ՍԵՒԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Անկեղծ ասած, չեմ հասկանում այն «ահագնացող» տագնապը, որը հնչում է Արցախի տարբեր հատուածներից՝ ամենավերեւներից մինչեւ ամենաներքեւները: Բարձրաստիճան պաշտօնեաները, քաղաքական, հասարակական գործիչները, մէկը միւսին հերթ չտալով՝ խօսում են երկրում ներքաղաքական պայթիւնավտանգ իրավիճակի մասին, կոչ անում զերծ մնալ այս կամ այն երեւոյթներից, հանրային հարթակներ են ստեղծւում քննարկելու՝ ուղիներ գտնելու «ստեղծուած իրավիճակից» դուրս գալու համար: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իրավիճակ է:
Ինձ համար, օրինակ, նորմա՛լ իրավիճակ է: Աննորմալ է այն, որ, օրինակ, մարդիկ իրենց բանը ու գործը թողած՝ սպասում են, թէ ինչ կ՛ասեն կամ ինչ կ՛անեն յանկարծ այս ու այն մարդիկ, արդեօք այսինչ մարդը կը գա՞յ ու մի յայտարարութիւն կ՛անի՞, թէ չի անի, բոլորը քննարկում են բոլորին, բոլորը սպասում են բոլորին. իրօ՛ք, որ աննորմալ իրավիճակ է…
Մի տեսակ բնական է. տարիներ շարունակ մարդիկ չեն խօսել, երբ ականատես են եղել անարդարութիւնների, խաբել են իրենց, շահագործել են, ոտնահարել են իրենց իրաւունքները, բայց լռել են, հիմա՝ «իրավիճակ է փոխուել» (ի դէպ՝ սա շատ մոդայիկ արտայայտութիւն է հիմա), եւ մարդիկ արտայայտում են տարիների կուտակուածը, սա էլ նորմալ է՝ ֆիզիկական անխուսափելի երեւոյթ է: Ճզմուած զսպանակը բաց է թողնուել… բայց սրա մասին չէի ուզում գրել, ուզում եմ նշել, որ աննորմալ է այն երեւոյթը, երբ բոլորը սպասում են բոլորին, կամ որեւէ հրաշագործի: Այ, սա՛ չեմ հասկանում: Յարգելինե՛ր, անցէ՛ք գործի, աշխատէ՛ք ամէն մէկդ ձեր ոլորտում այնքան, որքան կարող էք, կամ նոյնիսկ աւելին. դա է պահանջում ժողովրդի շահը:
Պետական կառոյցները, տեղական ինքնակառավարման մար-մինները, բոլոր պատասխանատուները պէտք է աշխատեն իրենց պարտաւորութիւնների շրջանակներում, շատ նորմալ է, որ այդ աշխատանքից կը լինեն եւ կան դժգոհ մարդիկ, նորմալ է, որ նրանք արտայայտում են իրենց դժգոհութիւնները՝ հրապարակային կամ ոչ հրապարակային: Այդ դժգոհութիւններից միանշանակ պէտք է հետեւութիւն անեն պատկան եւ պատասխանատու մարմինները, շտկեն սխալները, եթէ աններելի են այդ սխալները, պէտք է պատասխանատուութեան կանչուեն: Սա բնական ժողովրդավարական անընդհատ գործընթաց է: Իսկ կա՞յ որեւէ մէկը, որ հաւատում է, թէ մի օր երբեւէ էլ սխալներ կամ յանցագործութիւններ չեն լինելու, կարծում եմ, շատ միամիտ կը լինի այդպէս մտածել: Այնպէս, որ, յարգելիներ, առանց խուճապի՝ անցէ՛ք գործի՝ հիմքում ունենալով օրէնքի եւ իրաւունքի գերակայութիւնը, խիղճը եւ սէրն առ հայրենիք. դա է պահանջում ժողովրդի եւ երկրի շահը…
ՍԵՒԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ ՀՅԴ Արցախի «Ապառաժ» թերթի նախկին խմբագիրն էր. ներկայիս անդամ է ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի