Յունիսի 26ին Բաքւում կայացաւ Ադրբեջանի Զու կազմաւորման 100րդ տարելիցին նուիրաւած զօրահանդէսը: Բուն զօրահանդէսին նոր բացայայտումներ չեղան. թուրքական արտադրութեան SOM թեւաւոր հրթիռը երեւացել էր 2 օր առաջ՝ Յունիսի 24ին զօրահանդէսի փորձի ժամանակ, իսկ ամերիկեան արտադրութեան Bell-412 ուղղաթիռները՝ դրանից էլ վաղ:
Ստորեւ կը ներկայացնենք համեմատաբար նոր եւ նշանակալի ձեռքբերումներն, որոնք անցան Բաքուի Նեֆթչիլեր պողոտայով:
ՀՐԹԻՌԱՅԻՆ ԵՒ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ
LORA օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիր. Ադրբեջանի նոր ու լուրջ ձեռքբերումներից է, որի՝ Ադրբեջանի սպառազինութիւնում առկայութեան մասին յայտնի դարձաւ այս տարուայ Յունիսի 11ին՝ Իլհամ Ալիեւի՝ հրթիռային նոր զօրամաս այցի ժամանակ:
LORA-ն արտադրում է իսրայէլական Israel Aerospace Industries ընկերութիւնը: Հրթիռի տրամաչափը 610 մմ. է, առաւելագոյն հեռահարութիւնը՝ 300 կմ.: Արձակման մեքենայի վրայ կայ 4 հրթիռ: Մարտագլխիկը լինում է 400 եւ 600 կգ.ոց (յայտնի չէ, թէ որ տարբերակն է առկայ Ադրբեջանում):
«Պոլոնեզ» համազարկային կրակի ռէակտիւ համակարգ. «Պոլոնեզների» հնարաւոր գն-ման մասին հիմնականում սկս-ուեց խօսուել 2017ի Հոկտեմբերի սկզբից, սակայն, դրա՝ 301 մմ. տրամաչափով տարբերակն առաջին անգամ Ադրբեջանում նկատուեց եւս Յունիսի 11ի այցի ժամանակ:
Զօրահանդէսին եւս ցուցադրուեց «Պոլոնեզների» 301 մմ. տրամաչափի չինական A200 հրթիռներով տարբերակը: Արձակման մեքենայի վրայ տեղադրուած է 8 հրթիռ: Ըստ արտադրողի՝ հեռահարութիւնը 50-200 կմ. է, մարտագլխիկի զանգուածը՝ 130 կգ.:
Dana ինքնագնաց հրետանային համակարգ. չեխական ինքնագնաց այս 152 մմ. տրամաչափի հրանօթներով համակարգն Ադրբեջանում առաջին անգամ հանրութեանը ցուցադրուեց 2017ի Սեպտեմբերին՝ զօրավարժութեան ժամանակ:
Առաւելագոյն հեռահարութիւնը շուրջ 19 կմ. է: Արդիականացուած տարբերակի հեռահարութիւնը կարող է հասնել մինչեւ 25.5 կմ.ի: Շարժման առաւելագոյն արագութիւնը 80 կմ.ժ. է:
RM-70 համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր. այս մեքենաները եւս ցուցադրուեցին վերոնշեալ սեպտեմբերեան զօրավարժութեան ժամանակ:
RM-70 ՀԿՌՀն կրում է 40 ուղղորդիչով 122 մմ. տրամաչափի հրթիռ: Համակարգի արագ լիցքաւորման համար մեքենայի թափքին տեղադրուած է 40 հրթիռով պահուստային փաթեթ: Համակարգը չեխական «Tatra» 815 բեռնատարի բազայի վրայ է. առաւելագոյն հեռահարութիւնը ստանդարտ հրթիռներով՝ մինչեւ 21 կմ:
Ադրբեջանի սպառազինութիւնում կան նաեւ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք սակայն այս զօրահանդէսին չցուցադրուեցին: Նախորդ զօրահանդէսներին այդ համալիրները մասնակցել էին:
ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ
Heron հետախուզական ԱԹՍ ամբողջական տեսքով առաջին անգամ ցուցադրուեց հէնց այս զօրահանդէսին: Ադրբեջանում այդ սարքի մի հատուած երեւացել էր 2017ի ամրանը, իսկ Նոյեմբերին 2 միաւոր ԱԹՍ արբանեակային լուսանկաներում նկատուեց Լոքբաթանի աւիաբազայում:
Այս ԱԹՍի թռիչքի տեւողութիւնը մինչեւ 20 ժամ է, թռիչքի առաստաղը՝ 10 կմ., առաւելագոյն արագութիւնը՝ շուրջ 180 կմ.ժ.:
Hermes 450 եւ 900 հետախուզական ԱԹՍներ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան շարասեան կազմում անցան նաեւ հետախուզական այս ԱԹՍները: Թէեւ դրանք առաջին անգամ հանրային ցուցադրուել էին այս տարուայ Ապրիլի 30ին՝ նախագահ Ալիեւի՝ ՊՍԾ բազա կատարած այցի ժամանակ, սակայն նախկինում բաց աղբիւրներից հաւաքուած տեղեկութիւնների հիման վրայ կային հիմնաւոր ենթադրութիւններ դրանց առկայութեան մասին:
Այս եւ այլ մանրամասները մենք հանգամանօրէն ներկայացրել ենք «Ռազմինֆօ»ի թիմի պատրաստած «Ռազմաքաղաքական Հանդէս»ում:
Harop մահապարտ ԱԹՍ. զօրահանդէսին նոյնպէս Ադրբեջանի ՊՍԾ շարասեան կազմում անցան «ՄԱԶ» մեքենայի վրայ տեղադրուած Harop ԱԹՍի արձակման կոնտէյներները: Ադրբեջանը կիրառել է մահապարտ այս ԱԹՍները 2016ի ապրիլեան մարտերում:
Harop-ի թռիչքի տեւողութիւնը 6 ժամ է, առաւելագոյն արագութիւնը՝ շուրջ 185 կմ.ժ., իսկ մարտագլխիկի զանգուածը՝ 15 կգ.:
ՀՕՊ, ԱՒԻԱՑԻԱ, ՀՐԹԻՌՆԵՐ
Barak-8 զենիթահրթիռային համալիր. Ադրբեջանում Barak-8 ԶՀՀները երեւացել էին 2016 թուականի Դեկտեմբերին՝ զօրավարժութեան ժամանակ:
Barak-8 ԶՀՀները համատեղ արտադրում են Իսրայէլական Israel Aerospace Industries (IAI) եւ հնդկական Defence Research & Development Organisation պետական գործակալութիւնը: ԶՀՀները նախատեսուած են ինչպէս ծովային, այնպէս էլ ցամաքային տեղակայման համար: Ըստ տարբեր աղբիւրների՝ այս համակարգերը թիրախը կարող են որսալ 70 կմ. հեռաւորութիւնից՝ 25 կմ. բարձրութեան վրայ:
Bell-412 ուղղաթիռներ. այս ուղղաթիռները Ադրբեջանում նկատուեցին զօրահանդէսի փորձերի ընթացքում: Զօրահանդէսին եւս յայտարարուեց դրանց մասնակցութեան մասին: Bell 412ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործւում է ինչպէս քաղաքացիական, այնպէս էլ ռազմական կարքիների համար:
SOM թեւաւոր հրթիռ. զօրահանդէսին ցուցադրուեցին նաեւ փորձերին նկատուած թուրքական արտադրութեան SOM թեւաւոր հրթիռը: Զօրահանդէսի հաղորդավարը յայտարարեց, որ այդ հրթիռն արդէն ընդունուել է Ադրբեջանի Զու սպառազինութեան: