ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայազգի դիզայներ Մայքլ Արամի արուեստի երկրպագուները Մայիսի 10ին հնարաւորութիւն ունեցան հանդիպելու նրան Շերման Օքսի «Մէյսիզ» վաճառասրահում:
Արամը նշեց, որ աշխատանքի սիրելի պահերից է համարում իր գործերը գնահատող մարդկանց հետ հաղորդակցումը: «Յաճախորդներիս հետ շփման առիթներին միշտ սիրով եմ մասնակցում: Նրանք նաեւ ինձ համար ներշնչանքի աղբիւր են, ստեղծագործելու նոր լիցքեր են փոխանցում», խոստովանեց արուեստագէտը։
Աշխարհահռչակ դիզայները, «Մէյսիզ»ում հաւաքուածներին պատմում էր իր հաւաքածուների տարբեր նմոյշների հիմքում պատմութիւնները, սիրով պատասխանում էր հարցերի եւ ստորագրում գնուած նմոյշների վրայ:
Վաճառասրահում կարելի է գտնել Մայքլ Արամի տարբեր ժամանակների հաւաքածուներից նմոյշներ, այդ թւում՝ դիզայներական տարբեր լուծումներով մետաղեայ սպասքի տարաբնոյթ պարագաներ, լուսանկարների շրջանակներ, մոմակալներ: Առանձնայատուկ ներկայացուած է Հայոց Կենաց ծառը: «Որպէս ստեղծագործող, միշտ մտածել եմ, որ պէտք է ստեղծել իրեր, որոնք բխում են ներքին էութիւնից, ենթագիտակցականից, եւ ինձ համար սա լաւագոյն պատասխանն է, թէ ինչո՛ւ է իմ գործերում հայկականութիւնն այդքան վառ արտայայտուած», նշում է Արամը: Կենաց ծառը դարձել է նաեւ Մայքլ Արամի զարդերի հաւաքածուի գլխաւոր եւ ամենասիրուած նմոյշներից:
«Ուրախ եմ, որպէս զարդ ստեղծելու Հայոց Կենաց ծառի խաչը, որը դարձել է սիրելի նաեւ օտարազգիների համար: Այս աշխատանքս գեղեցիկ առիթ է նաեւ կիսելու մեր մշակոյթը այլ ազգերի հետ, ինչ որ ձեւով պատմելու մեր պատմութիւնը՝ առաջինը քրիտոնէութիւնը պետականօրէն ընդունելու մասին նաեւ: Իմ ստեղծած խաչը ոչ թէ խաչելութեան, այլ՝ ապրող խաչն է, որ նմանեցրել եմ Կենաց ծառին, որի ճիւղերն ուղղուած են վեր՝ դէպի դրախտ, իսկ արմատներն իջնում են հողի մէջ: Իմ մեկնաբանութեամբ, դա խօսում է կեանքի երկուութեան մասին՝ արական եւ իգական սկզբի, դրախտի եւ դժոխքի, եւ այլ: Արդիւնքում, ստացել եմ համաշխարհային խորհրդանիշ տարբեր մշակոյթների համար, եւ այն գնում ու կրում են նաեւ մարդիկ, ովքեր խաչ չեն կրում, կամ այլ կրօն են դաւանում: Շատ ուրախ եմ, որ մեր սրբազան խաչի եւ Կենաց ծառի խորհրդանիշը մեծ ընդունելութեան է արժանացել», նշեց Մայքլ Արամը: «Մէյսիզ» վաճառասրահում մի քանի ժամ տեւած հանդիպման այցելուները չէին թաքցնում հիացմունքը մեր հայրենակցի ստեղծած նմոյշներից, որոնք բացառիկ արուեստի գործեր լինելով՝ ծառայում են կենցաղում: Նրանցից շատերը նշեցին, որ հերթական նմոյշը գնելով համալրում են իրենց հաւաքածուն: