ԴԱՒԻԹ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Մայիսի 31ին Մոսկուայի Նոր Արբատի «Դոմ Կնիգի» գրախանութում տեղի ունեցաւ ամերիկացի գործիչ, Վիրջինիայի Marine Corps համալսարանի ռազմական պատմութեան պրոֆեսոր, նախկին բարձրաստիճան զինուորական եւ գործակալ Էդուարդ Էրիքսոնի Հայոց Ցեղասպանութիւնը ժխ-տող հերթական գրքի շնորհանդէսը: Ներկայ էին ՌԴում թուրքական, ադրբեջանական համայնքների յայտնի գործիչներ, զինուած ոստիկաններ:
Հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներով նախապէս որոշել էինք գնալ այնտեղ եւ խօսքով հանդէս գալ: Մեր համայնքի արուած աշխատանքի շնորհիւ գրախանութը հեղինակին թոյլ չտուեց, որպեսզի պաշտօնական տօնական արարողութիւն տեղի ունենայ, ինչին սովոր է վերջինս: Տեսնելով մեզ, թուրքերը լարուեցին, սկսեցին LIVE նկարել եւ մեզ մեղադրել իրենց միջոցառումը նախապէս գրոհելու, հիմա էլ «պրովոկացիա» (գրգռութիւն-Խմբ.) անելու մէջ: Շատ ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) էին տրամադրուած: Մեր տղաներից Էդմոն Առաքելեանն ու Գրիգոր Սարգսեանն անգլերէն դիմեցին հեղինակին, ներկայացնելով աշխարհին յայտնի փաստեր, որոնք գիտականօրէն մերժում են գրքում բերուած «ապացոյցները»: Չնայած անառարկելի փաստերին, հեղինակը շատ սառնասիրտ էր իրեն պահում, անտարբեր պատասխաններ տալով, ամբողջութեամբ մերկացնելով իր հակահայկական կեցուածքը: Հաշուի առնելով, որ նա տարիներ շարունակ Միացեալ Նահանգներում զբաղւում է այդ գործով, հարկաւոր էր այնպիսի խօսք ասել, որն իր համար ջախջախիչ կլինի եւ կը կոտրի իր վստահութիւնը:
Ռուսերէնից թուրքերենի անցած ներկայների մի մասն ինձ խանգարում էին մօտենալ հեղինակին, բայց հասայ եւ նստեցի իր դիմաց: Ողջունեցի՝ ասելով, որ հասկանում եմ իր «դժուար» կացութիւնը եւ չեմ ցանկանում իրեն ծանրաբեռնել հայ-թուրքական յարաբերութիւնների մասին խօսելով: Ներկայանալով ասացի, որ ինչպէս շատ երեխաներ, ես էլ գնացել եմ դպրոց եւ սովորել եմ գրականութիւն, պատմութիւն… Իմ գրեթէ բոլոր սիրուած հերոսների մահուան թիւը գրքերում նշուած էր 1915: Մի փոքր ուշ նաեւ իմացայ, որ նրանք սպանուել են, այն էլ նոյն աշխարհարգական տարածքում: Ասացի, որ երբ ես Հայաստանում լինում եմ Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանի մօտ, զգում եմ, թէ ինչպէս են նրանք հարցնում «ինչի համար» եւ «ով թոյլ տուեց»: Շարունակելով ասացի, որ շատ էի ցանկանում իրեն անձամբ հարցնէի այդ մասին, բայց դիտելով ԱՄՆի թուրքական դեսպանատանը 2014թ. կայացած իր ելոյթը, մտափոխուեցի:
4 տարի առաջ իր ելոյթի ժամանակ դոկտոր Էրիքսոնն ասաց հետեւեալ խօսքերը.

«History is a hand maiden who you may clothe as you wish» (պատմութիւնը մի մանեկեն-տիկնիկ է, որը դու կարող ես հագցնել-կարկատել ինչպէս ցանկանաս): Անգլերէն խօսքիս շարունակութեան թարգմանութիւնը ներկայացնեմ.
«Այո, դա «կարկատան» է, երբ Աբրահամ Լինքոլնը երկար տարիներ պայքարելուց յետոյ հասաւ ստրկութեան վերացմանը (emancipation proclamation) վաւերացնելով սահմանադրութեան 13րդ ուղղումը (13th amendment)։ Այո դա «կարկատան» է, երբ Մարտին Լիւթեր Քինգը դուրս գալով Բիրմինգեմի բանտից իր համակիրների հետ կազմակերպեց Վաշինգթոնի երթը (Washington civil rights march) եւ արտասանեց իր լեգենդար «I have a dream» ճառը…
Այո դա «կարկատան» է, երբ 20րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ընդգրկուած Վալթեր Ռոյթերը (Walter Reuther) պայքարում էր General Motors-ի, Chrysler-ի եւ Ford motors company-ի հետ յանուն մարդու իրաւունքների, կերտելով իրենց հայրենիքի պատմութեան փառահեղ էջերը:
Ամերիկեան ժողովրդի գաղափարախօսութիւնը «կարկատան» արուած է եւ սերունդները դաստիարակւում են այդ գաղափարախօսութեամբ եւ իդէալներով:
Դա դուք էք ասում… Ես ձեզ հարցնելու բան չունեմ… Ձեզ հարցնում են այս անգամ արդէն պարոն Լինքոլնը, Մարթինը, թէ արդեօք դուք մտածում էք այդպէս: Ես՝ ոչ:
Ձեր կառուցած շէնքի հիմքերը խարխլուած են, իսկ այս գիրքը ընդամէնը վերեւի յարկերից մէկի պատշգամբն է: Այ թէ ինչու տուեալ գրքի մասին խօսելու բան չկայ»։
Յ. Գ. Երբ հասայ Վալթեր Ռոյթերին եւ Էրիքսոնին ցոյց տուեցի պարոն Վալթերի նկարը, հեղինակի աչքերը լցուեց, նա հիացած նայում էր իմ վրայ, մի քանի վարկեանից վեր կեցաւ եւ համեստօրէն «հեռացաւ» ինքն իր սեփական գրքի շնորհանդէսից, թողնելով մի շարք ազերի եւ թուրք երկրպագուների, որոնք սպասում էին, որ մակագրէր իրենց մօտի գրքերը: Ասելիքս աւարտին հասցրի արդէն ոտքի վրայ:
Հայ եղբայրները շատ ոգեւորուած էին նրանով, որ Էրիքսոնի կենսագրութիւնով մարդը «փախաւ» իմ խօսքից: Բայց ասեմ իմ կարծիքը: Հայոց Եղեռնը ժղտող հեղինակը փախաւ ոչ թէ ինձանից, այլ ինքն իրենից: Իսկ մենք արդէն ունենք մի նախադէպ, որ կարող է ոչնչացնել յայտնի համամարդկային ոճիրները ժխտող, այն է խրախուսող անձնաւորութեան հեղինակութիւնը:
«ՏԻՐ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ