
ՌԵՄԶԻ ԲՈՒԴԱՆՋԻՐ
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Այսօր մէկ միլիոնից աւել հայերի սպանութեան, միլիոնաւոր մարդկանց տեղահանութեան, մեծ կոտորածի տարելիցն է: Հայերին ու հայկական հետքերը ոչնչացնելու նպատակով կատարուած կոտորածները երբեմն տեղանուամբ, երբեմն՝ թաքուն ապրող ողջ մնացածների յիշողութիւններով, երբեմն էլ սերնդէ սերունդ փոխանցուող յուշերով շարունակւում են կենսունակ մնալ: Եթէ անգամ հայկական ինքնութիւնը աշխարհագրական այդ տարածքից մաքրուած էլ լինի, տեղի ունեցածի պատճառած ցաւը եւ ողբերգութեան հետքերը դեռեւս մնացել են: Դիարբեքիրի, Բինգէօլի, Դերսիմի, Մուշի ու Էլեազըղի (Խարբերդ—«Ակունք»ի խմբ.) նման վայրերում, որտեղ եղել է հայկական հոծ բնակչութիւն, հնարաւոր է աւելի յաճախ հանդիպել հայկական հետքերի:
Շրջանում մինչ օրս էլ կան վայրեր, որոնք իրենց անուններով յիշեցնում են կոտորածները: Բինգէօլի կենտրոնին կից Գէօլ Թեփեսի (Չան) գիւղում գտնուող եւ ժողովրդի մէջ «Gvalե Arminu», այսինքն՝ «Հայկական լիճ» անուամբ յայտնի խառնարանային լիճը դրանցից մէկն է: Գիւղի հին անունը Չան է եղել, իսկ Գէօլ Թեփեսի անունը ստացել է յետագայում: Գիւղի վերեւի մասում գտնուող լիճն իր անունը այդտեղ տեղի ունեցած մեծ կոտորածից է ստացել: Այդ ժամանակ հազարից աւել մարդ է սպաննուել, այդ թւում՝ կանայք, երեխաներ եւ տարեցներ, որից յետոյ լճին տրուել է «Հայկական լիճ» անուանումը: Լիճը դեռեւս այդ անունով է յայտնի:
Ողբերգութիւն, որի հետքերը 103 տարի անց անգամ չեն վերացել
Ուսումնասիրող Օրհան Զուէքփայըջը յայտնի է այս շրջանում իրականացրած իր հետազօտութիւններով: «Արթը Գերչեք» պարբերականի թղթակցի հետ զրոյցում նա լճի մասին ասում է. «1915 թ. դէպքերի ժամանակ լիճը դարձել էր անզէն հայերի հաւաքատեղի՝ սպաննելու նպատակով»: Զուէքփայըջը յայտնում է, որ գիւղի հայկական անունը Չան է եղել, ապա՝ յաւելում. «Այս տարածքում տեղի ունեցած ողբերգութեան հետքերը 103 տարի է՝ չեն վերանում: Այս լճում հայեր են կոտորուել»:
ԼՃԻՑ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՌԱՉԱՆՔՆԵՐ
Չանը մի գիւղ էր, որի բնակչութեան մեծ մասը մինչեւ 1915թ. հայեր էին: Գիւղի բնակիչների պատմածների համաձայն՝ Չանը բաղկացած էր երկու թաղամասերից: Շրջակայքում գտնուող Մադրագի նման, Չանն էլ էր կենտրոնական դիրք գրաւում: Տեղահանութեան ժամանակ այս գիւղը օգտագործուել է որպէս հաւաքատեղի: Օրհան Զուէքփայըջն այդ ժամանկաշրջանում տեղի ունեցած դէպքերը հետեւեալ կերպ է ներկայացնում. «Չեւլիքում (Բինգէօլ) եւ շրջակայքում բնակուող հայ բնակչութեանը հաւաքում ու տանում էին Չանի շրջան: Դա յատուկ նպատակ էր հետապնդում, քանի որ այդ վայրագութիւնը համակարգուած էր ու նախապէս պլանաւորուած (ծրագրուած-Խմբ.): Միւս ջարդերի ժամանակ էլ նոյն մեթոդն էր կիրառւում: Չէին ցանկանում, որ որեւէ հետք կամ ապացոյց մնայ: Նրանց կամ խեղդամահ էին անում լճի ջրերում, կամ էլ սպաննում ու լիճն էին նետում: Բազմութեան միջից լացի ու հառաչանքի ձայներ էին բարձրանում: Հազարաւոր մարդիկ էին սպաննւում այդ լճում»:
ՄԱՀՈՒԱՆ ԼՃԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՅ Է ՓՐԿՈՒԵԼ
Զուէքփայըջն ասում է, որ լճում կատարուած կոտորածից միայն երկու երեխայի է յաջողուել փրկուել, ում թաքցրել էին գիւղացիները: Ապա աւելացնում է, որ այդ երկու երեխաներին որդեգրել են գիւղացիները. «Որդեգրուած այդ երեխաները մեծանում ու ընտանիք են կազմում: Յայտնի է, որ նրանք դեռ նոյն գիւղում են ապրում ու չեն մոռացել իրենց արմատները»:
ԿԱՆԱՆՑ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՒԻՆԱՀԱՐՈՒՄ ՈՒ ՍՊԱՆՆՈՒՄ ԵՆ ԼՃՈՒՄ
Լճում տեղի ունեցած կոտորածների հետ կապուած պատմութիւնները միայն սրանցով չեն սահմանափակւում: Գիւղացիներից մէկը, ով չցանկացաւ, որ իր անունը հրապարակուի, պատմում է հետեւեալը. «Շրջակայ գիւղերից հաւաքուած հայերին բերում էին լճի մօտ: Այնտեղ հաւաքուածների մեծ մասը կանայք, երեխաներ ու տարեցներ էին: Նրանց զէնքով սպանում էին: Նրանց վրայ կրակ էին բացում, ծեծի ենթարկում ու այնպէս անում, որ նետուեն ջուրը: Կանայք գիտէին, որ իրենց սպաննելու են, դրա համար իրենց թեւնոցներն ու զարդարանքները նետում էին ջուրը: Լճից բարձրանում էին հազարաւոր երեխաների, տարեցների ու կանանցից հառաչանքները: Զինուորները մարդկանց վրայ կրակ էին բացում ու լճի խորքը սուզում: Գլուխները ջրից վեր բարձրացրած երեխաներին հրացանի խզակոթով խփում էին ու թաղում ջրերում: Այդ ջարդերը կատարուել են ժամեր շարունակ: Լիճը արիւնով է ներկւում: Հազարաւոր մարդիկ թաղւում են լճում, որի յատակը ճահճուտ էր»:
ԵՐԲ ՋՐԵՐԸ ՅԵՏ ԵՆ ԳՆՈՒՄ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՍԿՈՐՆԵՐ ԵՆ Ի ՅԱՅՏ ԳԱԼԻՍ
Սակայն գիւղում ջարդերի հետքերը երբեք չեն մաքրւում: 103 տարի առաջ սպանուածների ցաւը դեռ կենդանի է: Ամէն տարի անթիւ հիւրեր են գալիս լիճը տեսնելու: Երբ ամրան կէսերին ջուրը հետ է քաշւում, կոտորածի հետքերը բացայայտօրէն ի յայտ են գալիս: Գիւղի բնակիչներից Ֆէյզի Էյուփքոջան ասում է, որ շրջանում տեղի ունեցած դէպքերի մասին իմացել է պապերի պատմածներից: Նա պատմում է, որ այդտեղ մեծ ջարդ է տեղի ունեցել եւ աւելացնում. «Ես իմ սեփական աչքերով եմ տեսել: Սակայն մինչ այժմ ոսկորների վերաբերեալ որեւէ ուսումնասիրութիւն չի արուել»:
Այն, որ լճից մարդկանց ոսկորներ են ի յատ գալիս, փաստում են նաեւ գիւղի միւս բնակիչները: Գիւղացիներից Մահմութ Քորքմազը պատմում է, որ Օգոստոս ամսին, երբ ջրերը յետ են գնացել, ինքը մարդու գանգ է տեսել: Ապա տեղեկացնում է, որ դուրս եկած ոսկորներն իրենք թաղում են:
ԹԷ ԻՆՉՊԷՍ Է ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՒՈՒՄ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ
Լճից դուս են գալիս ոչ միայն մարդկանց ոսկորներ, այլեւ՝ նրանց պատկանած իրեր: Տարիներ առաջ տեղի ունեցած կոտորածը իրեն կրկին զգացնել է տալիս այդ իրերի դուրս գալով:
Դիեար Քըյաթաղը 16 տարեկան աշակերտ է: Նա եւս, գիւղի միւս բնակիչների նման, կոտորածի մասին իր մեծերից է իմացել: Դիեարը այսպէս է ներկայացնում 103 տարի առաջ տեղի ունեցած կոտորածի հետ իր առերեսումը. «Ես դեռ երեխայ էի: Իհարկէ պատմողներ կային, սակայն դեռեւս որեւէ հետքի չէի հանդիպել: Մի օր մեծ քրոջս հետ եկանք լճի մօտ: Լճում լողում էի: Քոյրիկս լճի եզրին, ջրերի հետ քաշուած ճահճուտից մետաղեայ մի իր է գտնում: Վերցնում, լուանում ու տեսնում է, որ ոսկի է գտել: Մենք չհասկացանք, թէ դա ինչ էր: Երբ տուն եկանք ու եղելութեան մասին պատմեցինք մայրիկին, վերջինս սկսեց լաց լինել ու ասաց. «Դա լճում սպաննուած հայ կանանց պատկանած ոսկին է»: Այդ պահից սկսած ամէն ինչ սկսեց աւելի իրական լինել»:
«ԱԿՈՒՆՔ»
Վերածնունդ
Ու
Շանթեղէն հարուածներով
պիտի ճզմես բազուկիդ տակ
լոյս ցերեկով թէ խաւարին
շաւիղները մեր շուրջ քալող ստուերներուն.
Ու դուրս բերես
հայկեան շունչով շպարուած
ու արեան մէջ մեր թափանցած
արիւնարբու ժպիտներուն.
Բռունցքներով դուրս քշելու ու մաքրելու
շարքեր խառնող երկդէմանի բազէները՝
որ չպղծեն քեզ ներքնապէս
ալ աւելի որ է այսօր.
Այլ թօթափես աղաւաղուած մեր ընթացքէն
որ ընթանանք առաքինի մեր կենցաղով.
Եթէ նոյնիսկ ըլլաս անգամ
վերջինը մեր երազներուն՝
Այնտեղ ուր որ աւելի քան դար մը արդէն
տեղ էր պատրաստ մեզմէ մէկուն,
թէ այդ ըլլայ արեւմուտքի, արեւելքի
կամ հիւսիսի մէկ անկիւնը՝
Ինչպէս կայինք ժամանակին.
Այլ եւ թողուս որ այդ մնայ
թանգարանի դատարկ անկիւն.
Թէկուզ անգամ նկատուիս
որպէս փոշի հանդերձի,
Թող որ ծիլ տաս նոր աւիւնով
այս մեր փշոտ ու դառնագին ճանապարհին
քու իսկ շունչէդ փոխանցուած՝ երազանքիդ…
ՎԱՐՈՒԺԱՆ ՏԷՐ ՍԻՄՈՆԵԱՆ
Մարտ 3, 2018