանգաւոր էր ինստիտուտից դուրս մնալու վախը: Դա կը նշանակէր ընկերներից հեռանալ, միջավայրը փոխել, ու տեղափոխուել «մի ուրիշ» աշխարհ… Աշխարհն այդ անծանօթ ու անբացատրելի էր, իսկ մարդիկ ամէնից շատ վախենում են անհասկանալի բաներից, կ՛ասէր մեծն կոմբինատորը…
Ինչպէս կռահում էք, քննութիւնները անցայ, բայց թէ յուզմունքից քանի անքուն գիշերներ եմ անցկացրել, ու քանի օր կամ ամիս եմ կեանքիցս կորցրել, միայն Բարձրեալին է յայտնի: Նոյնը Լոս Անջելեսում էր. եթէ քննութիւնները յաջողութեամբ չյանձնէի, կորցնելու էի աշխատանքս, իր ամենատխուր հետեւանքներով… Վախը… ինչքան կեանք ու ներուժ է քամում ու անյոյս կորցնում այդ սրիկան: Տնօրէնը, գրիչը ձեռքին, լսում էր, գրառումներ անում: 13 տարեկան աշակերտներս իմ լաւագոյն յոյսն ու յենարաններն էին: Կապ չունի, թէ ուսուցիչը որքան գիտելիք ունի: Գնահատում են, թէ որքա՛նն է նա կարողանում փոխանցել դեռահասներին: Դասալսումների ժամանակ նոյնիսկ ամենաչարաճճի աշակերտներն անգամ ձգւում էին, կերպարանափոխւում ու լրջանում: Հիմնականում, երբ դասալսումների են գալիս, ուսուցիչը կենտրոնանում է այսպէս կոչուած «լաւ» աշակերտների պատասխանների վրայ, քանի որ տպաւորութիւնը նրանք կարող են ստեղծել: Հիմա, երբ փոխտնօրէնի դիրքում եմ, յատուկ ուշադրութիւն եմ դարձնում, թէ ուսուցիչը որքանո՞վ է սովորեցնում «միջին ու վատ» աշակերտներին: Ուսուցչին նախապատրաստում եմ, որպէսզի հանելուկ չմնայ, թէ ինչի՛ վրայ եմ ուշադրութիւն դարձնելու: Աշխատում եմ հնարաւորին չափ բարեկամական մթնոլորտ ստեղծել, որ իմ գրչի գնահատականին սպասող ուսուցիչը չվախենայ: Այդ օրը դաս էի հարցնում լուռ մնացածներին: Իսկ գերազանցիկները իրենց կոտորում էին, ձեռք բարձրացնելով, ենթագիտակցաբար ինձ նշան տալով, թէ՝ «Մելիքեան, ինչո՞ւ մեզ չես կանչում գրատախտակի մօտ, չէ՞ որ մենք ենք քո փրկարար օղակը»: Հարցնում էի Լեսթերին, ով սովորաբար դասին պատրաստ չէր: Ծանր կեանքով էր ապրում: Մի քանի քոյր ու եղբայր ունէր, հայրը լքել էր ընտանիքը, մայրը հազիւ էր ծայրը ծայրին հասցնում: Լեսթերը, որ փողոցային գենգի ակտիւ անդամ էր, փորձում էր հարցերիս պատասխանել, բայց չէր ստացւում: Սխալ պատասխաններ էր տալիս, պատասխանի կէսից երբեմն լռում էր… Չեմ յիշում, թէ ինչպէս պատասխանեց հերթական հարցիս, բայց մտաբերում եմ, որ նրան դիմեցի. «Գերազա՛նց սխալ էր, Լեսթեր, եւ քեզ գերազանց գնահատական եմ տալիս, քանի որ հէնց հիմա բոլորիս հնարաւորութիւն տուեցիր մանրամասն վերլուծելու, թէ ինչո՛ւ պիտի կերպարին մէկ այլ աչքով նայենք»: Տնօրէնը վայր էր դրել գրիչն ու ապշած նայում էր մէկ ինձ, մէկ Լեսթերին, ապա՝ միւս երեխաներին: Լեսթե՞րը, գերազա՞նց: Մօտեցայ մատեանին, ցուցադրաբար դրեցի՝ A, այսինքն՝ 5: Վերցրեցի մատեանն ու ցոյց տուեցի դասարանին: Պատմուածքի կերպարը վերլուծելիս մի փոքր հատուածում դրական հերոսի մարդկային արժանիքները խամրում էին, ու նա, երկիւղից դրդուած, սայթաքել էր, ու անբացատրելիօրէն բացասական կերպարին հարիր քայլ էր կատարել: Shift of character, որ հիմնականում բարձր դասարանների աշակերտներին են սովորեցնում: Առիթից օգտուելով լսարանին ասացի, թէ կեանքում էլ է շատ յաճախ այդպէս լինում, եւ չկան բացարձակ «լաւ» կամ «վատ» մարդիկ… Տարիներ անցան: Լեսթերը դուրս էր եկել գենգից, աւարտել էր միջնակարգ դպրոցն ու աշխատանքի էր անցել: Գուցէ հէնց այդ օրը նրա համար խթանիչ ուժ դարձաւ իր առաջին գերազանց գնահատականի պատճառով, որ ստացել էր պատասխանել փորձելիս սայթաքելու ճանապարհին: Աշխարհում լաւագոյն փոշեծծիչներից մէկի գիւտարարին հարցրել են, թէ ինչպէ՛ս հասաւ իր նորարարութեան գաղափարի իրականացմանը: «Աւելի քան 1500 պրոտոտիպ ստեղծեցի, հազարներն անմիջապէս կոտրւում էին, մինչեւ հասայ արդիւնքի», պատսխանել էր: Այժմ այդ փոշեծծիչը աշխարհով մէկ վաճառւում է հարիւր հազարներով՝ տարեկան… Սխալները մեր լաւագոյն ուսուցիչներն են: Դրանցից վախենալ պէտք չէ, իսկ մենք բոլորս դեռ վախենում ենք, քանի որ փոքրուց մեր մէջ սերմանել են 2 ստանալու վախը, ու մենք երկմտում ենք, զգուշանում, «յանկարծ չկտրուենք, չխայտառակուենք»:
Ոմանք այսօր Փաշինեանին քարկոծում են, «տեսնենք իր ասածներից քանիսը՞ կ՛անի, քանիսի՞ց կը հրաժարուի, որտե՞ղ կը սխալուի»: Հանգի՛ստ թողէք մարդուն, ի սէր Աստծոյ: Այլընտրանքը տասնամեակներ շարունակ տեսել էք՝ ախպերութիւն, կաշառք, կեղծիքներ, դաւադրութիւններ ու անարդարութիւն, լիւմպեն պրոլետրիատ… Թողէ՛ք մարդը երկիր կառավարելու փորձառութիւն ձեռք բերի, 2 մի նշանակէք անմիջապէս, քանի որ նա ապացուցել է մի բան՝ պատրաստ է աշխատել, սովորել, ու սկզբունքային մարդ է: Ճանապարհին սխալուել է, ու էլի կը սխալուի մինչեւ յաւիտենական հանգստին հասնելը: Ինչ է, դուք չէ՞ք սխալուելու, ես չե՞մ սխալուելու…
Բարի լոյս, առուի այս ափի ծանօթ անծանօթ մարդկանց, բարի երեկոյ, միւս ափում գտնուողներին…
Ո՛չ, սիրելիս, «սխալուելու» իրաւունք չունի այն ղեկավարը որ քաղաքական իր ամբողջ կեանքի ընթացքին ուրիշի սխալներն է մատնանշած ու անընդհատ քննադատած: