Ս.թ. Մայիսի 29ին Սանկտ Պետերբուրգի «Ամրոց» համալիրում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան անունից տեղի է ունեցել հանդիսաւոր ընդունելութիւն՝ նուիրուած Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեայ յոբելեանին:
Ընդունելութեանը մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի կառավարութեան, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆի ներկայացուցչութեան, Լենինգրադի եւ Վոլոգդայի մարզերի իշխանութիւնների, ք. Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի Օրէնսդիր մարմինների, ԱՊՀ ՄԽՎի ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցիչներ, գիտական եւ մշակութային յայտնի գործիչներ, ՌԴ հիւսիս-արեւմտեան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում ուսանող ՀՀ բանակի սպաներ եւ կուրսանտներ, հոգեւորականներ:
Ընդունելութեանը ելոյթով հանդէս եկաւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանը, ով ելոյթում անդրադարձաւ Հայաստանի առաջին Հանրապետութեան պատմութեանը, պատմական եւ վերջին քաղաքական իրողութիւններին: Իր ելոյթում գլխաւոր հիւպատոսը մասնաւորապէս ընդգծեց. «Հայաստանի Հանրապետութիւնը գնահատում է Ռուսաստանի Դաշնութեան այն հաւասարակշիռ պահուածքը, որը դրսեւորուեց Հայաստանում ժողովրդային շարժման օրերին: Ինչպէս օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաւաստիացրեց, որ ՀՀի եւ ՌԴի ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները եղել եւ մնում են մեզ համար առաջնային, եւ Հայաստանում այս մասին կայ կոնսենսուս: Այդ յարաբերութիւնները է՛լ աւելի պէտք է սերտանան՝ օգտագործելով թէ՛ Եւրասիական տնտեսական միութեան հնարաւորութիւնները եւ թէ ՀԱՊԿի շրջանակներում մեր ռազմատեխնիկական համագործակցութիւնը եւ թէ միջռեգիոնալ հորիզոնական կապերը: Հայաստանում, ո՛ր քաղաքական ուժն էլ գայ իշխանութան, նա պարտաւոր է ելնել հէնց այս իրողութիւնից: ՀՀ իշխանութիւները այսօր եւս հաստատում են իրենց պատրաստակամութիւնը խաղաղ բանակցութիւնների միջոցով լուծելու Ղարաբաղի հակամարտութեան խնդիրը՝ միջազգային ընդունուած նորմերին համապատասխան սակայն որին Նախագահ Ի. Ալիեւը ի լուր աշխարհի յայտարարում է, «թէ Երեւանը եւս Ադրբեջանի տարածք է»: Կարծում ենք երկխօսութեան համար սա անընդունելի պահուածք է:
ՀՀն ինչպէս երբեք, այսօր էլ աւելի է վճռական պաշտպանելու հայութեան անվտանգութիւնը ՀՀում եւ Արցախում, էլ աւելի է վճռական արդարութեան վրայ հիմնուած տնտեսական, իրաւական համակարգի կատարելագործմանը եւ է՛լ աւելի է զարգացնելու ու խորացնելու բարեկամ ու դաշնակից երկրների հետ կապերի ու փոխադարձ յարգանքի ու շահերի գիտակցմամաբ փոխշահաւէտ համագործակցութիւնը եւ առաջին հերթին՝ մեր դարաւոր բարեկամ ռուս ժողովրդի հետ»:
Այնուհետեւ ելոյթներով հանդէս եկան Սանկտ Պետերբուրգի կառավարութեան փոխնահանգապետ Աննա Միտեանինան, Սանկտ Պետերբուրգի Օրէնսդիր մարմնի միջազգային հարցերով վարչութեան ղեկավար Վատանեառ Եագեան, Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտէի ղեկավար Անդրէյ Մինինը, Լենինգրադի մարզի Օրէնսդիր մարմնի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պուլաեւսկին եւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեւալովը:
Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեայ յոբելեանի կապակցութեամբ ՀՀ գլխաւոր հիւպատոսին եւ ողջ հայ ժողովրդին շնորհաւորական ուղերձներ եւ մաղթանքներ էին յղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գէորգի Պոլտաւչենկօն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկօն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը եւ Կալինինգրադի նահանգապետի պաշտօնակատար Եւգենի Զինիչեւը:
Վերջում տեղի ունեցաւ համերգային ծրագիր եւ հանդիսաւոր ընդունելութիւն:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԿԱՅՔ