Ռ. ԿՈՐԻՒՆ
Ապրիլն է դարձեալ: Որպէս մի բջիջը ամբողջից գրում եմ իմ մտածումները: Անշուշտ շատ է ասուել ու գրուել, բայց կարիք է զգացւում նորէն գրել մեր սրտերում ցաւի, ցասումի, բողոքի եւ պահանջի մասին, բայց ո՞ւմ գրել, դահիճ թուրքի՞ն, միթէ՞ չի գրուել: Ծով գրականութիւն կայ այս հարիւր ու երեք տարիների ընթացքում, էլ կոտորածի մազապուրծ փրկուածների, հազարաւոր ականատեսների, դատավարութիւնների արխիւ-թղթածրարների, դեսպանների, բարձրաստիճան հոգեւորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, պատմաբանների, գրողների եւ տարբեր ասպարէզների գիտակից մարդկանց գիրք-գրութիւնները, վերլուծութիւնները հրատարակուել եւ գիտական ժողովներում ձայն բազմաց վաւերացուել են: Շուրջ երեսուն երկիրներ պաշտօնապէս Ցեղասպանութեան դատապարտել են, հազար-հազարաւոր հաղորդագրութիւններ են հրատարակուել, շարժապատկերներ են պատրասուել եւ ցուցադրութեան դրուել, բիւր բողոքներ, ցոյցեր եւ քայլարշաւներ են տեղի ունեցել: Աշխարհը տեղեակ է հայերի նկատմամբ գործադրուած Ցեղասպանութիւնից, մէկ ու արդար խօսքով մի հսկայական գրադարան օտար լեզուներով ու հայերէնով գրականութիւն է հրատարակուել ջարդի նկարներով, վաւերագրերով եւ փաստաթղթերով: Այսքանը բաւական չէ՞ ցեղասպանին դատապարտելո՞ւ համար՝ թուր-քիային ՄԱԿ ներկայացնելու եւ դատե՞լու:
Ապրիլ է կրկին Բիւրաւոր նահատակների սրտամորմոք կանչը արձագանգող, դեռ պիտի արձագանգի, քանի դեռ չի իրականացել նրանց վիշտը, տառապանքը, տանջանքները եւ չարչարանքները ամոքող արդարութիւնը, նրանց հոգիները չեն խաղաղուի մինչեւ չկատարուի ցեղասպանի դատապարտումը:
Էս ինչ ժառանգներ ենք, էս ինչ հայեր ենք, որ նրանց արեան կանչը չմարող տասնեակ տարիների ընթացքում չենք կարողացել խաղաղեցնել, դատ ու դատաստան տեսնել, իսկ մենք յոյսներս դնելով ուրիշների վրայ սպասում ենք աշխարհի գերմեծերը սրտներում գութ առաջանայ, մարդասիրութեան զգացումներով տարուեն եւ ոճրագործին դատի յանձնեն:
Աջակցութեան յոյս կապելը կամ դաշնակից ունենալը դիւանագիտութեան անհրաժեշտութիւն է մեր պէս պետութիւնների համար, բայց չի նշանակում մենք ձեռնածալ հլու հպատակ սպասենք, թէ նրանք իրենց շահերից մղուելով ինչ են կարգադրում մեզ համար: Ահա այսպիսի վասալական քաղաքականութիւնն է մեզ այս օրին հասցրել, թօթափենք մեզանից դարերի անցեալ ունեցող ստրկամտութեան եւ օտարամոլութեան կործանիչ ախտը: Ինքնագիտակցութեան գանք, կազմակերպչական եւ հետեւողական ծրագրերով դէպի հզօրացում, Սփիւռք-Հայաստան միասնական անապակ ոգով եւ ժողովրդական կուռ հաւատքով քաղաքականութիւն վարենք:
Մի ժամանակ մեր սփիւռքեան կազմակերպութիւնների ձեռքները կարճ էին, հայկական պետութիւն-կառավարութիւն չկար, որ պահանջատիրութեան համար մեր պայքարող երիտասարդներին պաշտպան կանգնէր, դատը ներկայացնէր պաշտօնական ատեաններում, արդէն քսանեօթ տարիներ է, ունենք պետականութիւն-կառավարութիւն, ուրեմն մեր սպասելիքները շատ են մեր կառավարութիւնից, թող որ իրաւ ազգի նպատակասլաց քայլերով գօտեպնդուած մեր Սրբազան Նահատակների պահանջը իրականացնեն:
Այդ նպատակների համար իւրաքանչիւր հայ պատասխանատուութիւն ունի զօրավիգ կանգնելու հայոց պետականութեան, նա երկրի հիմքն է, արմատն ու սաղմն է. վայ որ նա սասանեց, ոչ թէ միայն երկիրը կը վտանգուի, այլ հայ ժողովուրդը կը դադարի գոյութիւն ունենալուց: Թող մեր քաղաքական գործիչները գիտակցեն եւ քաջ գիտակցում են, որ մեր թշնամի երկու հարեւանները ամէն միջոց օգտագործում են վտանգելու Հայաստանն ու հայ ժողովուրդը, ազատուելու այդ իրենց կոկորդում խրուած ոսկորից, որպէսզի անարգել իրենց ուզածին հասնեն:
Կառավարութիւններից կախում ունի պետականութեան յարատեւութիւնը՝ ճիշդ քաղաքականութեան որդեգրումով. հայկականութեան պաշտպանութիւն, ազգային ռազմավարութեան իրականացում, հայ ժողովրդի արդար իրաւունքների հետապնդում ու ձեռքբերում, երկրի ներքին կեանքում հաւասարութեան, արդարադատութեան եւ բարեկեցութեան տեսանելի վիճակի գոյացում, ներկայիս մտահոգիչ արտագագթի կասեցում եւ ծնելիութեան աճի բարձրացում: Այս ճակատագրական խնդիրների լուծման պատասխանատուն կառավարութիւնն է: Հիմա որ խորհրդարանական սահմանադրութեամբ է առաջնորդուելու պետութիւնը՝ կրկնակի ճիգ ու ջանք է սպասւում հայ ժողովրդի ցանկութիւնների եւ երազանքների իրականացման համար:
Հպարտանալով Արցախի երեսուն տարիների սխրալի դիմադրողականութեամբ ու գոյատեւութեամբ, որեւէ կասկած չկայ, որ նոյն ոգեւորութեամբ ու միասնական անկոտրում կամքով կը շարունակեն իրենց քաջարի երթը՝ առաւել եւս ամրապնդուելու եւ հզօրանալու, առանց իսկ որեւէ ազատագրուած տարածքների զիջումի: Ինչո՞ւ զիջել, երբ բազմաթիւ հերոսներ են ընկել, սրբազան նահատակների արիւն է թափուել, ինչ պատասխան պիտի տալ նահատակների սերունդներին եւ հայութեան: Ինչո՞ւ պիտի չմտածել դեռ էն տարածքների մասին, որ մնում են Ադրբէյջանի տիրապետութեան տակ:
Լաւ իմացէք որ թռչունը երկու թեւով է թռչում. Արցախը մեր մէկ թեւն է:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Harout, Sona & Shant Hamassian
Along with Raffi & Christine Hamassian
Ընկ. Կարպիս եւ ընկհ. Մայտա
Պէզճեան եւ զաւակները
Կը զօրակցինք Հայ Դատի եւ Սուրիոյ Հերոս Հայութեան
Ֆնտքեան Ընտանիք
Armenian Evangelical Union of North America
Tufenkian Preschool
Թիւֆէնքեան Ազգային Մանկամսուր
ՀՕՄի «Կարս» Մասնաճիւղ